Ահա քսան տարի է, ինչ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ մեզ համար, որպես գերագույն արժեքներ են հռչակված նյութը, փողը, ունեցվածքը, բարգավաճությունն ու բարեկեցությունը և սրանցով պայմանավորված գաղափարները, որոնք բոլոր մարդկային ճշմարիտ տրադիցիաները փոշիացնող, հազարամյակների ընթացքում ձեռք բերված առաքինությունները արհամարհող, ազգը քայքայող, ատոմացնող գաղափարներ են:
Մյուս կողմից, Ազգի գոյության, նրա հոգևոր առաջընթացի համար անհրաժեշտ, այսօր մեջտեղ հանված այս չարչիական, սպառողական հասարակություն կերտող գաղափարներին հակադրվող որևէ ճշմարիտ ազգային, սակրալ, լուսավոր, մարդկանց գերող, իր հետևից տանող, նրանց համախմբող գերգաղափար մեջտեղներում չկա և չի էլ սպասվում որ կլինի, որովհետև դրա գոյության գիտակցումը մեզանում բացակայում է:
Այս ամենի հետևանքը չէ արդյո՞ք մեր այսօրվա վիճակը, երբ ամեն ճշմարիտ բան մղվել է երկրորդ պլան և առաջնային է դարձել միայն արագ հարստանալու, ամեն գնով շատ և ամեն բան ունենալու, ձեռք բերելու մոլուցքը…Սա չէ արդյո՞ք պատճառը, որ մարդկանց մոտ այսօր գերակայում է զուտ սպառողական հոգեբանությունը, և արդյունքում բոլորս վեր ենք ածվել անդեմ ու ցանկասեր սպառողների… Մեր այս հոգեբանությամբ չէ արդյո՞ք պայմանավորված, որ Ազգ, Հայրենիք, Ծննդավայր, Հայրենի օջախ հասկացողությունները շատերի մոտ սկսում են համարվել մեր առաջընթացը արգելակող, մեզ առ «միջնադարյան խավարն» ուղղորդող հասկացություններ… Այս ամենի ապացույցը չէ արդյո՞ք, որ մեզանում ամենուր գերակայում են որևէ խորքային լիցքից զերծ իմաստազուրկ երևութաբանություններն ու ձևականությունները, սուտ բաժակաճառերը, փարիսեցիական մաղթանքներն ու դատարկ փառաբանությունները, համատարած գռեհկություներն ու աղմուկ-աղաղակը, ինքնագոհ ու աննպատակ խոսակցությունները և ճոռոմաբանությունները…
Տեղի է ունեցել մարդու, ողջ հասարակության համընդհանուր դեգրադացում, և այս ամենի համար բոլորս ենք պատասխանատու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/466755030116605?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել