Tert.am-ը գրում է.

Ամբողջ աշխարհում ամուսնալուծությունների թվի աճի միտում կա։ Դա պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի շատ են սկսել զբաղվել կարիերայով, ավելի ինքնուրույն են դարձել: Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նշենք, որ ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ 2013-ին ամուսնալուծությունների դեպքերն աճել են 15,6 տոկոսով. արձանագրվել է ամուսնալուծության 3 756 դեպք՝ 2012-ի 3250 դեպքի համեմատ: Նույն հրապարակման համաձայն՝ 2013 թվականին 18 363 ամուսնություն է գրանցվել, ինչը 2012 թվականին կազմել էր 19 063: 

«Ցուցանիշների մասին մեկ տարվա կտրվածքով եզրակացություն անելը ճիշտ չէ, բայց բոլորս էլ գիտենք, որ ամուսնությունների դեպքում շատերն ուղղակի չեն գրանցվում»,-ասաց հոգեբանը՝ հավելելով, որ հրապարակված տվյալները ճշգրիտ տվյալներ չեն, ուստի դժվար է հստակ ասել, որ ամուսնությունները մեզ մոտ պակասում են, իսկ ամուսնալուծությունները՝ շատանում։

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին՝ Սամվել Խուդոյանը նշեց, որ շատ հաճախ ամուսնալուծությունները ևս չեն գրանցվում:

Հոգեբանն ասաց նաև, որ ընդհանրապես՝ աշխարհում, և հատկապես՝ Արևմտյան Եվրոպայում ընտանիքի ճգնաժամ կա:
«Մարդիկ նախընտրում են ազատ լինել, կանայք նախընտրում են երեխա ունենալ, իսկ այդ երեխային դայակը պահի, իրենք էլ ավելի ազատ կյանքով ապրեն»:

Սամվել Խուդոյանի խոսքով՝ հայկական ընտանիքը համարվում է աշխարհում ամենակայուն ընտանիքներից, բայց ամուսնալուծությունների միտումը մեզ մոտ էլ կա:

Դիտարկմանը, թե սոցիալական վիճակը հիմք չի՞ հանդիսանում ամուսնալուծությունների համար, հոգեբանը պատասխանեց.« Ո´չ, ընդհակառակը, երբ սոցիալ-տնտեսական վիճակը վատ է լինում ընտանիքում, այդ ընտանիքները չեն ամուսնալուծվում, իսկ երբ ավելի ապահով են լինում, կինը մտածում է, որ ինքնուրույն էլ կարող է ապրել, տղամարդը ևս նույն կերպ է մտածում, այդ դեպքում ամուսնալուծության հավանականությունն ավելի մեծ է»,-ասաց հոգեբանն ու հիշեցրեց, որ տնտեսապես ավելի ծանր տարիներին ամուսնալուծությունների թիվը նվազում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել