917615259Kinoashkharh.am-ը գրում է.

Արդեն վաղուց ընդունված է համարել, որ «Ոսկե գլոբուսը» «Օսկարի» գլխավոր փորձն է: «Օսկարի» 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը մեկ անգամ ևս հավաստեց այն իրողությունը, որ Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանցի կինոլրագրողների և ամերիկյան կինոակադեմիայի նախասիրությունները գրեթե համընկնում են: Քանի որ նախորդ համարում արդեն հանգամանորեն անդրադարձել ենք հաղթող ֆիլմերի մեծ մասին, այս անգամ սահմանափակվենք օսկարակիրներին համառոտակի ներկայացնելով:

3 (3)Լավագույն ֆիլմ. «Արգո»

Ինչպես հայտնի է, «Ոսկե գլոբուսը» լավագույն ֆիլմին տրվող մրցանակը շնորհում է դրամա և մյուզիքլ կամ կատակերգություն ժանրային բաժանմամբ, մինչդեռ «Օսկարը» նման դասակարգում չունի, ուստի «Թշվառները» մյուզիքլը, տանուլ տալով մրցությունը, մնաց լուսանցքում, իսկ օսկարյան  դափնիներին արժանացավ Բեն Աֆլեքի «Արգոն», ինչը և կանխատեսելի էր:

«Արգոն» թեև իրական, բայց և տիպիկ հոլիվուդյան պատմություն է` ամեն կերպ հաղթանակի հասնելու պատրաստ փորձառու հերոսով, որն իր երկրի պատիվը ոչ մի պարագայում գետնով չի տա, եթե նույնիսկ խոսքը իսլամական հեղափոխությունից հետո ամերիկացիների հանդեպ ատելությամբ լցված անկանխատեսելի Իրանի մասին է: Նման ֆիլմը, որ նկարահանված է made in Hollywood քաղաքական թրիլլերի լավագույն ավանդույթներով և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ, բնականաբար, չէր կարող չհայտնվել կինոակադեմիայի տեսահորիզոնում: Բայց «Արգոն» առաջին հերթին Բեն Աֆլեքի անհատական մեծ հաջողությունն է, որը նրան դասեց Մել Գիբսոնի, Քլինթ Իստվուդի, Ռոբերտ Ռեթֆորդի, Քևին Քոսթների և այլ  օսկարակիր գերաստղերի շարքը, որոնք հաջողությամբ անցել են կինոխցիկի մյուս կողմը` դերասանից վերածվելով ռեժիսորի: Ասում են` վատն է այն զինվորը, որ չի երազում գեներալի ուսադիրների մասին. փաստորեն Բեն Աֆլեքի երազանքը ոչ միայն իրականացավ, այլև բերեց երկրորդ «Օսկարը»: Որքան էլ զարմանալի է, առաջին «Օսկարը» նա ստացել է ոչ թե որպես դերասան, այլ որպես սցենարիստ («Խելացի Ուիլ Հանթինգը»), իսկ երկրորդին արժանացավ ոչ թե որպես ռեժիսոր, այլ` պրոդյուսեր: Եթե Աֆլեքը ներկայացված լիներ նաև  «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, բացառված չէ, որ այդ «Օսկարին» էլ տիրանար, սակայն հոլիվուդյան «մաֆիան» հոգացել էր, որ դա տեղի չունենա:

(Lincoln)Լավագույն դերասան. Դանիել Դեյ-Լյուիս

85-րդ «Օսկարն» ամենից առաջ մեր ժամանակի լավագույն դերասաններից մեկի` Դանիել Դեյ-Լյուիսի հաղթահանդեսն էր. ԱՄՆ-ի նախագահ Լինքոլնի տպավորիչ դերակատարումը նրան անհասանելի բարձունքի հասցրեց` արժանացնելով երրորդ «Օսկարին»: Առաջինը Դեյ-Լյուիսին բերել է «Իմ ձախ ոտքը» դրաման 1989-ին, որում երիտասարդ դերասանը բացառիկ վարպետությամբ կերտել էր անդամալույծ հերոսի կերպար, երկրորդ «Օսկարին» նա արժանացավ 2007-ին «Նավթ» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: «Օսկարի» պատմության մեջ կա ևս երկու դերասան, որոնք եռակի դափնեկիրներ են` Ուոլթեր Բրենանը, որը 1936-1940 թթ. երեք «Օսկարի» է արժանացել երկրորդական դերակատարումների համար, և Ջեք Նիքլսոնը, որ  երկու «Օսկար» ունի գլխավոր, իսկ մեկը` երկրորդական դերակատարման համար: Բայց Դանիել Դեյ-Լյուիսը դարձավ առաջին դերասանը, որ երիցս նվաճել է կինոակադեմիայի ոսկեզօծ արձանիկը և երեք անգամ էլ գլխավոր դերակատարումների համար: Ինչ վերաբերում է բացարձակ դերասանական ռեկորդին, ապա այդ ռեկորդը սահմանել է մինչև օրս չգերազանցված Քեթրին Հեփբըրնը, որը քառակի օսկարակիր է:

kinopoisk.ruԼավագույն դերասանուհի. Ջենիֆեր Լորենս

Այս անգամ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում տարիքային առումով երկու ռեկորդ կար. ամենակրտսեր դերասանուհին «Օսկարի» պատմության մեջ դարձավ իննամյա Քուվենժանե Ուոլիսը, իսկ ամենատարեցը` ֆրանսիական կինոյի վետերան Էմանուել Ռիվան, որն օսկարյան մրցանակաբաշխության օրը բոլորեց իր ծննդյան 86-ամյակը: Բայց  «Օսկարն» էլ սիրո նման տարիք չի ճանաչում և շրջանցեց նրանց: Նույն բախտին արժանացավ նաև ամենահավանական համարվող թեկնածուն` Ջեսիքա Չասթեյնը, թեև շատերն ակնկալում էին, որ «Ոսկե գլոբուսը» ի դեմս նրա արդեն մատնանշել է նաև ապագա օսկարակրին` որպես լավագույն դերասանուհու, մանավանդ որ նա մարմնավորել է քաղաքական ու գաղափարական առումներով շատ կարևոր դեր, մի կնոջ, որն աղջկական տարիքից «նպատակաուղղվում» է վերացնելու աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենին: «Օսկարը» նախընտրեց լավագույն դերասանուհի ճանաչել երիտասարդ Ջենիֆեր Լորենսին, որի համար հաղթանակն այնքան անակնկալ էր, որ դահլիճից մինչև բեմ ընկած ճանապարհին կորցրեց հավասարակշռությունը և սայթաքեց: Ջենիֆերին տենչալի ոսկեզօծ արձանիկը բերեց «Հույսի շողերի ժողովածու» ֆիլմը, որն ավելի ծանոթ է ռուսաստանյան վարձույթում ստացած «Իմ սիրած տղան գիժ է» վերնագրով: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե Ջենիֆեր Լորենսին ճակատագրի անակնկալ պարգևի պես բաժին ընկած «Օսկարն» ինչպես կօգնի հետագա կարիերայում:

1361766998_0221.900x1350Լավագույն ռեժիսոր. Ան Լի

Ընդհանուր առմամբ 11 «Օսկարի» առաջադրված «Պիի կյանքն» արդեն երկրորդ անգամ լավագույն ռեժիսորի համարում բերեց հոնկոնգցի Ան Լիին (առաջինը 2006-ին «Սապատավոր լեռը» գեյ-դրամայի համար էր): «Պիի կյանքն» օսկարյան հավակնորդների մեջ ամենայուրօրինակ և նկարագեղ գործերից մեկն էր, որը Կլաուդիո Միրանդային էլ լավագույն օպերատորի մրցանակը բերեց և «Օսկարի» արժանացավ նաև հատուկ էֆեկտների համար: Եվս մեկ «Օսկար» շնորհվեց ֆիլմի երաժշտության համար, որը հեղինակել է Ատոմ Էգոյանի հետ մշտապես աշխատող կանադացի կոմպոզիտոր Մայքլ Դանան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել