1in.am-ը գրում է.
Այս տարի բրիտանական խոհանոցում նոր տենդենց է հայտնվել՝ խխունջի միս և ձու: Այս սննդի պահանջարկն այնքան մեծ է, որ Բուքինգհեմշիր դքսությունում հայտնվել է խխունջներ բազմացնող Aylesbury Escargot ֆերման: Դրա տերերը՝ Սոֆի և Մայք Ուորթոնները մի քանի տարի առաջ խխունջները տանն էին բազմացնում և վաճառում ռեստորաններին: Սակայն պատվերներն այնքան շատացան, որ նրանք սկսեցին 1000 ք/մ տարածության վրա գրեթե կես միլիոն խխունջ բազմացնել:
Ֆերմերներն այս պահանջարկը բացատրում են նրանով, որ խխունջները հարուստ են սպիտակուցներով և ճարպեր գրեթե չեն պարունակում: Ռեստորանների համար խխունջներն էկզոտիկ սննդատեսակներով հաճախորդներին գրավելու միջոց են:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բրիտանացի զբոսաշրջիկները պահածոյացված և թթու դրված խխունջներ են ներմուծում՝ մեծ մասամբ Ֆրանսիայից, սակայն հետզհետե այդ ապրանքատեսակի ներմուծումը պակասում է, քանի որ տեղի ռեստորանները նույնպես առաջարկում են այդ խորտիկը: