1in.am-ը գրում է.

Վրաստանի արդարադատության նախարարությունը երկրի խորհրդարանին է ներկայացրել քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները: Մասնավորապես, առաջարկվում է այլևս վրացական անձնագրից չզրկել նրանց, ովքեր ստացել են արտասահմանյան քաղաքացիություն՝ գրում է RIA Novosti-ն: 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2011թ. աշնանը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին զրկեց անձնագրից, երբ վերջինս հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին: Այդ որոշման հիմքն այն էր, որ 2010-ից Իվանիշվիլին նաև Ֆրանսիայի քաղաքացի էր: 

2012թ. աշնանը Իվանիշվիլիի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և Սաակաշվիլին նրան վերադարձրեց քաղաքացիությունը, սակայն դա այդպես էլ ուժի մեջ չմտավ, քանի որ Իվանիշվիլիի Ֆրանսիայի անձնագիը պահպանվում էր: Միայն 2014թ. հունվարի 27-ին Վրաստանի Գերագույն դատարանը վերականգնեց միլիարդատիրոջ վրացական քաղաքացիությունը:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունները արգելում են վրացական անձնագրից զրկել անձին՝ այլ երկրում ապրելու պատճառով: 

Փոխվում է նաև Վրաստանի քաղաքացիության վերականգնման գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է միայն հանձնել վրացերեն լեզվի իմացության քննություն, իսկ Վրաստանի պատմությանը վերաբերող թեստը չեղյալ է հայտարարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել