1in.am-ը գրում է.

«Ըստ նախնական տվյալների՝ հանրապետության բնակչության քանակը տարեսկզբին եղել է երեք միլիոն տասնյոթ հազար չորս հարյուր մարդ, 2012 թվականի հետ համեմատած բնակչության քանակը նվազել է 9500-ով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքերով՝ տարվա կենդանի ծնունդների թվաքանակը գրանցված կազմել է 41 հազար 770 նորածին երեխա, որը 2012 թվականի նկատմամբ նվազել է 1, 7 տոկոսով. «Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով շուրջ 14 երեխա է ծնվել: Մահացության ցուցանիշները՝ 24 հազար 165 է եղել, որը նույնպես նվազել է 2012 թվականի համեմատ՝ 1, 6 տոկոսով: Նվազել է նաև հարաբերական ցուցանիշը՝ հազար բնակչի հաշվով 2013 թվականի մահերը կազմել են 9»:

Ինչ վերաբերում է ծնունդների ու մահերի մարզային կտրվածքին, բանախոսն ասաց, որ այդ համեմատությունը հարաբերական ցուցանիշներով պետք է անցկացվեն. «Կան մի շարք մարզեր, որտեղ ծնելիության թվերը միջինից բարձր են, և կան մարզեր, որտեղ միջին հանրապետականից ցածր են:

Երևանում, Արագածոտնի մարզում, Արարատի մարզում, Կոտայքի մարզում և Շիրակի մարզում ծնելիության ընդհանուր գործակիցները հանրապետական միջինից բարձր են եղել: Ամենաբարձրը Արագածոտնի մարզում՝ 14.7 տոկոս, հետո Երևան՝ 14.4 , Շիրակում՝ 14.1, Արարատում՝ 14: Իսկ օրինակ՝ Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզում՝ 13․6»:

Անդրադառնալով ամուսնություններին ու ամուսնալուծություններին՝ Կույումջյանն ասաց, որ կա բացարձակ ցուցանիշի 3, 7 տոկսով նվազում. «Արձանագրված ամուսնությունների դեպքերը կազմել են 18 հազար 363՝ 2012 թվականի 19 հազար 63-ի համեմատ: Աճել են ամուսնալուծությունների դեպքերը՝ 15,6 տոկոսով, 2013 թվականին արձանագրվել է ամուսնալուծության 3756 դեպք, 2012 թվականի 3250 դեպքի համեմատ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել