Այս հոդվածում ներկայացված է 40-ամյա լեհ լուսանկարիչ Կշիշտոֆ Բրովկոյի «Հունաստան» ֆոտոշարքը: Բրովկոն սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 2005 թվականից: Այդ ժամանակ նա օգտագործում էր հասարակ ֆոտոխցիկ և հիմնականում լուսանկարում իր ընտանիքի անդամներին: Նա շուտով այնքան տարվեց լուսանկարչությամբ, որ մի կողմ դրեց ընտանեկան լուսանկարները, և սկսեց հետաքրքրվել բնապատկերներով:

«Ընտանիքս մինչ օրս չի կարողանում ներել ինձ դրա համար», - ժպիտը դեմքին ասում Բրովկոն: 

Բրովկոն դիտում էր բարձրորակ լուսանկարներ, որոնցում պատկերված էին այնպիսի վայրեր, որտեղ ինքը երբևէ ոտք չէր դրել: Այդ ժամանակ նա հասկացավ, որ լուսանկարչությունից ավելի մեծ բավականություն կստանա, եթե ինքն էլ սկսի բնապատկերներ լուսանկարել: Այսօր, երբ նա ֆոտոխցիկը ձեռքին ճանապարհորդում է աշխարհի տարբեր վայրերով, նա իրեն զգում է իբրև որսորդ, ով նպատակադրվել է որսալ իրականության ամենահետաքրքիր կողմերը: Բրովկոն տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է, իսկ լուսանկարչությունը նրա տարերքն է, որն օգնում է նրան կտրվել առօրյա հոգսերից: Նա ասում է.

«Լուսանկարչությունն օգնում է ինձ մի պահ կանգ առնել և նկատել այնպիսի բաներ, որ առօրյա կյանքում վրիպում են մեր աչքից: Ես մասնակցել եմ մի քանի մրցույթների ու շահել մրցանակներ, սակայն կարծում եմ, որ սա միայն սկիզբն է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել