1in.am-ը գրում է.
Հունգարիայի իշխանությունները որոշել են հետևել Մալթայի օրինակին և գումար վաստակել Եվրոպայում կացության իրավունքի համար վճարով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, կացության անժամկետ իրավունք հնարավոր է ստանալ վճարելով 50 հազար եվրոյի չափով տուրք և գնելով 250 հազար եվրոյի արժեթղթեր:
Հատկանշական է, որ արժեթղթերի վաճառքից ստացված գումարը կհատկացվի հատուկ հիմնադրամին, որն, ինչպես պարզել են մասնագետները, գրանցված է ոչ թե հենց Հունագրիայում, այլ Կայմանյան կղզիներում: Այս յուրատեսակ առաջարկից օգտվել է Չինաստանի 20 քաղաքացի:
Պաշտոնական Բուդապեշտը պատասխանել է ԵՄ-ի՝ այս կապակցությամբ արված քննադատությանը: «Մենք քաղաքացիություն չենք վաճառում, ամեն ինչ տեղի է ունենում եվրոպական օրենսդրության շրջանակներում»,- հավաստիացրել են կառավարությունում:
Չնայած այս մեկնաբանությանը՝ Հունգարիայի նման որոշումը խիստ քննադատության է ենթարկվել հարևան Ավստրիայի կողմից: Ավստրիացի քաղաքական գործիչները Հունգարիայի իշխանությունների գաղափարն անվանում են «սարսափելի», որը չի համապատասխանում եվրոպական արժեքներին:
Նշենք, որ Մալթայում կացության իրավունք հնարավոր է ստանալ 650 հազար եվրոյով:



