Esem.am-ը գրում է.

Թիթեռի կյանք ունեցող մի հիթի երգիչ-երգչուհիներին չէի անդրադառնա, եթե շոու բիզնեսն անդունդի եզրին չլիներ: Միօրինակ, ցածրորակ կրկնօրինակումներով, տխրահռչակ երգերով ներկայացող «աստղերը»  տեղի են տալիս: Այսօր հասարակությունը մերժում է նրանց: Անգամ համերգային ծրագրերը, որոնք ժամանակին կազմակերպվում էին ամեն պատեհ-անպատեհ առիթով, այսօր տարին մեկ էլ չեն կազմակերպվում. հավաքական համերգներն այլևս պատմություն են, իսկ մենահամերգները... Դրանց մեծ մասը դատապարտված է անհաջողության: Սա ինձ համար շատ ուրախալի կլիներ, եթե հանրության ուշադրության «սլաքները» չուղղվեին դեպի ավելի ցածրորակ մի արտադրանք՝ սերիալներ (համենայն դեպս մեր երկրում հազիվ թե գտնվի գոնե մեկ որակյալ հեռուստանովել):

Երգիչ-երգչուհիների նկատմամբ հետաքրքրության նվազումն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ ունի: Այս հրապարակմամբ փորձենք վեր հանել ոլորտի բոլոր խնդիրներն ու ցույց տալ հայկական շոու բիզնեսի իրական պատկերը:

Տապալված համերգներ 

Տարիներ առաջ հաջող մենահամերգներ են ունեցել Սիլվա Հակոբյանը, ՀՏ Հայկոն, Անդրեն (Անդրեն երկու մենահամերգ է ունեցել լեփ-լեցուն դահլիճով), Արսեն Սաֆարյանը, Արմենչիկը, Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Անդին և այլք: 2011-ի տարեվերջին մենահամերգներ ունեցան Մարտին Մկրտչյանն ու Արամեն: Մարտինի համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, Արամեինը` բիծ թեղեց երգչի կարիերայի վրա: Թեև, որպես չստացված մենահամերգ, մինչ օրս ամենաաղմկահարույցն Արամեի համերգն էր, փաստ է, որ դա ձախողված միակ համերգը չէր: Այս տարի կիսադատարկ էր անգամ մեր շոուի բիզնեսի արքայադստեր կոչմանն արժանացած Սիրուշոյի և «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանցի ներկայացուցիչ «Դորիանսի» համատեղ համերգի դահլիճը: Համերգին ներկաներից շատերը փաստում էին, որ հրավիրատոմսով են եկել: Նույն թակարդում էր հայտնվել նաև ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը. նրա բարեգործական մենահամերգի տոմսերի մեծ մասը կազմակերպիչները ստիպված նվիրել են` որպես հրավիրատոմս, ինչը չէր վրիպել մամուլի ներկայացուցիչների աչքից: Եթե ժամանակին սիրելի երգչի մենահամերգին մասնակցելու էին գալիս անգամ մարզերից, այժմ երևանցիներն էլ չեն շտապում մասնակցել դրանց:

Մոտ մեկ տարի առաջ մեր կայքին` www.esem.am-ին տված հարցազրույցում Անդրեն միակն էր, ով քաջություն ունեցավ ինքնախոստովանության պես հայտարարելու, որ. «Կար ժամանակ, երբ մենահամերգների տոմսերը բաց տոմսարկղերում էին վաճառվում: Սա պրոդյուսերական գաղտնիք է, բայց հիմա տոմսերի զգալի մասը ռեալիզացվում է հրավիրատոմսերի միջոցով»,- ասել էր Անդրեն և հավելել, որ տարիներ առաջ կարելի էր մենահամերգ ունենալ և դրանից ոչ միայն մեծ սեր ու ջերմություն, այլև շահույթ ստանալ: Հիմա ամեն ինչ այլ է, հանդիսատեսն է այլ. չկա այն հավատարմությունը, որ հանդիսատեսի մեջ կար տարիներ առաջ. իրենք ևս փոխվել են: Չեմ կարող ասել, որ հանդիսատեսն է դրանում մեղավոր, բայց նա փոխվել է: Փոխվել ենք նաև մենք` արտիստներս»:

Երգիչներն այլևս հետաքրքիր չեն 

Երգիչ-երգչուհիների հանդեպ հանդիսատեսն իսկապես փոխվել է. նրանց ստեղծագործական նորություններն այսօր քչերին է հետաքրքրում: Սրանում, գուցե, մեղքի չափաբաժին ունեն նաև հեռուստաընկերությունները, որոնք այժմ նախկինի պես չեն լուսաբանում և հանրայնացնում երգիչ-երգչուհիների գործունեությունը: Հաղորդումներին  առավել հաճախ կարելի է տեսնել տվյալ հեռուստաընկերությունների դեմքերին՝ սերիալների հերոսներին, հաղորդավարներին, նախագծերի մասնակիցներին: Եթե նախկինում երգիչների նոր երգերը հիթ էին դառնում, որովհետև այնքան էին պտտվում հեռուստաընկերություններով, որ կամա թե ակամա «մտնում» էին մարդկանց ուղեղները ու հնչում նրանց շուրթերից, այսօր նոր տեսահոլովակները հեռուստաընկերություններով հաշված անգամներ են պտտվում: Այս խնդրի մասին հայտնիներն էլ բազմիցս բարձրաձայնել են, սակայն հեռուստաընկերություններին դա քիչ է հուզում: Յուրաքանչյուրը մտածում է իր գրպանի մասին, իսկ հեռուստաընկերությունների ռեյթինգը, հետևաբար նաև` բյուջեն ապահովում են սերիալները:

Մեր հայտնիների «միջազգային շուկան»…

Այս ամենը դեռ բավարար չէ, սրան էլ գումարվում է մեր մի բուռ շուկան. այնքան փոքր, որ շոուի միջոցով բիզնես անել հազիվ թե հաջողվի: Մեր երգիչները վերջին շրջանում սկսել են անգլերեն երգեր կատարել՝ միջազգային շուկա դուրս գալու ակնկալիքով, սակայն նրանց «միջազգային շուկան» մեր սփյուռքն է: Արտերկրում հայ երգիչների լսարանը տեղի հայերն են, և եթե ճակատագրի հեգնանքով հայերն աշխարհով մեկ սփռված չլինեին, մերոնք հազիվ թե հյուրախաղերի մեկնեին...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել