1in.am-ը գրում է.

Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թվականին` ներկայանալով Արփի և Սևանա լճերով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ջենտերեջյանը` հավելելով, որ կոնվենցիայի անդամ է 160 երկիր:

«Ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում խոնավ տարածքները ներկայումս կազմում են երկրի 7 տոկոսը: Ինչ վերաբերում է ջրաճահճային հանդակների միջազգային կարգավիճակ ունեցող տարածքների կեսաբազմազանությանը, ապա դրանցում հաշվվում է 47 ձկնատեսակ, որից 7-ը գրանցված են հայաստանյան Կարմիր գրքում: Կենսաբազմազանության մաս են նաև 8 տեսակի երկկենցաղները, ինչպես նաև 4 տեսակի ջրային սողուններն ու հսկայական թվով թռչնազգիները»,- ասաց նա:

Կարեն Ջենտերեջյանի խոսքով՝ եթե մինչև Ռամսարի կոնվենցիային միանալը Հայաստանի խոնավ տարածքներին մեծ ուշադրություն չէր դարձվում, ապա այժմ վիճակն այդ առումով ավելի բարվոք է: «Միաժամանակ, առկա է ճահիճներից վարակի փոխանցման ռիսկը`հատկապես ջուր խմող կենդանիների միջոցով»,- ասաց Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգողը:

Ամփոփելով` Կարեն Ջենտերեջյանը նկատեց, որ մեր երկրում բնական կամ արհեստական ջրավազանները շատ անգամ չեն ծառայում ձկնաբուծության խնդիրին. փոխարենը գործարարները նախընտրում են բետոնե ավազանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել