K-7-ը ռուսական ռմբակոծիչ էր, որը նախագծվել էր 1933 թ.-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ավիատոր Կոնստանտին Կալինինի կողմից: Ըստ որոշ աղբյուրների՝ այս ինքնաթիռի թևերի բացվածքն ավելի մեծ էր, քան ամերիկյան B-52 ինքնաթիռինը:
Ռմբակոծիչի երկարությունը հասնում էր 27.7 մետրի: Այն ուներ յոթ 750HP շարժիչ, որոնցից մեկը տեղադրված էր հիմնամասի (ֆյուզելյաժ), իսկ վեցը՝ ինքնաթիռի թևի վրա: K-7-ի թևերի բացվածքը մոտ 53 մետր էր: Այն կարողանում էր թռչել 233.3 կմ/ժամ արագությամբ: Ինքնաթիռը նախատեսված էր նաև այլ նպատակների, այդ թվում՝ VIP ուղևորների և ծանր բեռների, օրինակ, տանկերի փոխադրման համար: Ըստ Խարկովի Ինքնաթիռների արտադրման պետական ընկերության՝ K-7-ը առաջին անգամ թռիչք կատարեց 1933 թ.-ի օգոստոսի 19-ին, իսկ վերջին թռիչքը տեղի ունեցավ նույն տարվա նոյեմբերի 23-ին:
Իբրև ուկրաինական առաջին ավիացիոն ընկերության՝ «Ուկրվոզդուխպուտ»-ի տնօրեն Կալինինը նախագծել և կառուցել է մի քանի ինքնաթիռներ: Ընկերության անունը թարգմանաբար նշանակում է ուկրաինական ավիաուղիներ: Վինչեսթերի գրքում նշվում էր, որ ինքնաթիռի նախատիպը թերություններ ուներ, որոնք կապված էին պրոպելլերների (ինքնաթիռի պտուտակ) շարժիչների հետ:
Կալինինը և իր թիմը փորձեցին այս թերությունները վերացնել, սակայն ինքնաթիռի 11-րդ թռիչքը ճակատագրական էր: Ինքնաթիռը տապալվեց գետնին: 15 հոգանոց անձնակազմի բոլոր անդամները մահացան: Խորհրդային կառավարությունը Իոսիֆ Ստալինի գլխավորությամբ վերջ դրեց նախագծին, և 1938 թ.-ին լրտեսության և սաբոտաժի մեղադրանքով ձերբակալեց և մահապատժի ենթարկեց Կալինինին: Այս ինքնաթիռի շատ քիչ լուսանկարներ գոյություն ունեն: Նախևառաջ նման նախագծերը հույժ գաղտնի էին իրականացվում: Բացի այդ, արդեն շատ ժամանակ է անցել: Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է գտնել մի քանի լուսանկար, որոնցում պատկերված է ռմբակոծիչ K-7-ը:






