«Հունձն առատ է, իսկ մշակները` սակավ:
Արդ, խնդրեցե՛ք հնձի Տիրոջը,
որ մշակներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10:2-3):
Մեր հավատավոր ժողովրդի աղերսական աղոթքի և Տիրոջ գթության շնորհն էր, որ Աստված մեզ պարգևեց իրական Մշակ և Հոգևոր Հովիվ: Շատ քիչ ժամանակ է, ինչ նրա մոտ ծառայելով` ինձ զգում եմ հոգևոր բարձունքներում, աղոթական և ապաշխարության հստակ և անխափան ընթացքի մեջ:
Տեր Գրիգորը մի հոգևորական է, ով ամեն րոպեն տրամադրում է Աստծուն ծառայելուն. մի օր` ծերանոց, մի օր` մանկատուն, մի օր` դպրոց, մի օր` բանտ` այդ ողջ ընթացքում քարոզելով Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Անդադար աղոթքներ` հիվանդների և հանգուցյալների համար, անհատական ուշադրություն իր հոտի ցանկացած անձի նկատմամբ, անխափան միջոցառումներ` ժողովրդին Եկեղեցու կողքին պահելու համար: Նայում եմ, ու բարի նախանձը պատում է ինձ նրա` Աստծու հանդեպ այդ մեծ սերը տեսնելով:
Աղերսենք մեր ողորմած Աստծուն և խնդրենք, որ մեզ պարգևի Տեր Հոր նման իրական և քրիստոնյա քահանաներ, որոնք մեզ կխնամեն Բարձրյալի շնորհներով ու քաղցր լուծի ներքո` ուղեկցելով դեպի Երկնքի Արքայություն, որտեղ բոլոր սուրբերի հետ գոհանալով` փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ, միշտ և հավիտեանս հավիտենից: Ամեն:
Հայկ Ծատուրյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել