Kinoashkharh.am-ը գրում է.
Իրանական կինոն, որի հաղթարշավին ենք ականատես հատկապես վերջին տասնամյակում, այնուամենայնիվ մեր կինոսիրողների համար մինչ օրս մնում է անծանոթ աշխարհ: Մինչդեռ դժվար է այսօր պատկերացնել որևէ միջազգային կինոփառատոն, այդ թվում և ամենահեղինակավոր, որից իրանական կինոռեժիսորները գլխավոր մրցանակ չտանեն: Իրանական կինեմատոգրաֆը համաշխարհային վարկանիշային ցուցակներում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Իսկ մասնագետները բացահայտ իրանական կինոյի մասին խոսում են որպես XX դարավերջի «գլխավոր մշակութային ֆենոմենի»` դա պայմանավորելով այն հանգամանքով, որ իրանական կինոյում չես տեսնի սեքս, բռնություն, կրակահերթեր, հետապնդումներ ու պայթյուններ: Իրանական կինոյի լեզուն բնորոշվում է ոչ թե հատուկ էֆեկտներով, համակցված տեսարաններով ու համակարգչային տեխնոլոգիաներով, այլ անկեղծ հետաքրքրությամբ իրական մարդկանց կյանքի ու հավերժական փիլիսոփայական հարցերի նկատմամբ: Եվ նույն մասնագետների համոզմամբ` այդ ուրույն լեզուն իրանական կինոն կարողացել է ձեռք բերել երկու գործոնի շնորհիվ` պետական ֆինանսական աջակցության, որ հնարավորություն է տալիս ռեժիսորներին չմտածելու դրամարկղի մասին, և կինովարձույթում հոլիվուդյան ժապավենների ու դրանց նմանակելու ցանկության լիակատար բացակայությամբ:
Իրանական կինոյի անցած ուղու, ինչպես նաև կինոյի ոլորտում հայ-իրանական առնչությունների մասին «Կինոաշխարհը» զրուցել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդի հետ:
Իրանական կինոյի անցյալն ու ներկան
Իրանական կինոն երկու շրջան ունի` նախահեղափոխական և հետհեղափոխական: Նախահեղափոխական իրանական կինոն շատ նման էր հնդկական կինոյին, այդ ժամանակվա հնդկական կինոյի ազդեցության տակ էր և ամուր հիմքեր չուներ: Շահի օրոք ստեղծված ֆիլմերը կրում էին այլ երկրների ազդեցությունը, և իրանական կինեմատոգրաֆը կարծես ինքնուրույն չէր զարգանում:
Իրանական հեղափոխությունից հետո իրանական կինոն սկսեց զարգանալ այլ արժեքների հիման վրա, Իմամ Խոմեյնիի վարած քաղաքականությունը մեծ տեղ էր տալիս իրանական կինոյի զարգացմանն ու վերելքին: Պետությունը նոր կինոյի զարգացման հստակ ռազմավարություն մշակեց: Իմամ Խոմեյնին հատուկ շեշտել է, որ այս ոլորտն արմատական բարեփոխումներ է պահանջում: Եվ Իրանի կինոարտադրությունն այս պահին իր տեղն ունի համաշխարհային կինոյի ներկապնակում, առանձին խոսք ու ասելիք ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ