1in.am-ը գրում է.

Առաջիկա երկու ամսում ԵՄ-ն «Գազպրոմի» դեմ կներկայացնի եվրոպացի սպառողների նկատմամբ խտրականության պաշտոնական մեղադրանք: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին:

Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Հոակին Ալմունիան կձգտի մինչև իր պաշտոնավարման ավարտը ընդունել որոշում ամերիկյան Google-ի և ռուսական «Գազպրոմի» հասցեին մեղադրանքների հարցում՝ ԵՄ շուկայում անարդար գերիշխման համար՝ հայտնում է Reuters գործակալությունը:

Ալմունիայի լիազորությունների ժամկետը պաշտոնապես լրանում է նոյեմբերին, սակայն Բրյուսելի աղբյուրներն ասում են, որ ապրիլին իսպանացի սոցիալիստը կարող է ներքաշվել զուգահեռ պարտականությունների մեջ, երբ Եվրահանձնաժողովի նրա որոշ գործընկերներ հրաժարական տան՝ Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար:

Գործակալության աղբյուրների կարծիքով՝ Google-ի դեպքում Ալմունիան հակված է համաձայնության հասնել գործարար պրակտիկայի փոխման վերաբերյալ, իսկ ռուսական հոլդինգի հասցեին եվրահանձնակատարը հավանաբար մեղադրանք կառաջադրի եվրոպացի սպառողների հանդեպ գնային խտրականության վերաբեյալ:

Եվրահանձնաժողովը հետաքննություն էր սկսել 2012 թվականին: ԵՄ-ն կասկածում է, որ «Գազպրոմը» կարող է խախտել ԵՄ մրցակցային կանոնները Բուլղարիայում, Չեխիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում, Լիտվայում, Սլովակիայում և Հունգարիայում: 

Ռուսական կողմը կարծում է, որ հետաքննություն սկսելով՝ ԵՄ իշխանությունները կփորձեն գազի սակագնի զեղչերի հասնել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել