1in.am-ը գրում է.
Խոշորագույն ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությունն ուղևորվում է Իրան՝ այդ երկրում Արևմուտքի պատժամիջոցների չեղյալ հայտարարման դեպքում ներդրումներին առնչվող հարցեր քննարկելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times-ը:
Պարբերականը նշում է, որ ֆրանսիացի և եվրոպացի այլ գործարարներ ձգտում են տեղ զբաղեցնել իրանական հեռանկարային շուկայում ավելի վաղ, քան դա կանեն նրանց ամերիկացի մրցակիցները: Սա վերջին 10 տարիներին արևմտյան գործարար շրջանակների խոշորագույն պատվիրակությունն է Իրանում:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիսին կիրակի, մեկնաբանելով պատվիրակության այցը, ասել է. «Եթե իրավիճակը փոխվի, Ֆրանսիային Իրանում սպասվում են զգալի կոմերցիոն հնարավորություններ»:
Ֆրանսիական պատվիրակության կազմում են ներկայացուցիչներ նավթային արդյունաբերության, մեքենաշինության, հեռահաղորդակցությունների, շինանյութերի արտադրության ոլորտներից (Total, Alstom, Renault, Orange, Lafarge): Բացի այդ, պատվիրակության կազմում են միջուկային արդյունաբերության ոլորտի Areva և EDF առաջատար ընկերությունների ներկայացուցիչները: Այցը կազմակերպվել է արդյունաբերողների MEDEF ֆրանսիական դաշնության կողմից:
Այցի կազմակերպիչները հայտարարել են, որ այն կրում է ճանաչողական բնույթ. այցի ընթացքում պայմանագրերի կնքում չի ծրագրվում:



