Ցավ ու ափսոսանք: Երեկվա զգացողությունները:
Երեկ առավոտյան մտնելով Ֆեյսբուք՝ մի պահ քար լռություն առաջացավ մոտս, կարդացի տողեր, որոնց բովանդակությունը ցավ պատճառեց: Զինվոր է մահացել ու մահացել է ադրբեջանական գնդակից: Հրադադարի պայմաններում ադրբեջանական կողմը չի կարողանում հանդարտվել, իրենք իրենց կորուստներից չգիտեմ՝ ոնց, բայց մեր յուրաքանչյուր երիտասարդ մեզ համար թանկ է: Հոգիդ լուսավոր, Զինվոր:
Մեր Զինվորի մահվան մասին թվիթերում գրեց նաև ԵԱՀԿ ներկայացուցիչը, ով արժանի չէ, որ իր անունը տանք: Նա գրել էր այսպիսի մի բան՝ կրկին զինվոր է մահացել: Քո համար կրկին զինվոր, մեր համար՝ Զինվոր մեծ տառով: Քո համար հերթական երիտասարդ, մեր համար հերթական Հերոս: Ո՞վ է իրավունք տվել այդ մարդուն այդպես արտահայտվել:
Երեկ շատ խոսվեց Նաիրա Զոհրաբյանի մասին ու միայն դրականը: Այո, իրավ է, նա իրեն արժանի պահեց միջազգային հարթակում: Եթե մեր յուրաքանչյուր ներկայացուցիչ հասկանա, թե ինչպես ինքն իրեն պետք է պահի միջազգային հարթակներում, մեր արտաքին խնդրիների մասին խոսի, դրանց լուծումներն առաջարկի, այդժամ միայն մեր դերն ու նշանակությունը միջազգային տարբեր կառույցներում կբարձրանա:
Չեն հանդարտվում կրքերը թատերականի հետ կապված: Ում առաջարկում են ռեկտոր դառնալ, միշտ գտնվում են մի քանիսը, որոնք ուղղակի դեմ են դուրս գալիս այդ մարդուն: Հասկանում եմ, որ դեմոկրատական հանրապետությունում ենք ապրում, որ տոտալիտար հասարակություն չէ, ու միշտ էլ դեմ արտահայտվողներ լինելու են, բայց այդ ամենն էլ չափ ու սահման պետք է ունենա: Կողմնորոշվեք:



