Երեկ ամերիկյան Ատլանտա քաղաքում ուժեղ ձյան հետևանքով մեկ օրում տեղի է ունեցել, ուշադրությո՛ւն, 790 ավտովթար: Ասեմ, որ Ատլանտայում ապրում է ընդամենը շուրջ կես միլիոն մարդ, հարակից շրջաններով բնակչությունը հասնում է 4 միլիոնի: Այսքան մեծ քանակությամբ վթարների գլխավոր պատճառն, ըստ լրատվական ծառայությունների, ձյունն է:
Սակայն, չպետք է մոռանալ տրամաբանական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ եթե Ա երևույթը տեղի է ունենում Բ երևույթից հետո, դա դեռ չի նշանակում, որ Ա երևույթը Բ-ի հետևանքն է, իսկ Բ-ն՝ Ա-ի պատճառը:
Այլ կերպ ասած՝ այդքան շատ ավտովթաները տեղի են ունեցել ձյունից ՀԵՏՈ, բայց ոչ՝ ձյան պատճառով: Վթարների իրական պատճառը ձյան պայմաններում մեքենա վարելու փորձի բացակայությունն է հազարավոր ամերիկացիների մոտ:
Ընդորում, այստեղ պետք է հաշվի առնել, որ երթևեկության կանոնները նրանք, որպես կանոն, լավ գիտեն և խստորեն հետևում են դրանց: Բայց փորձ, ինչպես տեսնում ենք, չունեն, և դա ահա թե ինչի է հանգեցնում:
Այնպես որ՝ գիտենալը լավ բան է, իմացածը կիրառել կարողանալն՝ ավելի լավ:



