Սեդրակ Կրկյաշարյան

Հայկական հանրագիտարանի
ավագ գիտական խմբագիր:

Այս վերնագրով իմ հոդվածը լույս է տեսել «Փյունիկ» թերթի 1990 թ. 7-րդ համարում, էջ 2-3: Բնագրում կատարել եմ աննշան փոփոխություններ, որոնք չեն ազդել նյութի նախնական տեսքի վրա: Նոր սերնդի համար շատ մտքեր կարող են անհասկանալի լինել, բայց դրանք արդիական էին 1980-90–ական թթ.: Այդ պատճառով հարկ եմ համարել ավելացնել մեկնաբանություններ, որոնք կօգնեն առավել լավ հասկանալու նյութը:

Իսկ մեր այս ձեռնարկումը թող ոչ ոք  հանդգնություն չհամարի, այլ (ընդունի) իբրև բարի նախանձի գործ:(Կիրակոս Գանձակեցի) 

Այս հարցն ինձ մտահոգում է վաղուց և կապ չունի 1988-ի հետ: Եթե կարճ պատասխանենք առաջադրված հարցին, ապա կարող ենք ասել, որ մենք աշխարհին և ինքներս մեզ ներկայանում ենք մեր պատմությամբ (քաղաքական, տնտեսական, մշակութային ևն) և ներկայով: Սա հանրահայտ է, բայց թող տպավորություն չստեղծվի, թե ուզում եմ շահարկել նմանօրինակ ճշմարտությունները, որովհետև, ասելով «մեր պատմությամբ և ներկայով», ես դրա մեջ դնում եմ ավելի մեծ իմաստ, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում ունեցել է թռիչքներ և վայրէջքներ, հաղթանակներ Բելի, Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբների, թուրքերի և կարմիր բանակի նկատմամբ, բայց և՝ Արշակունիների անկում, Անիի կործանում, Կիլիկիայի անկում, Հայաստանի մասնատում, անհեռանկար կողմնորոշում, Եղեռն, 1920 թվական, 1988 –ի դեկտեմբեր, պրեզիդենտ...

Քանի որ մարդկային բնավորության էություն այնպիսին է, որ նա ավելի շատ մտապահում է վատը, բացասականը և չարը՝ մոռանալով լավը, վեհը, բարին, ազնիվը, այդ պատճառով, երբ մտովի ի մի ես բերում Հայաստանի պատմությունը գիտակցության մեջ, մնում է միայն Հայաստանի ճնշված, թույլ, խեղճ լինելու զգացումը, Հայաստանը մեր առջև հառնում է իբրև մի երկիր, որին չարակամները չափել ու ձևել են լայնքով ու երկայնքով:

Բայց, ցավոք, միայն մարդկային էությամբ չի կարելի բացատրել Հայաստանի անցյալի նկատմամբ այդ պատկերացումը: Մինչև դրան անցնելը, ուզում եմ նշել, որ ինձ համար պատմությունն ունի երկակի բնույթ. այն գիտություն է, որով պետք է զբավեն լուրջ պատմաբանները և դաստիարակության միջոց է, որով պետք է զբաղվեն դաստիարակները և դասագրքեր կազմողները: Հին հույն պատմագիր Պլուտարքոսը գտնում էր, որ պատմության օրինակների, գործիչների վարքի ու բնութագրի հիման վրա պետք է դաստիարակել սերունդներին:

...Հաճախ աննշան արարք, խոսք և կատակ ավելի լավ են բացահայտում (մարդու) բնավորությունը, քան ճակատամարտերը՝ բյուր զոհերով և մեծ արշավանքներն ու քաղաքների պաշարումը:

(Պլուտարքոս, Ալեքսանդր)

Եվ նա ճիշտ է հազար անգամ: Արդ... սկսենք, որտեղից արժան է սկսել, թեպետև չէինք
հոժարի մեր ազգի թշվառությունը ողբալ: 
(Եղիշե)


Իսկ ինչպե՞ս են դաստիարակել մեզ, ավելի շուտ՝ ի՞նչ օրինակների վրա են դաստիարակել մեզ և ի՞նչ են ներարկել ու ներարկում նոր ձևավորվող հայերին, այսինքն՝ հայ մանուկներին և ինչպե՞ս ենք ներկայանում աշխարհին:
Մեր պատմությունն սկսում ենք հայերի կիսաեկվորության մասին անմշակ հեքիաթով, որին, ի դեպ, ուրախությամբ հավատ են ընծայում նաև իրենց ոչխարների առաջնորդությամբ XI դարից Հայկական լեռնաշխարհում հաստատվածների «գիտունները»: 

Որովհետև այդպիսիները հենց իրենց  
Կենդանության ժամանակ բնակվում են թանձրամած խավարում... 
(Եղիշե)

Այնուհետև, Հայկի հաղթանակը Բելի նկատմամբ համարում ենք առասպել, ազդարարում, որ Հայաստանը հենց սկզբից ևեթ ենթարկվել է Ասորեստանին ու Պարսկաստանին, Հայոց թագավորներին հզոր ներկայացնելու փորձերից հետո հանկարծ հայտարարում ենք, որ Տիգրան Մեծը ծիծաղելի պարտություն է կրել, իսկ Արտավազդ Բ երկիրը փրկելու համար գերի է հանձնվել:
Կամ ներարկում ենք, թե 1920 թ. Հայաստանի Հանրապետության թշվառ վիճակի պատճառը Եղեռնից փրկված գաղթականներն էին և դաշնակցականների կամայականությունները:

Պատմությունը շարադրելիս անհրաժեշտ է հրաժարվել գործիչներից և միայն նրանց գործողությունների վերաբերյալ պետք է հայտնել համապատասխան կարծիքներ և անել դատողություններ:(Պոլիբիոս, Ընդհանուր պատմություն) 
Պատմության դպրոցական դասագրքերում, մայիսյան ապստամբության (1920 թ,) վերաբերյալ քարտեզում, Հայաստանի Հարապետության տարածքում, չգիտես ինչու, չենք նշում Ղարաբաղն ու Նախիջևանը: Այնուհետև, հայ երեխաների և աշակերտների համար պարզվում է, որ այդ նույն ապստամբության ժամանակ հայ աշխատավորները (՞) ոգևորվել են «Ադրբեջանում» խորհրդային իշխանության հաղթանակով: Այլ կերպ ասած՝ դաշնակցականները քըխ են, իսկ «ադրբեջանցիները»՝ պուպուշ: Սրա հետ կարող է համեմատվել այն հայտնագործությունը, թե 1920 թ. նոյեմբերի 29-ին «սկսվեց հայ ժողովրդի ազատ ու երջանիկ կյանքի, սոցիալիզմի կառուցման ուղին»: Խե՜ղճ հայ մանուկներ:

...Ստեղծագործությունը չպետք է պատմություն անվանվի, եթե նրանում խախտված են 
ճշմարտության պահանջները:
 (Պոլիբիոս)

Պարզ չէ՞, որ այդ օրինակներով դաստիարակված մարդը կլինի անտարբեր իր անցյալի, ներկայի ու ապագայի հանդեպ, բայց կհավատա վերը բերված պատմական ցնդաբանություններին:

Մինչդեռ հակառակն են վարվում կարմրադրոշ և կանաչադրոշ որոշ ժողովուրդներ, որոնք հիանալի յուրացրել են չեղածը հերոսական անցյալ ներկայացնելու հնարքները, կամ անեկդոտի լեզվով ասած՝ 1960 թ. Երևանում արտադրված և ժամանակի ընթացքում ժանգոտված դույլը ներկայացնել որպես մ.թ.ա. իրենց ստեղծած մշակույթի նմուշ:

Սուտ (տեղեկություն) հաղորդելու անհնարինությունը դեռևս արդարացում չէ նրա համար, ով ստում է:
(Պոլիբիոս)
Օտարները կարողանում են օգտվել պատմության ընձեռած հնարավորություններից և իրենց սերունդներին ներարկում են հպարտություն: Համեմատության համար վերցընենք երկու մանկական հանրագիտարան. մեկը՝ հայ, մյուսը՝ ռուս մանուկի համար ստեղծված: Եթե ռուս մանուկն իր հանրագիտարանում կարդում է Պետրոս Մեծ թագավորի մասին և հպարտանում, ապա հայ մանուկը զրկված է իր հանրագիտարանումհայ գոնե փոքր թագավորի մասին կարդալու հաճույքից: (1) Ինչո՞վ հպարտանա հայ մանուկը՝ կասկածելի ծառայություններ մատուցած հեղափոխական գործիչներո՞վ: 

Եթե դաստիարակության այդ ձևին, կամ այլ կերպ՝ պատմության մատուցման այդ ձևին ավելացնենք Հայաստանի (նկատի ունեմ Մեծ Հայքը) այժմյան վիճակը (բաժանված ու տրոհված), 70 տարի Խորհրդային Հայաստանի ոչ մի քաշ չունենալը՝ կունենանք մի տխուր պատկեր և մի մտայնություն, որ միշտ այդպես է եղել, միշտ խեղճ ու կրակ, թույլ ենք եղել, չենք կարող հավատալ, որ Հայաստանը մի ժամանակ հզոր էր:

(Որոշեցի այդ մասին գրել) քանի որ հրեշավոր է տեսնել, թե այդպիսի դեպքերի նկատմամբ եղած ճշմարտությունը շեղվում է ճանապարհից... 
(Հովսեպոս Փլավիոս, Հրեական պատերազմի մասին)

Կարծես այդ ամենը բավական չէ, մյուս կողմից էլ մեր պատմությունն աղավաղում են օտարները (իբրև մերոնք բավական չեն)՝ խորհրդային ու թուրքական «պատմագիտության» ներկայացուցիչները: Թուրքական կեղծարարությանը արդեն արժանի հակահարված տրվել է (տես, օրինակ, Ե. Սարգսյանի, Ռ. Սահակյանի, Մ. Զուլալյանի և այլոց գործերը), և ես չեմ ուզում անդրադառնալ դրան: Իսկ խորհրդային պատմագիտության ընձեռաց բազմաթիվ հնարավորություններից բերեմ մի օրինակ: 1963 թ, Մոսկվայում հրատարակվել է հռոմայեցի պատմագիր Կուրտիոս Ռուփոսի (և ոչ թե Կուրցիուս Ռուֆուս)(2) «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» երկը: Այդ երկի 3-րդ գրքի 2-րդ գլխի 4 – 9 - րդ դրվագներում հիշատակվում են Աքեմենյան Պարսկաստանի բանակի կազմում ներկայացված ժողովուրդներն ու նրանց զինված ուժերի թվաքանակը:

Պատկերացնո՞ւմ եք, որ շատ ժողովուրդների թվարկման մեջ, ռուսերեն հրատարակողները, չգիտես ինչո՞ւ, «մոռացել են» նշել հայերին և նրանց զինված ուժը (ինչպես բնագրում է հիշվում) (3), որն իր քանակով երրորդն էր պարսիկներից և մարերից հետո:

Հայերի մասին հիշատակության բացակայությունը ռուսերեն հրատարակության մեջ, գիտական անբարեխղճության արդյունք կամ բացթողում չէ, ինչպես ենթադրում են հայ ազնիվ ու միամիտ պատմաբանները, այլ՝ տխրահռչակ «կենտրոնի» (4) մշակած ծրագրի, որոշակի՛ ծրագրի իրագործում, քանզի պետք չէ, որ խորհրդային ընթերցողն իմանա, թե միևնույն Միության մեջ մտնող հայ եղբայրները մ.թ.ա. 4-րդ դարում ունեին Հին Արևելքի երրորդ մեծ բանակը: Դա հարկավոր չէ իմանալ, որովհետև հակառակ պարագայում հարց կառաջանա. այդ ինչպե՞ս է, որ այդքան մեծ ուժ ունեցող ժողովուրդը հիմա պարփակված է ամենափոքր տարածքն ունեցող հանրապետության մեջ: Դե հո չես բացատրելու, որ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի և ինտերնացիոնալիզմի (այդպիսի գաղափարներ էլ կան) ՝ պետք է, որ հայ ժողովուրդը իր տարածքները զիջի գլխապատառ դեպի մարդկության լուսապայծառ ապագան սլացող իր հարևաններին:

Իսկ դու, ո՛վ ուշիմ ընթերցասեր, նայիր այստեղ.. և զարմացիր: 
(Մովսես Խորենացի, Ա, ե)

Եվ գիտե՞ք ինչն է զարմանալին (եթե ոչ՝ սարսափելին). այն, որ նշված գրքի հայերեն թարգմանության (1987) մեջ էլ չկան հայերի զինված ուժերի վերաբերյալ տվյալները: (5) Այս օրինակը բերելուց հետո, թվում է, պետք չէ զարմանալ այն բանի վրա, որ Այսրկովկասի (ռուսների Անդրկովկասի) արևելքում ծվարած պատմահենների «պատմական» վարժանքները հակահարված չեն ստանում «կենտրոնում»:

Որովհետև նրան շատ սիրելի էր խռովությունն ու արյունահեղությունը, այդ պատճառով էլ ինքն իր մեջ ալեկոծվում էր, թե ո՞ւմ վրա թափեմ դառն թույներս կամ ո՞ւր արձակեմ զմաթիվ նետերս: 
(Եղիշե)

Ընդհակառակը, «կենտրոնում» բարձրագույն մակարդակով ազդարարվում էր պատմության անհիմնության սկզբունքը, կամ հայտարարվում, որ Ղարաբաղը և՛ հայերինն է, և՛ «ադրբեջանցիներինը»: Այդպիսի հայտարարություններ անելուց առաջ, ճիշտ կլիներ քրքրել Ռուսական նախկին կայսրության հանրագիտական և տեղեկատվական գրականությունը Կովկասի բնակչության կազմի մասին, ինչպես նաև՝ ցարական դիվանները և պարզել, թե ո՞ւմն է եղել Ղարաբաղը և ովքե՞ր են ապրել այնտեղ ոչ սոցիալիստական և ոչ ինտերնացիոնալ «խավար» ժամանակներում: 

Չեմ ուզում բարձրագույն պաշտոնյաներին հղել հին աշխարհի, միջնադարի և նոր ժամանակների հեթանոս, քրիստոնյա և մահմեդական պատմագիրների ու հեղինակների գրքերը, որովհետև նշված ղեկավարները հազիվ թե ժամանակ ունենան դրանք ուսումնասիրելու. «վերակառուցումը» շտապեցնում է, այնքան է շտապեցնում, որ առաջ ընթանալու ճանապարհին կոխկրտվում են հայերը, տաջիկները, ուզբեկները, աբխազները, օսերը և այլք: 

Եվ հետո, հիշածս մատենագիրները և հեղինակները չեն օգտվել մարքսիզմ-լենինիզմի դասականների «հանճարեղ» մտքերից և չեն կարող հավաստի համարվել: Ավարտելով այս մասը, ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղը հայկական այն տարածքներից է, որտեղ, ճակատագրի հեգնանքով ձևավորվել է հայերի ռուսական կողմնորոշումը:

Այդքանից հետո ինչո՞ւ զարմանալ, որ այդ նույն պատմաշինարարները հայ ժողովրդի պատմությունը չափում ու ձևում են այնպես, կարծես զիզիբիզի լաչակ լինի: Ինչպես կարող է «կենտրոնը» ազդել պատմահենների վրա, երբ հենց այնտեղ են «ստեղծվում» Երկիր մոլորակի ցամաքի 1/6 մասի պատմությունը:

Չէ՞ որ տարիներ շարունակ մեզ սովորեցրել են (այժմ էլ, 1990 թ., սովորեցնում են մեր զավակներին), թե եթե կա հայկական հին մշակույթ, ապա պետք է լինի նաև «ադրբեջանական» հին մշակույթ, թեև այդպիսին արձանագրված է միայն լուցկու տուփերի վրա: Սովորեցնում էին, եթե կա հայ ժողովրդի հին պատմություն, ապա պետք է լինի (և ստեղծում էին) նաև «ադրբեջանական» հին պատմություն. ոչինչ, որ Ստրաբոնի մոտ աղվանների նկարագիրը չի համապատասխանում այժմյան «ադրբեջանցիների» նկարագրին:

6

...Ոչ ճշմարիտը լինում է երկու (պատճառով).
չիմացությունից կամ դիտավորությունից: 
(Պոլիբիոս)

Եթե ԽՍՀՄ-ը պահպանվի ևս մի 70 տարի, ապա հույս կա որ կստեղծվի մի տեսություն, ըստ որի Թիֆլիսը կամ Տփղիսը վրացական քաղաք չէ, այլ ռուսներն են այն հիմնել (այդպիսի բան արդեն զգացվում է) (6), որ Գեդիմինասը ոչ թե լիտվական իշխան է եղել, այլ՝ Մոսկվայի ռուս իշխան, որ Պետերբուրգը հիմնել են բոլշևիկները, իսկ հայկական խաչքարերը խորհրդային տիեզերագնացներն են բերել Լուսնթագից (այսինքն՝ Յուպիտերից):

Եթե մինչև 1988 թ. Հայոց պատմությունն աղավաղվում էր լռելյայն, սուսիկ-փուսիկ, դասգրքերում և նեղ շրջանակներին հետաքրքրող պարբերական հրատարակություններում, ապա հայ ազգային-ազատագրական պայքարի նոր փուլի սկզբնավորումով, հայ ժողովրդի մերօրյա պատմությունն աղավաղվում է խորհրդային և «ադրբեջանական» լրատվական մեծ ու փոքր, հսկա և թզուկ միջոցներով ու հնարավորություններով, անազնիվ ու ստահոդ ու ստահոտ ձևերով ու եղանակներով, երկերեսանիությամբ, հայ ժողովրդի ինքնասիրությունը վիրավորելով:

Դատարկգլուխ հիմարները
Մեկ-մեկու են գովում սիրով
Եվ սև մտքի ամբողջ ուժով՝
Իբրև իրենց մխիթարանք,
Մարդուն՝ լեցուն արժանիքով,
Քարկոծում են ամբողջ հոգով:
(Հատված իմ անտիպ պոեմից)

Իսկ մենք համարյա ոչինչ, կամ ոչինչ չենք անում դրա դեմ: Սրանով էլ ենք ներկայանում աշխարհին: (Վերջերս դրական տեղաշարժեր են նկատվում այդ ուղղությամբ: Ինձ թվում է ՀՀ խորհրդարանը պետք է ընդունի օրենք՝ հայ ժողովրդի ինքնասիրությունը վիրավորողնրին պատասխանատվության ենթարկելու մասին):
Հակահայկական տարաբնույթ արշավանքին գուցեև պետք էր սպասել, բայց զարմացնում է այն սադիզմը, որով դա արվում է: Եթե վերջին շուրջ երեք տարում հայ ժողովրդի հասցեին արված բոլոր հաչոցները նյութականանային և վերածվեին աղբի ու այդ աղբը փռեին Երկիր մոլորակի վրա, ապա երկրագնդի բնակիչները կմահանային գարշահոտությունից:

Ահա մեր կամքին հակառակ... շարադրում ենք այն բազմաթիվ հարվածները, որոնց մեջ հենց մենք էլ ընկանք՝ ականատես լինելով: 

(Եղիշե)

Այսպիսով, սերնդե- սերունդ կեղծ ու վատորակ պատմություն յուրացնելը, դրա հետևանքով խեղճ դաստիարակվելը, Հայաստանի վիճակը վերջին 70 տարում, մեր պատմության նենգափոխումը ևն, անկախ մեզանից մեզ դարձրել են մեծամասամբ անգործունյա (հայրենիքին, հայ հայրենիքին նվիրվելու իմաստով), ուրիշի ձեռքին նայող, ուրիշի վրա (երրորդ ուժ կոչեցյալը) հույս դնող, չգիտես ո՞ւմ և ինչի՞ սպասող, անցյալի նկատմամբ թերահավատ և այդ ամենի արդյունքը մեր ներկան է. սեղանային հայրենասերներ, երբեմնի կատաղի կոմունիստներ (և դրանով շատ բանի հասած), իսկ այժմ՝ կատաղի հակակոմունիստներ, աշխատանքից կքված անմեքենա ահելներ և մեքենայով պորտաբույծ ջահելներ, խոզանոցի նմանվող փողոցներ ու շենքեր, անբույս պատուհաններ և պատշգամբներ (գիտե՞ք ինչու երևանցիների մեծ մասը չի սիրում ծառ ու ծաղիկ, որովհետև նրանք գյուղից են, այսինքն՝ հողից փախած մարդիկ), շեկ էգերի հետևից քարշ եկող թուխ արուներ, փորով «ապերոներ» ու անփոր «հարիֆներ», կիսաքաղց մտավորականներ և կերած-խմած պաշտոնյաներ, յուրաքանչյուր անկյունում քաղցկեղածին «Տուրբո» և «Դոնալդ» վաճառողներ, օճառի երես չտեսած և կասկածելի մաքրությամբ կանայք, որոնք ծախում են օծանելիք, օլիմպիական հերոսների արտաքինով հյութ ու գլանակ վաճառող երիտասարդներ, վերավաճառողներ, որոնց հանդեպ ոչ ոք միտք չունի պայքարելու, բյուր ծաղկավաճառներ և նույնքան էլ 

հացթուխներ (մարգարեներն ասում են, որ հայ ժողովուրդը շուտով բաժանվելու է չորս դասի. ծաղկավաճառներ, հացթուխներ, ֆիդայիներ և մնացածը), օգնության եկած օտարերկրացիներին կողոպտողներ, Արցախից դուրս բարգավաճող արցախցիներ, անորակ շինություններ, որոնք խաղաթղթից պատրաստված տնակների նման փլվում են... ցնցումից, ավերված գյուղեր ու քաղաքներ, սպասողական վիճակ, ճառեր, կոչեր, հայի աչքեր և դարձյալ... պրեզիդենտ:

Ես չեմ ժխտում, որ մեր ստեղծագործությունը տառապում է որոշակի չորությամբ, և բովանդակության միօրինակությամբ կարող է պիտանի ու հաճելի լինել միայն ընթերցողների մի կարգի համար:
(Պոլիբիոս)
Այս է մեր ներկան և այսպես ենք նաև ներկայանում ինքներս մեզ և աշխարհին:
Սա վիճակն է այն մարդու, որը ճիշտ չգիտե իր պատմությունը և անցյալը (այսինքն՝ իր մեջ թաքնված ներուժը), որին մանուկ հասակից սովորեցրել են, թե նրա թիկունքում կանգնած են մեծ ու բազմազգ եղբայրները. թմրեցրին դրանով, որպեսզի նա չմտածի իր անցյալի վեհ պատմության մասին, թմրեցրին, որպեսզի նա հավատա իր պատմության վերաբերյալ ցնդաբանությանը, թմրեցրին, որպեսզի մի գեղեցիկ առավոտ (գեղեցիկ էր այդ առավոտը, թեև՝ ձմեռային), մի արևոտ առավոտ (արևոտ էր այդ առավոտը, թեև՝ ձմեռային) ... ցնցվեր աշխարհը... թմրեցրին, որպեսզի խեղդեն մահվան օղակում:

...Իմ պատմության մեջ ես յուրաքանչյուր իրադարձությանը հատկացրել եմ այնքան տեղ, որքան նրան պատշաճ էր: 
(Պոլիբիոս)

Մտածե՞լ եք, արդյոք, թե ինչո՞ւ է ցեղասպանություն կիրառվել հատկապես հայերի ու հրեաների նկատմամբ: (7) Գուցե մտածել եք: Չգիտեմ, ի՞նչ եզրակացության եք հանգել դուք, բայց ես կարծում եմ, որ այդ երկու ժողովուրդների ստեղծագործ ներուժը խաղաղ պայմաններում վախեցնում է պատմություն ու որոշակի տարածք չունեցող, ուրիշի հողը նվաճած, ուրիշին մինչև այսօր գաղութային լծի տակ պահող ժողովուրդներին (գուցե ցեղերի՞ն): Իսկ երբ ստեղծագործ հանճարին միանում է ազատագրական շարժումը, ապա այդպիսի ժողովրդի դեմ պայքարում են ոչ միայն ցեղասպանությամբ, այլև ստահոդ լուրերով, հերյուրանքներով, նենգափոխելով պատմությունն ու իրականությունը, սևացնելով աշխարհի աչքին, մի լավ թափ են տալիս, իսկ եթե դա էլ չի օգնում, ապա կտրում են նրա կենսական բոլոր ուղիները, որոնք «ինտերնացիոնալիզմի» բուռն զարգացման ժամանակաշրջանում անհոգաբար թողնվել են ուրիշի ձեռքին:

Ինչպե՞ս վերջ տալ նման «ներկային»:

Ուստի կսկսեմ քեզ ցույց տալ մեր 
պատմությունը, թե ո՞րտեղից և ի՞նչպես էր: 

(Մովսես Խորենացի, Ա,է)

Դրա համար հարկավոր է հայերի մեջ ներարկել մեր ճշմարիտ պատմությունը, որովհետև այն հերոսական է, վեհ է, մաքուր է ու ազնիվ: Պետք է տալ Հայաստանի իրական ու ճշմարիտ պատմությունը: Ես պատկերացնում եմ չարակամների
չարախնդությունը. այս մարդը քարոզում է հայ ժողովրդի բացառիկություն և կոչ է անում սվաղել պատմությունը: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Պատմության հերոսական ու վեհ
օրինակները ազնվացնում են մարդուն, ոգևորում նրան, վեհացնում հոգին: Այդ իմաստով, դաստիարակության համար հարկավոր են պատմության որոշակի օրինակներ: Իսկ մնացածը և ամբողջը վերաբերում է գիտությանը, որը պետք է լինի անաչառ:

Որովհետև մեծ բան է անկեղծությունը տկարությանն օգնելու համար, ինչպես աղոթքը՝ գիտության, և մաքուր սերը՝ հասարակաց օգտի համար: 
(Եղիշե)
Այսպիսով, ես չեմ կոչում սվաղել պատմությունը: Իսկ ինչ վերաբերում է բացառիկության «քարոզին», ապա այդպես կարող են դատել միայն շինծու, սրանից-նրանից գողացած ու կարկատած պատմություն ունեցողները: Ի դեպ, հայ ժռղովուրդը այսօրվա վիճակին չէր հասնի, եթե ունենար բացառիկության գեթ մի փոքր զգացում:

Բայց եթե այս բանը ուրիշների մոտ տարբեր Է պատմվում, մի զարմանար:(Մովսես Խոտենացի, Ա, իա)

Եվ այսպես, մենք մեր սերունդներին պետք է ներարկենք պատմությունը ոչ այնպես, ինչպես այժմ է ներկայացվում (ինչի օրինակներ բերեցի վերևում), այլ ճշմարիտն ու իրականը, որ ըստ լեզվաբանական վերջին հայտնագործությունների՝ հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդն է, որ Հայկը առասպելական հերոս չէ, այլ իրական դեմք, որ իր հաղթանակով (Բելի նկատմամբ) ապահովել է հայ ժողովրդի հավիտենականությունը (Հայկի այդ հաղթանակի մասին մանրամասն տե՛ս՝ «Փյունիկ», թիվ 06, էջ 6), որի անունն այսօր հպարտությամբ են կրում հազարավոր հայկազուններ,

[Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել: 
(Մովսես Խորենացի, Ա, իդ)]

որ հայ ժողովուրդը հին աշխարհի մեծ ժողովուրդներից էր. այդ են ցույց տալիս անգամ օտար պատմագիրների տեղեկությունները և հայկական ու հռոմեական բանակների թվական տվյալների համեմատությունը, որ Հայաստանը եղել է Հին աշխարհի մեծ պետություններից մեկը, իսկ հայ հզոր արքաների օրոք՝ Եվրոպա- Հարավ Արևմտյան Ասիա-Հյուսիսային Աֆրիկա աշխարհաշրջանի երեք խոշոր տերություններից մեկը, որ Տիգրանը չէր կարող ծիծաղելի պարտություն կրել, որ Արտավազդը ոչ թե կամովին է հանձնվել երկիրը փրկելու համար, որովհետև ակնհայտ հիմարություն է երկիրը փրկելու համար անտեր թողնել այն, այլ մարտի է ելել, ինչպես պատշաճ է Հայոց արքային և գերի ընկել ճակատամարտում, որ միջնադարում Մեծ Հայքն ու Կիլիկյան Հայաստանը աշխարհի զարգացած երկրներից էին, որ 1920 թ. Հայաստանի Հանրապետության թշվառ վիճակի պատճառը չորս կողմից հարձակվող արջերը, գայլերը, բորենիները, չախկալներն էին և երկիրը ներսից քայքայող հայ բոլշևիկները, որ 1920 թ. մայիսյան ապստամբությունը հարված էր հայկական նորաստեղծ պետության թիկունքին, որ մինչև 1921 թ. հուլիսը և հոկտեմբերը Ղարաբաղն ու Նախիջևանը հայկական պետության անբաժանելի մասերն էին, որ 1920 թ. նոյեմբերին 29-ին սկսվեց հայ ժողովրդի պատմության հողային ու մարդկային կորուստների նոր շրջանը, որ 70 տարի Խորհրդային Հայաստանը ենթարկվել է գաղութային դաժան շահագործման, որ նրա լեռները փոխադրվել են Ռուսաստան, որ հայերի համար ստեղծված Նախիջևանի ինքնավարությունում այսօր հայ չկա,

[Եվ մարդկանց տեղ խելոք, բարի,
Շրջում են բիրտ ու վայրենի,
Նենգ գազաններ երկոտանի:

(Հատված իմ անտիպ պոեմից)]

որ հիմա Մոսկվան ու Բաքուն հայերին ամբողջ աշխարհին ներկայացնում են իբրև ահաբեկիչներ ու նվաճողներ (զարմանալի են այս հայերը. իրենց ավերված երկիրը վերականգնելու փոխարեն, սոված-ծարավ հարձակվում են հայի մսով կշտացած խեղճ «ադրբեջանցիների» վրա)՝ այն բանի համար, որ հայերը սոցիալիստական համակարգում առաջինը հանդես եկան խորհրդային և սոցիալիստական մեծ ու փոքր կայսրությունների և կայսրութիկների դեմ, որ Նախիջևանն ու Ղարաբաղը երբեք «ադրբեջանական» չեն եղել ոչ միայն այն բանի համար, որ «Ադրբեջան» կամ «Ազեբրժան» (8) չի եղել, այլ այն բանի համար, որ դրանք բուն հայկական տարածքնր են՝ վկայված հույն, հռոմայեցի, քրիստոնյա ու հեթանոս, մահմեդական ու եբրայեցի պատմագիրների կողմից և մշակույթի հուշարձաններով, որ Ղարաբաղն ու Նախիջևանը Ռուսաստանի և Թուրքիայի օգնությամբ բռնակցվել են «Ադրբեջանին» առանց հայ ժողովրդի կարծիքը հայտնելու, և այդ տարածքները հիմա գաղութային լծի տակ են ըստ միջազգային օրենքների, որ հիմա մենք պետք է դառնանք մե՛կ միտք, մե՛կ կամք, մե՛կ մարդ, մե՛կ կուսակցություն, որ բավական է փորձեն մե՛ր համբերությունը...

Միայն այդպես իր պատմությունն իմացող և ճշմարիտ ու հերոսական օրինակներով դաստիարակված հայը կարող է լինել հպարտ իր անցյալով և վստահ՝ ապագայով:
Ահա այդպես պետք է ներկայանանք աշխարհին և ինքներս մեզ:


Բայց չափազանց շատ կլիներ, եթե մենք 
այս գլխում վերը հիշված մարդկանց բոլոր 
գործերն ու պատմությունները 
նկարագրեինք, ինչպես վայել է: 

(Մովսես Խորենացի, Ա, ի)

Մեկնաբանություններ

1. Ես նկատի ունեմ «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանը:
2.Մի հայ պատմաբան գտնում է, որ հռոմայեցիներին պետք է անվանել իրենց իսկ ուղղագրությամբ և ոչ թե հայերեն ավանդաբար ընդունված ձևով:
3. Հին երկերը հրատարակելու դեպքում պետք է պահպանվեն բնագրի բոլոր նյութերը: 
4. Այսինքն՝ Մոսկվայի:
5. Թարգմանիչները գնացել են հեշտ ճանապարհով. անկարող լինելով Կուրտիոս Ռուփոսի երկը թարգմանել լատիներեն բնագրից, հայերեն թարգմանության հեղինակները թարգմանել են ռուսերեն վերը նշված թարգմանությունից (հմմտ.՝Ա. Հակոբյանի հոդվածը «Գրքերի աշխարհ», 24,05,1987, № 5-224):
6. Այն ժամանակվա ռուսական մամուլում (ցավոք չեմ հիշում՝ ստույգ որտեղ) լույս էր տեսել մի հոդված, որում տեսակետ էր առաջ քաշված, թե Թիֆլիս կամ Թբիլիսի անունն ունի սլավոնական ծագում և առաջացել է «теплица» (ջերմոց) 
բառից: Դրա դեմ վրացիներն արտահայտեցին բուռն բողոք: 
7. Այդ երկու ժողովուրդների ցեղասպանության առանձնահատկությունն այն է, որ հրեաներին ոչնչացնում էին իրենց հայրենիքից հազարավոր մղոններ հեռու գտնվող երկրներում, իսկ հայերին՝ իրենց իսկ հայրենիքում: 
8. Մարդկության դեմ գործած հանցագործության համար Նոբելյան մրցանակ ստացած Գորբաչովի արտահայտությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել