ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Վրաստանում: Նախարարը հանդիպել է իր պաշտոնակից Թամար Սանիկիձեին և անդրադարձել Վրաստանում ապրող հայերի կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի շարք խնդիրների: Դրանք են` Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերը, հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանությունը, Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացումը և շատ ուրիշ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Շատ չմանրանալով բոլոր արծարծված հարցերի պատասխանների մեջ` նշեմ, որ Վրաստանի ԿԳ նախարարը ընդհանուր առմամբ դրական է վերաբերվել բոլոր առաջարկներին և համաձայնել է համատեղ լուծումներ որոնել մեր իշխանությունների հետ, իսկ կոնկրետ անդրադառնալով հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերին` ասել է հետևյալը. «Հայկական դպրոցներն ազատ են իրենց հավելյալ դասաժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է»: Կարծում եմ՝ սա կարող է շատ լավ ազդակ լինել վրացական նոր կառավարության կողմից՝ կապված ջավախահայության խնդիրները արդարացի և համակողմանի լուծելու պատրաստակամության տեսանկյունից:
Ինչպես հիշում եք Սաակաշվիլիի կառավարման տարիներին, այդ երկրի իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների, մասնավորապես ջավախահայության համար խնդիրներ ստեղծելու ուղղությամբ: Ջանասիրաբար կրճատում էին հայոց լեզվի և պատմության դասաժամերը, աշխատանքից ազատում հայ տնօրեններին, և կամաց-կամաց փակում հայկական դպրոցները, իսկ եթե դուրս գանք հենց կրթական ոլորտում ստեղծվող արհեստական խոչընդոտների շարքից, ապա շատ ավելի վատ ծրագրեր էլ էին նախաձեռնում և իրականացնում, որոնցից մեկն, օրինակ, մսխեթցի թուրքերի արհեստական և համակարգային բնակեցման նախաձեռնությունն էր (ի դեպ որոշակի քանակությամբ բնակեցում, ցավոք, տեղի ունեցավ), որը, փառք Աստծո, չիրականացավ այնպես, ինչպես նախապես ծրագրավորվել էր:
Տեսեք, այնպես չէ, որ ներկայիս կառավարությունը արմատականորեն փոխել է երկրում տարիներ շարունակ իրականացվող ներքին քաղաքականությունը, բայց տեղաշարժերի հույսեր կան: Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը դեռ նախընտրական փուլում, այնուամենայնիվ, որոշ համարձակ խոստումներ տվել էր մեր հայրենակիցներին, իսկ արդեն ընտրվելուց հետո, կարծես, սայլը տեղից շարժվում է: Մյուս կողմից կարելի է կարծել, որ սա թոզ է մերոնց աչքերին, որպեսզի վրաց իշխանությունները կարողանան շարունակել իրենց կեղծ բարեկամության քաղաքականությունը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ Եվրոպային ցույց տան, թե ինչ հանդուրժող և ժողովրդավար պետություն է Վրաստանը, բայց ես, այնուամենայնիվ, այդպես չեմ կարծում: Ավելի ճիշտ, չեմ ուզում այդպես կարծել:
Գիտեք ինչ, ի վերջո, Վրաստանը բազմազգ պետություն է՝ ուզեն դա վրացիները, թե ոչ: Դրա համար վրացական իշխանություններն այլ ելք չունեն, քան խելամիտ և շրջահայաց լինելն է, քանի որ հակառակ դեպքում, ուշ, թե շուտ, կկանգնեն երկրի պառակտման վտանգի առջև: Սա բնավ սպառնալիք չէ մեր վրացի հարևաններին, այլ պարզ տրամաբանական դեպքերի զարգացման հեռանկար:
Օրինակ, Սաակաշվիլիի քաղաքականությունը՝ կապված մսխեթցի թուրքերի, այսպես ասած, «պատմական հայրենիքում վերաբնակեցման» վերաբերյալ, մեղմ ասած, անհեռատեսություն էր: Նա երևի փորձում էր առաջնորդվել կեսարյան «բաժանիր, որ տիրես» փիլիսոփայությամբ, սակայն երևի լավ չէր հասկացել, թե ինչպես պետք է այն կիրառել, որովհետև անել դա սեփական երկրի տարածքում՝ երկիրը վերածելով ազգամիջյան բախումների համար թատերաբեմի, իսկական տխմարություն է:
Իմ խորին համոզմամբ ջավախահայությունն, ի վերջո, կա՛մ կամուրջ կդառնա երկու երկրների հետագա համագործակցության խորացման համար, կա՛մ էլ Վրաստանի ներսում ազգամիջյան հակամարտությունների առաջացման կենտրոն: Այլ կերպ ասած, պատուհաս Վրաստանի գլխին: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ազնիվ են իրենց գործունեության մեջ և վերջապես ընտրել են խնդիրներ լուծելու կառուցողական ճանապարհ, քան Սաակաշվիլիի այն ազգայնական մոտեցումն էր, որը բացի Վրաստանը դանդաղ կործանելուց, ոչնչով չէր առանձնանում: