Դաշտանը, որպես ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում, գերգրգռվածություն, ծանրության զգացում` որովայնի ստորին հատվածում:
Այս ախտանիշների դեպքում հաճախ բուժման կարիք չի զգացվում: Սակայն երբեմն դաշտանն ընթանում է որովայնի ստորին հատվածի և փոքր կոնքի շրջանում կծկողական բնույթի սաստիկ ցավերով, գլխացավով, փսխումով, քնի խանգարումով, աշխատունակության անկումով, հիշողության թուլությամբ և այլն: Այս բոլորը բնորոշ են ցավոտ դաշտանի համախտանիշին:
Ցավոտ դաշտանը լինում է առաջնային և երկրորդային:
ԱՌԱՋՆԱՅԻՆը կամ ֆունկցիոնալը, որպես կանոն, նկատվում է չծննդաբերած կանանց և հատկապես աղջիկների մոտ: Ցավերը կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ կամ դաշտանի հետ միաժամանակ և անցնել 1-3 օրից: Սովորաբար կնոջ տարիքի հետ այս ցավերը նվազում են և երեխա ունենալուց հետո գրեթե անհետանում: Ցավերի պատճառ կարող են լինել ներքին սեռական օրգանների թերզարգացումը և վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ, ինչպես նաև հորմոնային խանգարումները, անատոմիական կառուցվածքը, արգանդի չափից ավելի առաջ կամ հետ թեքվածությունը:
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ կամ օրգանական ցավոտ դաշտանը կանանց մեծ մասի մոտ սկզբում ընթանում է առանց ցավերի, սակայն ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած կպումների, արգանդի դիրքի շեղումների (թեքում առաջ և հետ), ձվարանների հորմոնային անբավարարության, փոքր կոնքի օրգանների ախտահարումների, ինչպես նաև սեռավարակների հետևանքով հետագայում ընթանում է տհաճ երևույթներով ու խիստ ցավերով: Այս դեպքում ցավերը սկսվում են դաշտանից շատ ավելի շուտ և տևում ավելի երկար, քան սովորական դաշտանային ցավերը: Ցավոտ դաշտանի առաջացման գործում կարևոր դեր են խաղում նաև պրոստագլանդինների քանակի ավելացումը, արգանդի ուռուցքները (միոմա), էնդոմետրիոզը (արգանդի լորձաթաղանթի հաստացում), ձվարանի կիստան, ինչպես նաև տեղադրված ներարգանդային պարույրը և այլն:
ՀԻՇԵՔ` ջեռակ կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ցավի պատճառը դաշտանն է: Ջեռակը խիստ հակացուցված է և շատ վտանգավոր որովայնային այլ ցավերի դեպքում` կույր աղիքի որդանման ելունի բորբոքում, լեղապարկի սուր բորբոքում և այլն, որոնք մեծ մասամբ ուղեկցվում են բարձր ջերմությամբ:
Դաշտանային պարբերաշրջանի ցանկացած խանգարման, այդ թվում` ցավոտ դաշտանի դեպքում անպայման պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի:
(Հեղ.՝ Գ.Ա., Առողջապահություն 1.2012 (294), medpractic.com)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել