Armsport.am-ը գրում է.
Հայտնի է, որ Գյումրիի «Շիրակ» վերադարձավ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն, որ առաջարկներ ուներ արտասահմանյան մի շարք ակումբներից: Ֆուտբոլիստի գործակալը՝ Դավիթ Աբրահամյանը (նա ներկայացնում է Football friends գործակալությունը), armsport.am-ին պատմեց, թե ինչու է խաղացողը որոշել կարիերան շարունակել «Շիրակում»:
«Առաջին հավաքը Սերժն անցկացրեց «Ակտոբեում», թողեց լավ տպավորություն: Բայց «Ակտոբեն» կարողացավ պայմանագիր կնքել հարձակման գծի բոլոր երեք լեգեոներների հետ (Պիզելի, Բրեսան, Նեկո): Բացի այդ, ղազախական ակումբը երկարաձգեց նաև պայմանագիրն իր առաջատար խաղացող, լեգեոներ Գենրիխի հետ: Այդպիսով, հայտացուցակում լեգեոներների տեղ չէր մնացել:
Դանիական «Նորդշելանդում» Սերժն անցկացրեց մի քանի օր, գոլ խփեց Շվեդիան ներկայացնող թիմի հետ ստուգողական խաղում: Այս ակումբներն արդեն ծանոթ են Դեբլեի կարողություններին եւ ամռանը կարող են առաջարկ անել: Նույնը վերաբերվում է «Ցյուրիխին», որտեղ նա փորձաշրջան անցավ նախորդ տարվա նոյեմբերին:
Կային առաջարկներ նաեւ մյուս ղազախական թիմերից, ինչպես նաև՝ Լեհաստանից եւ Ուկրաինայից: Բայց այս իրավիճակում, Սերժը նպատակահարմար գտավ, որ ավելի կարեւոր է մրցաշրջանն ավարտել «Շիրակում»: Նա մտադիր է շարունակել արդյունավետ խաղ ցուցադրել առաջնությունում, նաև մոտիվացված է՝ դառնալ Հայաստանի չեմպիոն եւ խաղալ Չեմպիոնների լիգայում: Սերժը հասկանում է, որ հենց եվրագավաթներում ունեցած հաջող ելույթներն են թույլ տալիս հայկական թիմերում ելույթ ունեցող ֆուտբոլիստներին՝ առաջարկներ ստանալու Եվրոպայից: Այնպես որ, դա պակաս կարեւոր հանգամանք չէր նրա վերադառնալու համար»,- նշեց Դավիթ Աբրահամյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել