Kinoashkharh.am-ը գրում է.
Ես հիշեցի, որ անցյալ տարի այս նույն ժամանակ էր, երբ <Կինոաշխարհ» թերթից «Կինոգետի հարթակ» բաժինը վարելու առաջարկ ստացա: Եվ ես առաջարկեցի այդ բաժինը սկսել լուսավոր կետից, ուզում էի, որ լավ բաներից խոսենք: Եվ առաջին նյութս նվիրեցի անցյալի հայտնի անուններին` ճանաչված, բայց գուցե ինչ-որ չափով մոռացված անուններին: Ակամա հիշեցի անձնական վերաբերմունքս Լևոն Ներսիսյանին, Ռուբեն Զարյանին, էլի մի քանի անուններ տվեցի, և Ֆեյսբուքում ոմանք շնորհակալություն հայտնեցին, որ այդ անունները հիշեցի: Իմիջիայլոց, դա ինձ հուզող թեմաներից է, և եթե հետագայում հաջողվի, ես անպայման դեռ անդրադառնալու եմ դրան. ուրիշների մասին, որոնք հետք են թողել քո անձնական կյանքում: Ու դա իսկապես լուսավոր կետ է դառնում:
Հիմա երևի արժե խոսել այն մասին, թե ինչ հարցեր են ինձ հուզում` կապված հայ կինոյի հետ: Միանգամից ասեմ, որ արդեն մի քանի տարի իմ տեսական հարցադրումներով հստակ կողմնորոշվել եմ, որ չկա կինոյի ապագայի հետ կապված մի խնդիր, որ տեղային բնույթ ունենա: Դրանք գլոբալ խնդիրներ են: Այն, ինչ կատարվում է կինոյում, գուցե բացահայտում է այն խնդիրները, որոնք չեն հաղթահարվում մեզանում, բայց այդ նույն խնդիրներն այսօր համաշխարհային կինոյում կան:
Երբ ասում են կինոյի արդյունաբերություն, մի հավատացեք, դա ինքնին թյուրիմացություն է, այսօր կինոն խոշոր բիզնեսի իր բոլոր հնարավորությունները սպառել է: Ինչո՞ւ: Խոսել կինոյի մասին և չխոսել կինոթատրոնների բացակայության մասին, հնարավոր չէ: Դա սարսափելի իրողություն է: Բայց դրա տակ թաքնված է մի պարզ ճշմարտություն: Կինոն այլևս կենցաղային անհրաժեշտություն չէ մարդու կյանքում. կինոթատրոնը, կինոդահլիճը: Դա փաստ է: Մարդիկ ժամանակին շաբաթը երկու անգամ կինոթատրոն էին գնում, հիմա ո՞վ է գնում, լավագույն դեպքում` փառատոների ժամանակ: Եթե հիմա մի տասը նոր կինոթատրոն բացենք, դրանք իրենց գոյությունը կպահպանեն ավտոմատ խաղերի շնորհիվ, ոչ թե ֆիլմերի: Կինոթատրոններին եկամուտ կինոն չի բերում, ուրիշ բան է բերում: Իսկ եթե կինոն չի եկամուտ բերում, մեծ հարցականի տակ է դրվում կինոբիզնես հասկացությունը, որովհետև կինոբիզնեսի շնորհիվ է կինոն կայացել ժամանակին: Սա էլ է փաստ: Մեծ քաղաքներում գուցե ինչ-որ չափով այդ սովորույթն արտաքնապես պահպանվում է, բայց միևնույն է, ժամանակակից մարդը մտնում է այն կինոթատրոնը, որի կողքին կան սրճարաններ, բարեր, խաղեր, ժամանցի այլ տեսակներ:
Ասում եք փոքր գավառական քաղաքներում կինոթատրոնն ավելի± պահանջված պիտի լիներ, որտեղ մարդիկ մշակութային օջախների առատությունից շփացած չեն: Իսկ ինտերնետն ինչի՞ համար է, բա համակարգիչներն ի±նչ են: Եթե կարող ես համակարգիչով ձրի ֆիլմ նայել: Ո՞վ է վճարում դրա համար: Հեղինակային իրավունքը վերանում է. ընդհանրապես, ոչ միայն կինոյում, ամեն տեղ: Գուցե սարսափելի բան եմ ասում, բայց բիզնեսի դարը սպառվում է: Գուցե դեռ դա չենք զգում: Սեփականության գլխին հարված է գալու ինտերնետի միջոցով:
Ինչպե՞ս կարող ես այսօր պահպանել հեղինակային իրավունքդ: Ինտերնետն անհնարին է դարձնում որևէ գաղտնիք պահելը: Գաղտնիքի դարը ավարտվում է: Լավ իմաստով գաղտնիքն էլ է վերանում: Սիրո գաղտնիքը: Սիրո խորհրդավորությունը, ռուսերեն լավ բառ կա` таинственность: Դա էլ է վերանում: Մարդու տեսակն է փոխվում առհասարակ: Մարդկությունն այդ վտանգի առաջ է կանգնած:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ