Այսօր իմացա, որ ՍԴ որոշումն ու իմ՝ կառավարիչ ընտրելու փաստն առ ոչինչ են, որովհետև աշխատավարձիցս 5 (իրականում՝ 7,5 տոկոս) պահվել է: Բայց պետք է որ կառավարիչ ընտրած լինեի, որովհետև կառավարությունից, իբրև փարատող փաստարկ, վստահեցնում էին, որ ես նույնիսկ ընտրելու իրավունք ունեմ, որ ես կարող եմ ընտրել իմ արժանապատիվ ծերությունը կամ ծերանալու պայծառ ապագան (մի քիչ լենինյան մոդելի միֆ ստացվեց, բայց դե կարևորն ընտրելու հնարավորությունն է, Լենինի ժամանակ դա էլ չկար): Մինչև հիմա ես գիտեի՝ ՍԴ-ի որոշումներն անբեկանելի են, բայց այսօր իմացա, որ Հայաստանում իշխանության բոլոր ճյուղերն անկախ են, սակայն միմյանցից անտեղյակ իմաստով, որ Հայաստանում օրենքներն ու ՍԴ-ն լավ էլ բեկվելու, թեքվելու, ճկվելու, ծռվելու, պարականոնվելու և այլ էֆֆեկտների ենթարկվելու հատկություն ունեն: Մարդիկ որոշել են ու վերջ, բայց լավ կլիներ, որ սեփական որոշումներում նույնքան սկզբունքային լինեին արտաքին հարաբերություններում կամ, գոնե, ունենային սեփական որոշում, ոչ թե արտաքին սպառված կեցությունը պայմանավորեին քաղաքացիներին քերելու գիտակցությամբ: Բայց որևէ բանի կուտակումը երբեմն լավ բանի չի բերում, որովհետև այն ինչ-որ պահի պայթում էլ է: Ուստի լավ կլիներ կուտակելու ընթացքում գոնե հիշեիք կուտակման ֆիզիկական պոտենցիալի մասին: «Բարի» կուտակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել