««Ես դեմ չեմ, որ վճարովի ավտոկայանատեղիներ լինեն։ Ես դեմ չեմ, որ թոշակը կուտակային լինի։ Ես գիտեմ, որ ընթերցողներս ինձնից դժգոհ կմնան, բայց ես դեմ չեմ, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը տրվի «Գազպրոմին», «Որոտանի կասկադը» տրվի ամերիկացիներին։ Ես դեմ եմ, որ որևէ բան արվի թաքուն, քաղաքացիներին տեղյակ չպահելով, նրանց կարծիքը չհարցնելով։
Հայաստանում չկա ժողովրդի համար ընկալելի որոշումներ ընդունելու մեխանիզմը, և հենց դա է մարդկանց արդարացի դժգոհության պատճառը, որը հիմք է տալիս քաղաքական ուժերին անցնել միանգամայն բնական պոպուլիզմի։ Որո՞նք են այդ մեխանիզմները։ Նախևառաջ՝ քաղաքացիների կողմից ընտրված և հեղինակություն վայելող խորհրդարանը, որի մեծամասնությունը հնարավորություն չունի իր ցանկացած հարմար պահի միացնել քվեարկության մեխանիզմը և անցկացնել հասարակության աջակցությունը չունեցող որոշումներ։
Սկզբունքորեն ես դեմ չեմ նաև հասարակական տրանսպորտի համար ոչ թե 100, այլ 150 դրամ վճարելուն, բայց այն տրանսպորտի համար, որը որակապես կտարբերվի այսօրվա խղճուկ և 13 հոգու փոխարեն 23 հոգի խցկող «մարշրուտկաների» վիճակից։ Թող ներդրումներ անեն՝ հետո փող պահանջեն, և ոչ թե բարձր գին ուզեն՝ նույն ծառայության համար»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։