3Mitk.am-ը գրում է.

Եթե հարկ լինի` Մարսելում էլ կգտնենք քեզ

2010-ի մարտի 18-ի առավոտյան ֆրանսիական Մարսել քաղաքի կենտրոնում` Բել դը Մե թաղամասում գտնվող մարզադահլիճներից մեկից դուրս եկավ կովկասյան արտաքինով մի տղամարդ: Նրան անմիջապես մոտեցավ մի ավտոմեքենա, որում գտնվող երեք մարդ կրակահերթ սկսեց մարզադահլիճից դուրս եկած մարդու ուղղությամբ, ապա ավտոմեքենան արագ հեռացավ: Մոտակայքում գտնվողներից ոչ մեկը չմտապահեց ավտոմեքենայի համարանիշը: Նրանք միայն տեսան, որ վիրավորվածը փորձ արեց փախչել, սակայն գետին տապալվեց 10 մետր վազելուց հետո: Նրա թիկնապահներն իրենց «տիրոջը» հասցրին մոտակա հիվանդանոցը, բայց մեկ ժամ անց նա վախճանվեց վիրահատական սեղանին` այդպես էլ ուշքի չգալով: Սպանվածը հայտնի անձնավորություն էր, գոնե` Ռուսաստանի կրիմինալ աշխարհում: Վլադիմիր Ջանաշիան` Լադոն, համարվում էր Տարիել Օնիանիի` Տարոյի, ռուսական կրիմինալ աշխարհի «առյուծներից մեկի»մերձավոր շրջապատի մարդկանցից մեկը: Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի կողմնակիցները համոզված են, որ հենց նա` Լադոն է եղել Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի դեմ կազմակերպած մահափորձի (ընդունված կարծիքի համաձայն` սպանության) կազմակերպիչներից մեկը:

Մարսելի կենտրոնում իրականացված Ջանաշիայի սպանության մասին լուրն անմիջապես որոտաց ֆրանսիական ԶԼՄ-ներով, քանի որ հանցագործության պահին ոտքից վիրավորվել էր դեպքի վայրում պատահաբար հայտնված 12-ամյա ֆրանսիացի մի աղջիկ: Մեկ շաբաթ անց փոքրիկ ֆրանսուհին դուրս գրվեց հիվանդանոցից և ցուցմունքներ տվեց քննիչներին:

Մարսելի ոստիկանությունը, հասնելով հիվանդանոց, ձերբակալեց սպանվածի թիկնապահներին` մինչև հանգամանքների պարզաբանումը: Հետաքննելով այդ սպանությունը` ֆրանսիացի ոստիկանները շուտով հանգեցին այն եզրահանգման, որ Ջանաշիան դարձավ հակամարտող երկու կողմերի` Տարիել Օնիանիի և Ասլան Ուսոյանի ղեկավարած քրեական խմբավորումների միջև շարունակվող պայքարի զոհը: Դա հայտնի դարձավ Կախի Շուշանաշվիլու` Կախա Ռուսթավսկու հեռախոսային խոսակցություններն ունկնդրելուց հետո: Շուշանաշվիլին, ով Ուսոյանի կլանից է, այս սպանությունից առաջ ձերբակալվել էր Իսպանիայում կրիմինալ մի շարք հեղինակությունների հետ միասին«ռուսական մաֆիայի» դեմ իրականացված Java պայմանաբառով օպերացիայի ժամանակ:

Դեռևս Իվանկովի դեմ իրականացված մահափորձից հետո քրեական աշխարհի 36 հեղինակությունների ստորագրած և ազատազրկման վայրեր ուղարկված «մալյավա»-ի տեղ հասնելուց հետո Վլադիմիր Ջանաշիան և Մերաբ Ջանգվելաձեն` Մերաբ Սուխումսկին, փախան Ֆրանսիա և թաքնվում էին այդ երկրում: Այնուամենայնիվ, նրանց հետքը գտավ Ասլան Ուսոյանը և «ուխտավորներ» ուղարկեց` նրանց տեսնելու համար: 2010-ի հունվարի 15-ին ֆրանսիական ոստիկանությունը Նիսում (Նիցցայում) ձերբակալեց Վրաստանում ծնված երկու անձանց, ովքեր իբր եկել էին Ջանաշիայի և Ջանգվելաձեի նկատմամբ «պատվերը» կատարելու համար:

Այս ամենից կարճ ժամանակ անց Ուսոյանը Ֆրանսիա ուղարկեց նոր քիլլերի: Փետրվարի վերջին Վլադիմիր Ջանաշիայի` Նիսում գտնվող առանձնատուն ներխուժեց անհայտ մի անձ` ձեռքին Կալաշնիկով ինքնաձիգ: Նա անկանոն մի կրակահերթ բացեց «օրենքով գողի» ուղղությամբ, բայց նրան հաջողվեց փրկվել` դուրս թռչելով պատուհանից: Ոստիկանությանը չհաջողվեց հայտնաբերել մարդասպանին:

Թաքնվելով քիլլերներից` Լադոն տեղափոխվեց Մարսելի արվարձան: Այնտեղ նա փոքրիկ մի տուն վարձեց և բնակություն հաստատեց ուրիշի անունով: «Մենակյացը» փակվեց այդ տանը, բառացիորեն դուրս չէր գալիս տնից` քաղաքի կենտրոն, մարզումների և գնումների գնալով միայն թիկնապահների ուղեկցությամբ: Այնուամենայնիվ վարձու մարդասպանները գտան նրա հետքը:

Հայ – եզդիական բարեկամություն

Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի նկատմամբ իրականացված մահափորձը հասկանալի պատճառով միջազգային մեծ հնչեղություն ձեռք բերեց: Գրեթե բոլոր լրատվամիջոցներն այս կամ այն չափով անդրադարձան այս իրադարձությանը` սեփական վերլուծություններ անելով: Ճիշտ է, որոշ հրապարակումներ չափազանց անտեղյակ մարդկանց գրավարժանքներ էին (օրինակ` հայկական հեռուստաալիքներից մեկը հայտարարեց, որ մահափորձը պատվիրել էր… Տարիել Օնյանը` Տարոյին` Տարիել Օնիանիին դարձնելով հայկական ազգանուն ունեցող մեկը), բայց ընդհանուր առմամբ տեղեկատվական այս հեղեղում բավականին հետաքրքիր տեղեկություններ ի հայտ եկան:

Առաջինը, որ կարելի է շեշտել, այն է, որ Դեդ Հասանի դեմ իրականացված մահափորձը ողջ շղթայի սոսկ մի օղակն է: Ուսոյանի մտերիմների և «գործընկերների» նկատմամբ իրականացված հաջողված կամ ձախողված մահափորձեր նախկինում էլ են եղել, այժմ էլ իրականացվում են և հետագայում էլ են սպասվում: Այդ իսկ պատճառով գոնե Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները, ինչպես ասում են, «առաջին կարգի զգոնության» վիճակում են: Վյաչեսլավ Իվանկովի դեմ 2009-ին իրականացված հաջողված համարվող մահափորձը զգաստանալու տեղիք է տալիս: (Ես ասացի` «հաջողված համարվող մահափորձ», որովհտև դրա հիմքերն ունեմ: Բայց սա այլ հրապարակման նյութ է): Սակայն մինչև Յապոնչիկի հետ կատարվածը, այլ մահափորձեր և սպանություններ նույնպես եղել են: Եվ որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, Ուսոյանի թշնամիների թիրախ են հանդիսացել հայերը: Հենց վերջին` սեպտեմբերի 16-ին կատարված մահափորձի ժամանակ էլ տուժեց ռուսական իրականության այս հեղինակության թիկնապահ, Իջևան քաղաքի բնակիչ, «Աբան» մականունով Արթուր Բաղրամյանը, ով պատրաստվում էր հոկտեմբերի 5-ին գալ Հայաստան` Երևանում աշխատող իրավաբան դստերն ամուսնացնելու համար:

Իսկ թե ինչ հայեր են եղել Դեդ Հասանի կողքին, ովքեր սպանվել են, փորձենք ներկայացնել ըստ ժամանակագրության:

2008-ի ամռանը Կրասնոդարում սպանվեց Միխայիլ Մանուկյանը, որին ՌԴ օպերատիվ աշխատողները համարում են Ասլան Ուսոյանի` Ռուսաստանի հարավային շրջաններում գործող զինակիցներից մեկը: Մանուկյանը վերահսկում էր Կրասնոդար երկրամասի տարածքում անշարժ գույքի կրիմինալ շուկայի զգալի մի ոլորտ:

Մանուկյանի սպանությունից հետո, մեկ ամիս անց նույն ատրճանակից արձակված գնդակից սպանվեց ևս մեկ հայ` Արտյոմ Ներսիսյանը, ով սերտ կապերի մեջ էր Ուսոյանի հետ: Նա Կրասնոդար քաղաքի անշարժ գույքի շուկան «նայողն» էր, այսինքն` այդ շուկայում կատարվող գործարքների վերահսկողը:

Այդպես էլ չբացահայտված այս սպանություններից որոշ ժամանակ անց` 2009-ի փետրվարի 6-ին, Մոսկվայում սպանվեց ևս մեկ հնչեղ անուն ունեցող կրիմինալ հայ հեղինակություն` Ալիկ Մինալյանը, Ալիկ Սոչինսկին, որի կյանքի և սպանության մանրամասների մասին մենք արդեն հրապարակում ունեցել ենք «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթում, երբ այս թերթը ղեկավարում էին «Հայացք» թերթի այսօրվա աշխատակիցները և խմբագիրը: Ալիկ Մինալյանին կրիմինալ ոլորտներում համարում էին «Ռուսաստանի հարավի քրեական հեղինակությունների արքա»: Գուցե այս դեպքում որոշակի ծայրահեղականություն կա, բայց այն հատուկ է արտիստիկ էություն ունեցող բոլոր մարդկանց…

2010 թվականի հունիսին Ռոստովում մահափորձ իրականացվեց Սերգեյ Բեգիջանովի`«Ֆրանսիացու» նկատմամբ: «ՎԱԶ -2114» ավտոմեքենայով անցնող անհայտ անձինք կրակ բացեցին Բեգիջանովի BMW-ի ուղղությամբ: Կրակի տակ հայտնվեցին նրա 17-ամյա թոռը և 42-ամյա վարորդը: Ղեկի մոտ նստած էր «Ֆրանսիացու» թոռը, որին սովորեցնում էին մեքենա վարել: Ստացված վերքերի պատճառով երկուսն էլ մահացան տեղում: Ինքը` Բեգիջանովը, նստած էր մեքենայի հետևի նստարանին և անգամ մի քերծվածք չստացավ: Հետաքննությանը չհաջողվեց գտնել մարդասպանին…

2010-ի սեպտեմբերին Կրասնոդար քաղաքում գնդակահարվեց տեղացի գործարար Թիմուր Սադոյանը (կարծում ենք, որ նա ազգակցական կապ չունի հայաստանցի քաղաքական գործիչ Արշակ Սադոյանի հետ): Այս Սադոյանը գործում էր սննդարդյունաբերության ոլորտում: Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ձեռքի տակ եղած տվյալների համաձայն` նա նշանակված էր Կրասնոդարի «նայող» և ուղղակի կապի մեջ էր Ասլան Ուսոյանի հետ:

Դեդ Հասանի մերձավորագույն հայ բարեկամը եղել և մնում է, իհարկե, Ռաֆայել Բաղդասարյանը, որի հետ Դեդը ոչ միայն գրեթե ազգական է (նրանք քենակալներ են եղել գրեթե, նրանց կանայք Թիֆլիսում նույն բակում են ծնվել ու մեծացել), այլև միասին երկար ճանապարհ են անցել: Այդ ճանապարհի մասին մի շարք փաստեր կան մեր ձեռքի տակ, որոնք տեղ են գտել արդեն հրատարակության պատրաստ և լուրջ գործընկերոջ սպասող մեր «Արքաները» գրքում: Այս դեպքում արժե միայն հիշել Ասլան Ուսոյանիդերակատարությունը Ռաֆայել Բաղդասարյանի դին Երևան տեղափոխելու և թաղման ողջ արարողությունը կազմակերպելու գործում…

…1993 թվական, հունիսի 27: Երևան: Հողին էր հանձնվում Խորհրդային Միության կրիմինալ աշխարհի լեգենդներից մեկը` Սվո Ռաֆը` Ռաֆայել Բաղդասարյանը: Օրվա մեջ միայն երկու ժամ հոսանք ունեցող Երևանը երեք օր անընդհատ էլեկտրական հոսանք ունեցավ: Թաղման արարողության կապակցությամբ Ադրբեջանի կրիմինալ աշխարհի «իշխանները» վագոններով մազութ էին բերել Երևան: Ռաֆայել Բաղդասարյանի դին Երևան էին հասցրել«Կարդինալական»դագաղով: Թաղման արարողությանը մասնակցելու համար Երևան էին եկել կրիմինալ աշխարհի ճանաչված դեմքերը, ովքեր խոր ակնածանքով էին լցված Ռաֆայել Բաղդասարյանի նկատմամբ: Նրանցից ամեն մեկը գիտեր իր տեղը, ամեն մեկն անում էր այն, ինչ հրահանգում էր մարմնեղ մի մարդ, արարողության ղեկավարը` Դեդը, Հասանը: Հին Նորքից թաղման թափորն իջավ Ալավերդյան փողոց` Ռաֆիկի հայրական տուն: Հրաժեշտի ծեսից հետո թափորն ուղևորվեց դեպի Թոխմախի գերեզմանատուն: Հասարակական կարգի, քաղաքային տրանսպորտի երթևեկության ոչ մի խանգարում, ոչ մի սխալ քայլ: Եվ դա բնական էր: Դեդը կարգավորում էր ողջ ընթացքը, բոլորը ենթարկվում էին նրա հրահանգներին: Անգամ անծանոթ մարդկանց էր ակնառու այս չաղլիկ մարդու գերակայությունը բոլորի նկատմամբ:

Ամեն ինչից հետո Ուսոյանը լուծեց նաև Ռաֆայել Բաղդասարյանի ընտանեկան հարցերը, հարթեց ամեն ինչ:

Սակայն միշտ չէ, որ Ուսոյանի և հայերի հարաբերությունները ջերմ են եղել:

1990-ական թվականների կեսերին լուրջ հակամարտություն ստեղծվեց Դեդ Հասանի և «օրենքով գող», հայկական հանցագործ խմբավորման ղեկավար Ռուդոլֆ Օգանովի` Ռուդիկ Բակինսկու միջև: Պատճառն այն էր, որ վերջինս փորձ արեց իր վերահսկողության տակ վերցնել Կրասնոդարի երկրամասը: Գողական հավաքների` սխոդկաների ժամանակ և՛ Հասանը, և՛ Ռուդիկը վարկաբեկում էին միմյանց: Օգանովը նույնիսկ հասավ այն բանին, որ «թագազրկեցին» Ուսոյանին` գողական ընդհանուր դրամարկղի` օբշչակի փողերի հետ ազատ վարվելու համար, սակայն այդ որոշումը չընդունեցին կրիմինալ աշխարհի հեղինակություններից շատերը: Ապա բանը հասավ բացահայտ հակամարտության: 1998- ին Պյատիգորսկում գնդակահարվեց Ուսոյանի մերձավորներից մեկը` «օրենքով գող» Էդիկ Մոսկվան: Սակայն վարձու մարդասպաններին չհաջողվեց մոտենալ Դեդ Հասանին: Դրա փոխարեն հաջորդ տարի` 1999-ին, Մոսկվայում` ճանապարհամերձ սրճարանում, երկու քիլլեր ինքնաձիգներից արձակած գնդակների տարափով պարզապես մաղ սարքեցին Օգանովի մարմինը…

Շատ հետաքրքիր փաստեր կան Ասլան Ուսոյանի մասին: Եվ մենք կփորձենք դրանք ներկայացնել մեր ընթերցողին` բնավ չգունազարդելով իրականությունը և հերոսներ չստեղծելով: Այս մարդկանց կյանքը լի է եղել տառապանքներով, դժվարություններով, որոնք հաղթահարվել են կամ կործանել նրանց: Ոչ ավելին ասենք, ոչ էլ` պակասը…

շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել