2 օր առաջ՝ շաբաթ օրը, մի քանի հոգով Ազգային ժողովում նախաձեռնեցինք ստորագրահավաք ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, որպեսզի մինչև մարտի 25-ի ՍԴ վերջնական որոշումը մեր աշխատավարձերից պահումներ չիրականացվեն։ Դիմումը ուղղված էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։ Ստորագրահավաքը բավական լայն արձագանք գտավ աշխատակիցների շրջանում, և ստորագրողների թիվը հասավ գրեթե 50 հոգու՝ հիմնականում պատգամավորների օգնականներ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն և նույնիսկ ՀՀԿ խմբակցություններից։
Այսօր, այնուամենայնիվ, աշխատավարձերից պահումներ իրականացվել են, սակայն դիմումի գրավոր պատասխան առայժմ չենք ստացել։ Ընդ որում մեզանից ոչ ոք որևէ պայմանագիր չի կնքել, ֆոնդ չի ընտրել, իսկ պահումները գնացել են անհայտ ուղղությամբ։
Իմանալով մեր նախաձեռնության մասին՝ բազմաթիվ աշխատակիցներ այսօր ևս շարունակում են միանալ մեր նախաձեռնությանը ու դիմումներ ներկայացնել աշխատակազմի ղեկավարին, որպեսզի կատարվի վերահաշվարկ։
Ուզում եմ փաստել նաև, որ կային աշխատակիցներ, ովքեր չմիացան ստորագրահավաքին՝ վախենալով կորցնել աշխատանքը կամ մի քանի հազար դրամի համար ռիսկի չգնալ, չնայած ինչպես իրենք էին պնդում, «հոգով մեզ հետ էին»...
Կից ներկայացնում եմ դիմումի կրկնօրինակը։