Hetq.am-ը գրում է.
Այս անգամ ուզում եմ ձեզ պատմել իմ ստեղծագործությունների մասին: Ներսում կուտակված էներգիաս ստեղծագործության վերածելը իմ պայքարի գործիքներից մեկն է: Պատկերներ ստեղծելու միջոցով ես բարձրաձայնում եմ, որ բանտ կոչվող զուգահեռ աշխարհում կան կենդանի հոգիներ:
Օրեր առաջ իմացա, որ իմ հեղինակած երկրորդ` «Զուգահեռ աշխարհում» գրքի 500 օրինակից մնացել է ընդամենը մի քանիսը: Գիրքը վաճառվել է ութ ամսում: Շնորհակալություն գնորդներին, գրքի տպագրությունը ֆինանսավորած սփյուռքահայ բարերար Նարեկ Հարությունյանին: Ստացված գումարով արդեն վճարվել է ուսմանս երկրորդ կուրսի վարձը: Ծրագրեր ունեմ. ուզում եմ երկու գրքերիս որոշ ստեղծագործություններ թարգմանվեն անգլերեն, ավելի լայն լսարան ունենալու ու ցմահ դատապարտման խնդիրները արտերկրում ևս բարձրաձայնելու նպատակով: Տեղյակ եմ, որ առաջին՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մա՛րդ» գրքիս հիման վրա համանուն երգ ստեղծած հեղինակ-կատարող Վարդան Գալստյանը նախաձեռնել է այդ երգի անգլերեն տարբերակի ձայնագրությունը: Շնորհակալ եմ եղբայր, շնորհակալությունս փոխանցիր նաև երգի բառերի թարգմանչին:
Ասեմ, որ «Օրանժ» ընկերության գրքի մրցույթին ներկայացված «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքիս վերնագիրը հեղինակ-կատարող Վարդան Գալստյանն է հուշել իր երգով: Վարդանի երգում ևս կա այդպիսի տող: Նույնիսկ անգիր եմ սովորել երգի բառերը.
«...Դեպի ցմահ ազատություն,
Պարգևն այսպես է որակվում,
Հաղթանակի բուն էությունն
Ինձ երկնքից են շշնջում...»
«Դեպի ցմահ ազատություն» նոր պատմվածքը ևս մեկ իրական պատմություն է մահվան տան մասին՝ իր իրական հերոսներով, ուղղակի փոխել եմ մարդկանց անունները: Նրանք այստեղ են՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում, նախորդ դարից: Շատերը երիտասարդ են՝ մահվան դատապարտված 20 տարեկանից: Ընթերցողը պատմվածքում կհանդիպի մահվան դատապարտված մարդկանց, աշխարհ, որի մասին ոչինչ չգիտի: Բայց այդ աշխարհը կա, այն առաջացել է մարդկային անտարբերությունից ու սիրո պակասից: Այստեղ ես պայքարում եմ հանուն ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ: Գնահատե՛ք ազատության ամեն մի պահը, այն, որ կարող եք բացել ձեր տան դուռն ու դուրս գալ փողոց, թեկուզ գնալ հացի: Աղոտ եմ հիշում այդ հաճույքը…
Մեկ ամսից, կարծում եմ, լույս աշխարհ կգա Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն տարբերակը՝ իմ թարգմանությամբ: Մեկ տարի առաջ էր, երբ դերասան Վարդան Պետրոսյանը եկավ բանտ ինձ այցի՝ նվիրելով իր ջանքերով տպագրված «Խարանը»՝ մակագրությամբ: Վարդան Պետրոսյանը պատմեց սովետական բանտերում 23 տարի անցկացրած գրքի հեղինակի մասին, ում կյանքի վերջին տարիներին անձամբ է ճանաչել: Կարդացի գիրքը, հասկացա, որ 70 տարի առաջվա սովետական բանտը աննշան սրբագրումներով 1990-ականների հայաստանյան բանտի կրկնօրինակն է: Դատապարտյալներին ու կալանավորներին ծեծելու, նվաստացնելու սարսափելի մեթոդները, բանտային պայմանները՝ առանց արևի լույսի, օդի, առանց հարազատներիդ տեսնելու, առանց մարդավայել սննդի. այս ամենը չէր փոխվել: Հիմա էլ նույնիսկ բանտային լեքսիկոնում պահպանվել են սովետական տարիներից մնացած բանտային ռուսերեն բառեր: Օրինակ՝ ճաշին այստեղ երբեք «ճաշ» չեն ասում, այլ՝ «աբեդ», ընթրիքին ասում են՝ «ուժին», զբոսանքին՝ “прогулка”: Ահա էլի բանտային ռուսերեն բառեր “глаз”, “волчок”, “воронок”, “кормушка”…
Իմ լավ ընկեր հայագետ Արծվի Բախչինյանը, ում հետ նամակագրական կապ ունենք, իմանալով դերասան Վարդան Պետրոսյանի նվիրած գրքի մասին, մի անգամ գրեց ինձ. «Մհե՛ր, թարգմանիր այդ գիրքը ռուսերեն, կփորձենք տպագրել»: Իսկ ինչու՝ ոչ...Առանց երկար մտածելու անցա գործի: Հետո ձեռագրերս ուղարկեցի «Ազատություն», ուր ծրագրավորող Գուրգեն Մարտիրոսյանի ու նրա աշխատակցուհու ջանքերով այն համակարգչով շարվեց, ու հիմա պատրաստ է տպագրության: Գուրգենը 1996թ.-ին քաղաքական պատճառներով հայտնվել էր «Նուբարաշենում»: Նրան չեմ տեսել 18 տարի: Հենց այդքան տարի առաջ, մինչ մահապատժի իմ դատավճռի օրը, չորս ամիս նույն խցում էինք՝ համար 52-ում: Մինչ օրս հիշում եմ Գուրգենի հայրական խորհուրդները, մարդկային վերաբերմունքը իմ նկատմամբ: Հիմա Գուրգեն Մարտիրոսյանի աջակցությամբ իրականություն կդառնա «Խարանի» ռուսերեն տարբերակի հրատարակումը, ու ես բոլորիդ նորից սիրով կհրավիրեմ գրքի շնորհանդեսի:
Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ, թերևս, այն է, որ «Խարան» վեպի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ անցել են այն դժոխքի միջով, որ կոչվում է ԱՆազատություն: Տեսե՛ք. գրքի հեղինակ Հենրիկ Շաթիրյանը 23 տարի սովետական բանտերում է եղել, դերասան Վարդան Պետրոսյանը, ով տպագրել է այս վեպը, այսօր դժբախտ պատահարի հետևանքով անազատության մեջ է, գրքի ռուսերեն տարբերակի տպագրության հովանավոր Գուրգեն Մարտիրոսյանը 1996 թ.-ին «Նուբարաշենի» բանտում է եղել, վերջապես ես՝ Մհեր Ենոքյանս, որ դեռ բանտ կոչվող զուգահեռ աշխարհում եմ:
Հ.Գ. Երբ հարազատներս կայքից քաղվածքներ են բերում, ծանոթանում եմ Ձեր գրառումներին: Ոգևորիչ է, երբ ասելիքդ պետք է մարդկանց: Այսպես ինձ պիտանի եմ զգում: Եթե իմ գիրը կյանքին այլ հայացքով նայելու դիտանկյուն է տալիս ընթերցողին, ուժ՝ հաղթահարելու ինչ-ինչ դժվարություններ, ապա միայն ուրախ եմ: Այդ ուժի, էներգիայի տարածումը, հավատացեք, փոխադարձ է:
Մհեր Ենոքյան` «Հետք» կայքի թղթակիցը բանտում



