1in.am-ը գրում է.

ԱՄՆ Այովա նահանգի Դե-Մոյն քաղաքում՝ բեկոնի փառատոնի ժամանակ հարսանեկան արարողություններ են կատարվել: Միջոցառման պատմության մեջ նման բան տեղի է ունեցել առաջին անգամ: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Սննդի ցուցադրության ժամանակ պսակադրվել են Տրիշա Սնայդերն ու Թոմ Ուոթսոնը, ինչպես նաև Քրեյգն ու Էփրիլ Ռոուչը:

Ինչպես պատմել են Սնայդերն ու Ուոթսոնը, սկզբում իրենք ծրագրել էին ամուսնանալ Լաս-Վեգասում, սակայն երբ իմացել են փառատոնի մասին, որոշել են ամուսնանալ միջոցառման ժամանակ: Սիրահարները խոստովանել են, որ երկուսն էլ շատ են սիրում բեկոն, և նրանց տարվածությունն այդ մթերքով այնքան լուրջ է, որ իրենք բեկոնի մասին հիշատակել են իրենց հավատարմության երդման մեջ: 

Մյուս զույգը պատմել է, որ նույնպես շատ է սիրում բեկոն, և դրա պատվին պատվիրել է հարսանեկան տորթ՝ բեկոնի կտորների տեսք ունեցող հարսի ու փեսայի ֆիգուրներով: Հարսի ձեռքին եղել է բեկոնից պատրաստված ծաղկեփունջ:

Blue Ribbon Bacon Festival փառատոնը քաղաքում անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2008 թվականից: Տարեցտարի այցելուների թիվն ավելանում է: Առաջին միջոցառմանը մասնակցել է մոտ 200 մարդ, իսկ 2014-ին արդեն՝ 12 հազար մարդ:

Միջոցառման ժամանակ այցելուներին հյուրասիրում են բեկոնով, անցկացնում տարբեր մրցույթներ, միջոցառման գլխավոր մթերքի մասին դասախոսություններ են կարդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել