Այսօր առավոտից ցանկություն ունեմ թղթին հանձնել մտքերս, կարծում եմ՝ քչերն են ճանաչում մեր հոգևորականներին և ցավն այնն է, որ չեն էլ փորձում ճանաչել: Ամեն մարդու մեջ պետք է փորձենք տեսնել այն լույսը, որը Աստծո կողմից բոլորին է շնորհված: Անկախ հոգևորականի հոգևոր աստիճանից, բոլորի մոտ նկատել եմ առաջի շփման սառնությունը: Նախկինում դա ինձ շատ էր շփոթեցնում, հիմա երբ շատերին եմ ճանաչում մեր հոգևորականներից, հասկանում եմ, որպես մեր հոգիները բժշկողներ, իրենք ակամայից սեփական հոգին փակի տակ են դնում: Իրենց հոգիներում է պարփակվում բոլորիս տվայտանքները, բոլորիս մարմնավոր և հոգևոր ցավերը, հավատացեք՝ մեր ցավերն իրենց հանձնելով, մենք խաղաղվում ենք, խաղաղվում ենք՝ մեր ցավի բեռն իրենց ուսերին դնելով: Չենք էլ պատկերացնում, թե մեր թեթևության համար հոգևորականն ինչ գին է վճարում հավիտենականության մեջ: Եվ ինչքան բարձր է հոգևորականի աստիճանն, այնքան մեծ է իր ուսերի բեռը:
Նավասարդ Սրբազանին հանդիպել եմ առաջնորդարանում Տեր Տաճատի ամենշաբաթյա քարոզներին հաճախելիս: Ակնածանքով Սրբազանից օրհնություն էինք խնդրում այդ պատահական հանդիպումների ժամանակ, օրհնում էր մեզ և ամեն մեկս մեր գործին էինք գնում: Թվում էր, թե թեմի առօրյա հոգսերով լի օրվա վերջում Սրբազան Հոր համար աննկատ բան էր մեզ Աստծո օրհնությունը տալը, սովորական ողջույն մեխանիկորեն ասված, բայց միայն թվում էր… Թվում էր, քանզի մենք, դիմացինին չճանաչելով, սիրում ենք դատողություն անել… Շաբաթներ անց Սրբազան Հոր հետ ուխտագնացության մասնակցեցի. անմիջական էր շփումն Նավասարդ Սրբազանի հետ և շատ դյուրին, այդ օրը իր մեկ հարցից ես հասկացա, որ ինչքան էլ մեզ թվա, որ աննկատ են մեր խնդիրներն ու խնդրանքները իրեն համար, իրականությունն այլ է…
Ուստի մենք պարզապես պարտավոր ենք աղոթել մեր բոլոր հոգևորականների համար, որպեսզի նրանց միջոցով Աստծու գործը հաջողի: