Բաց նամակ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակազմին՝ վերից վար

+Այս անդրադարձս խորհուրդ չի տրվում կարդալ այն մարդկանց, ովքեր դեմ են առողջ քննադատությանը:
+Այստեղ չեմ խոսելու ֆինանսական-չինովնիկական-թղթավարական խնդիրների, այս ընկերությանը տրվող գումարի չափերի մասին:
+Միայն արձանագրելու եմ, որ պետբյուջեից վերցվող իմ, քո, նրա գումարները գազի տեսքով առանձնանում են այս կեղծ հանրային միացությունից: 
Հեռուստաընկերությունը, չնայած մի քանի կարճամետրաժ հաջողված հաղորդումների, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ օրըստօրե ապացուցում է, որ սիզիփոսյան աշխատանք է կատարում. ունայնություն ունայնությանց և ամեն բան ընդունայն է. 
1. Օտար հեռուստաընկերությունների ժամանցային էժան հաղորդումները պատճենելուց առաջ հիշեք, որ մենք այդ երկրներիի նման ստրատեգիկ խնդիրներ չունենք լուծելու, մերն ավելի բարդ է. մենք ունեն հակամարտության գոտի, ունենք Սփյուռք, ունենք սահման, ունենք լուրջ թշնամիներ` մեզնից մի քանի քայլ այն կողմ...
2. Կրճատեք ԽԾԲ-ով ձեր համակարգում հայտնված պետբյուջեից սնվող առնետներին. տեղից շատ եք ու հեչ պետք չէ, որ ձեր բոլոր ծանոթների համար գործ ապահովեք տարբեր պրոյեկտներում ու մի հոգու համար նախատեսվող հաղորդումը մասնատեք վեց հոգու միջև ու պարապ ժամավաճառություն անեք՝ առավոտից մինչև գիշեր...
3. Սփյուռքին մի՛ կերակրեք ոչինչ չասող հիմար հաղորդումներով. նրանք այդ ամենին ականատես լինում են իրենց գերմոդեռն, ամեն ինչ տեսած երկրներում, տվեք ազգային մի բան, բայց ոչ թե «Շողակաթ» հեռուստաընկերության հաշվին (ինչպես որ անում եք հաճախ), այլ սեփական նախաձեռնության: Սփյուռքի համար առանձնացրեք անգամ լրատվությունը. մշակեք հաղորդավարների հասկանալի խոսքը՝ մի՛ մոռացեք արևմտա ու արևելահայերենների տարբերությունների մասին: Սփյուռքը նաև ձեր շնորհիվ չի ուծանա, եթե ճիշտ աշխատեք...
4. «Առավոտ լուսո»-ով ամեն առավոտ մի խավարեցրեք իմ լուսավոր առավոտը. սեփական ռեպորտաժները ստեղծեք ձեր սեփական՝ աջ ու ձախ գնացող լրագրողների հաշվին, ոչ թե աջից-ձախից թռցրած կեղծ ինտերնետային նորությունների, հեռուստահաղորդավարներին վերջապես հասկացրեք, որ բավական չէ բանասիրական, լրագրողական կամ թատերական կրթությունը. ինքնազարգացում է պետք, որ ունենան ճիշտ, գրագետ, կենդանի խոսք, ոչ թե վախվորած երեխայի նման զմռսվեն աթոռներին ու իրար գան՝ ոչինչ չասող, դատարկ հայացքներով...
5. Հեռուստահաղորդավարներին ընտրեք գոնե այնպես, որ բերանային ապարատի խնդիր չունենան. ախր դա ակնհայտ է չէ՞, հատուկ հանձնաժողով, կարծում եմ՝ պետք չէ ու ոչ էլ կարևոր պիտի լինի սանիկ-քավոր-ծանոթ տարբերակը: Էլ չեմ խոսում արտաքին տեսքի մասին. անգամ մի քանի քոչվոր ցեղերից սերված թշնամի հարևանների հաղորդավարներն են հաճախ մերոնց գերազանցում իրենց պատրաստվածությամբ, իսկ դա ամոթ է...
Առաջին մասի համար այսքանը, թերևս, բավարար է: Շարունակությունը՝ հաջորդիվ...
Հ.Գ. 
Մոռացա տեղեկացնել՝ սրտներիդ ուզածի չափ կարող եք վերահսկել, որ այս նամակը չտեղակայվի որևէ կայքում (ինչը որ հաճախ անում եք). դա ինձ համար զրո է, կարևորը դուք կարդաք ու փոխվեք:   

Բարի օր, Աստված բոլորիս իմաստություն տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել