Ես վստահ եմ, որ Գրիմ եղբայրները, Անդերսենն ու մյուսները կնախանձեին Բիլայնի աշխատակիցների հեքիաթասացության հմտություններին: Իհարկե, ես իրենց չեմ մեղադրում, քանի որ ձուկը գլխից է հոտած: Ստացվում է, որ ամիսներ շարունակ վերոնշյալ կազմակերպության աշխատակիցները փափուկ բարձ էին դնում գլխիս տակ՝ տարաբնույթ հեքիաթներ հորինելով առ այն, թե ինչու ինձ մոտ չի ապահովվում այն կապը, որի համար ես պարտաճանաչ վճարումներ եմ անում: Էլ գծերն էին վատ, էլ մեր տունն էր ԱՏՍ-ից հեռու, էլ մեր հարկն էր բարձր, էսօր էլ պարզվեց, որ անտիվիրուսս է մեղավոր... Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ ասեին, որ մենք ապրում ենք Հայաստանում, ու էստեղ սպառողի իրավունք կոչվածը զուտ վերացական գաղափար է: Իսկ երբ այսօր զանգահարեցի ու վերջնագիր ներկայացրեցի, որ ցանկանում եմ հրաժարվել իրենց ծառայություններից, քանի որ սպասարկող կողմը պատշաճ չի իրականացնում իր պարտականությունները, ինձ տեղեկացրեցին, որ ես պիտի ինչ-որ մոդեմի գումար վճարեմ ամբողջությամբ՝ որպես տույժ: Չէ, դուք հասկանո՞ւմ եք՝ փաստորեն մենք հասել ենք նրան, որ տույժի է ենթարկվում սպառողը, ում իրավունքները դե ֆակտո ոտնահարվում են: Էդ գրեթե նույնն է, որ, ասենք, խանութից փաթեթավորված հավ գնես, գաս տուն և պարզես, որ այն հոտած է, նորից հետ գնաս, ներողություն խնդրես վաճառողից, հավելավճար տաս ու գաս տուն: Իրականում էդ մոդեմի եղածն ընդամենը 8.000 դրամ է, ու ես անգամ պատրաստ եմ կրկնակի վճարել, միայն թե պրծնեմ էս գլխացավանքից, բաց էստեղ արդեն ոչ թե ֆինանսն է խնդիրը, այլ երևույթը: Ես գրեթե վստահ եմ, որ շատ-շատերն են բախվում այս խնդրին, և դեռ կբախվեն: Հետևաբար, ես հստակ որոշել եմ՝ չզիջել Բիլայնին ոչ մի լումա, ու կգնամ մինչև վերջ՝ իմ իրավունքները պաշտպանելու համար:
ՀԳ. Ինձ էսքան նյարդայնացնելը չե՛ք մարսելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/656479351074844?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել