Դեկտեմբերից ի վեր չենք հանդիպել, բայց քաղաքական զարգացումների քրոնիկոնում կարծես թե շատ բան չի փոխվել. իշխանությունն իր բնականոն աշխատանքի մեջ է, իսկ ընդդիմությունը նույն երգն է երգում՝ Հայաստանում անարդար բաները շատ են, իշխանությունը էս ինչքան վատն է և այլն։ Տարվա սկզբին որոշ կուսակցությունների համար, որ վաղուց արդեն սպառել են իրենց քաղաքական ռեսուրսը, հույս ներշնչեց քաղաքացիական նոր շարժման ձևավորումը։ Փորձեցին մտնել վերջինիս խաղի մեջ՝ ինչպես միշտ ձգտելով իրենցով անել շարժումը, դիվիդենտներ հավաքել ու վերակենդանացման նոր շունչ հաղորդել արդեն հոգեվարք հիշեցնող իրենց գործունեությանը։ Սակայն, հուրախություն բոլորիս, քաղաքացիական հասարակությունը շատ ավելի խելացի գտնվեց՝ թույլ չտալով իրենց նախաձեռնություններն արդեն մի քանի անգամ տապալած քաղաքական ուժերին մոտ գալ ու վարկաբեկել քաղաքացիական շարժումը։ Վերջին շրջանում քաղաքական փոքրամասնությունը սկսել է գործարկել, այսպես կոչված, նոր տեխնոլոգիա. ճնշում՝ քաղաքական մեծամասնության վրա։ Պետք չէ չարաշահել մեծամասնության հանդուրժողականությունն ու համբերությունը. դրանք անսպառ չեն։ Փոքրամասնությունը եթե չի միանում այդ նախաձեռնություններին, չի ներկայացնում խելամիտ այլընտրանք, ողջամիտ առաջարկներ, ապա մնում է կարեկցել նման փոքրամասնությանը։ Այդ դեպքում նրանց մնում են միայն ցանկացած բան տապալելու փորձերը, շանտաժն ու մեղադրանքը։ Եվ առհասարակ, անհասկանալի է, թե ինչպես կարող են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», Դաշնակցությունը իրար հետ համագործակցել։ Մի փոքր հետադարձ հայացք գցելով՝ կարելի է պարզել, որ սա հերթական ցածրորակ աճպարարությունն է։ Եվ որքան էլ ցանկանան պղտորել մթնոլորտը, տարբեր գույնի ակնոցներով նայել իրականությանը, ամեն ինչ շատ պարզ է. քաղաքական գործընթացներում իրենց տեղը գտնելու համար անհրաժեշտ են քաղաքական զինանոց ու գիտելիքներ։ Ժամանակին դոպինգ օգտագործած ու դոպինգ կոնտրոլը չանցած քաղաքական ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ դոպինգ կոնտրոլն այսուհետև խստացված է։ Յուրաքանչյուրը պետք է հստակ իր տեղն ու դերը իմանա և գործի ըստ այդ տեղի ու դերի։ Խորհրդարանում արհեստական լարում մտցնելու, աշխատանքների բնականոն ընթացքը խոչընդոտելու փորձերը տապալվելու են։ Եթե չունեք համապատասխան ռեսուրս, ապա, կներեք, ձեր տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ գրանտասեր տարատեսակ շարժումները։ Այստեղ շատ տեղին է հիշել հայտնի խոսքերը. եթե ուզում ես թռչել, նախ սովորիր կանգնել, քայլել, վազել, պարել։ Չի կարելի միանգամից պատրաստվել թռիչքի։ Եվ այս փուլերը չանցածներն են ամենաշատն ատում թռչել իմացողներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/608892035851116
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել