
Տաղանդավոր լուսանկարիչ Ռաքել Բարանն ինքն իրեն բնութագրում է իբրև փոքրիկ քսակ, բայց մեծ երազանքներ ունեցող անձնավորություն: Նա ֆոտոխցիկը ձեռքին հաճախ երազում է նորանոր բարձունքների մասին: Օհայոյում բնակվող 20-ամյա Ռաքելն ասում է.
- Իմ անհամար հոբբիներից մեկը ինքս ինձ լուսանկարելն է, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ ես նացիսիստ չեմ:

Իր ստեղծագործությունների մեծ մասում Ռաքելն ինքն իրեն է պատկերում: Լուսանկարները մշակման են ենթարկվում Photoshop ծրագրի միջոցով: Ռաքելն այնպիսի հնարքների է դիմում, որոնք վերափոխում են լուսանկարները՝ այնտեղ միախառնելով իրականությունն ու երևակայականը: Ռաքելի ստեղծած լուսանկարների շարքում կարելի է տեսնել արտառոց տեսարաններ, օրինակ, մի լուսանկարում պատկերված է, թե ինչպես է նրա ձեռքերին կրակ բոցկլտում, մինչ նա նայում է դատարկ դաշտին, մի այլ լուսանկարում պատկերված է արյունոտ ձեռքի հետքը դատարկ տարածության մեջ, լուսանկարներից մեկում էլ նրա լեզուն մոմի պես վառվում է, հալվում ու կաթում:

Ռաքելը իր այս բոլոր ստեղծագործություններում հանդես է գալիս թե՛ որպես լուսանկարիչ, թե՛ որպես բնորդուհի: Ռաքելի ինքնադիմանկարների շարքն ասես մի հանելուկային հայելի լինի: Հայելիների աշխարհում տիրում է գորշ իրականությունը: Այս ամայի վայրերում Ռաքելը պատկերված է սև հագուստով, իսկ նրա դեմքը գրեթե չի երևում:

Լուսանկարների այս շարքում գերիշխում է էմոցիոնալ մուգ տոնը: Դրանում կարող են արտացոլվել միայն այնպիսի մարդու ենթագիտակցական խորհրդածությունները, ում աչքի առաջից չեն հեռանում մղձավանջների աղոտ պատկերները: Լուսանկարիչ Ռաքել Բարանը իր սյուրռեալիստական ու արտասովոր նկարներում ցույց է տալիս իր բացառիկ տաղանդը:

Նրա մոտեցումը շատերին մռայլ է թվում, սակայն դա նրա յուրահատուկ ոճն է, որի շնորհիվ նա կարողանում է ավելի շատ դիտողների գրավել: Ռաքելի լուսանկարներն ազդեցիկ են հատկապես այն բանի համար, որ դրանցից յուրաքանչյուրը մի պատմություն է պատմում: Դրանք սերտորեն կապված են Ռաքելի կյանքի հետ: Նա պատմում է, թե ինչպես է մենակյաց աղջիկը ապրում կեղծիքի աշխարհում:




