Իրականում «գաղջ մթնոլորտն» ազդում է ամեն ինչի վրա: Չկա մի ոլորտ, որտեղ չգաղջեն: Եվ դա գալիս է ոչ թե նրանից, որ առաջարկվող ուղղին կամ գաղափարը վատն է, այլ ճահիճ հիշեցնող մթնոլորտից: Իսկ ճահճում, ինչպես գիտենք, լավ կենդանիներ չեն ապրում, հոտած մթնոլորտում հոտած բարքեր են տիրում:
Վառ օրինակ. այն քաղաքական ուժերը, որոնք համապատասխան տեղերը պատռում էին, թե ԱՊՊԱ-ն լավ համակարգ չէ, դրա ժամանակը չէ, «մարդիկ սոված են, իսկ կառավարությունը նրանց գրպանն է մտնում», «վարչապետն ու նրա մտերիմները ապահովագրական ըկերություններ են բացել ու ժողովրդի հաշվին ուզում են հարստանալ», այսօր ծպտուն չեն հանում նույն ԱՊՊԱ-ի արդյունավետության մասին: Բոլորն էլ անձնական օգտագործման սոցիոլոգներ ունեն ու լավ գիտեն, որ ժողովուրդն այսօր ԱՊՊԱ-ից շատ գոհ է:
Նույնն էլ կուտակային կենսաթոշակների համակարգի մասով է: Իշխանության գալու մոլուցքով ապրողներն ու նրանց լրատվական ու քաղաքացիական սատելիտները գոռում են «դեմ ենք», բայց թե ինչի՞ն են դեմ, իրենք էլ չգիտեն, իրականում՝ չեն էլ ուզում իմանալ… Ճիշտն ասած, ես առանձնապես չէի էլ խորացել կուտակայինի նրբություններում՝ մի բան հստակ գիտակցելով, որ «սերունդների համերաշխություն» հասկացությունը իրականում մեծ բլեֆ է, մարդ ինքը պետք է մտածի իր ապագայի մասին, ինքը պետք է կուտակի, պետությունն էլ օգնի:
Մի քանի օր առաջ էլ երիտասարդների մի հոծ խմբի շարքերում հանդիպում ունեցա կառավարության ներկայացուցիչների հետ: Հարցախեղդ արեցինք մարդկանց: Կուտակային համակարգի ներդրողները շատ գրագետ, շատ կոնկրետ ու փաստարկված, սպառիչ պատասխաններ տվեցին բոլոր հարցերին: 150 հոգի մարդ էինք, բարձրագույն կրթությամբ, մի մասն էլ ասպիրանտներ էին ու պաշտպանած գիտնականներ: Հանդիպումից հետո բաց հարց չմնաց…
Հիմա մտածում եմ, այս ինչ գաղջած իրականությունում ենք ապրում, որ մի երկու միավոր ավել հավաքելու համար մի քանի քաղաքական ու ակտիվիստական տզրուկներ բոլորիս ուղեղներն այնպես են մթագնում, որ ուզում ես Հայաստանից փախչես: Բայց դիմանալ է պետք: Մի քանի տարի հետո կուտակայինի մասին այսօրվա վայրահաչողներն իրենց այնպես են պահելու, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում: Չնայած, այդ ժամանակ էլ «դեմ ենք» գոռալու մի նոր առիթ կգտնեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել