arus 3Asparez.am-ը գրում է.

Սեւ կաշվե հնամաշ շորերի մեջ փաթաթված՝ հեռվում սպասում է Արուսը: Ցրտից պաշտպանվելու համար դանդաղ քայլում է այս ու այն կողմ եւ ձյան փաթիլները սրբում աչքերից:

«Կարոս կըսեր` ես կըմեռնիմ, դու անտեր կըմնաս, մեղք ես, ի՞նչ պըտի էնես: Քուր ջան, տեսա՞ր, ըդպես էլ էղավ…»,-երեխայի նման հեծկլտալով՝ սկսում է պատմել 49-ամյա Արուսը:

Գյումրեցիներ Արուսյակ Հարությունյանի ու 46-ամյա Կառլեն Պատրիկյանի համատեղ կյանքն ուներ 3 տարվա պատմություն: Իրենց պատմելով` սովորել էին նույն դպրոցում, իրար լավ էին ճանաչել, կապն ընդհատվել էր դպրոցն ավարտելուց հետո միայն: Երկար ժամանակ միմյանցից տեղեկություն չունենալուց հետո, անսպասելի հանդիպել էին Գյումրու Երկաթգծի աղբանոցում: Հանդիպումից ժամեր անց սկսվել էր նրանց համատեղ կյանքի պատմությունը: Սկզբից ապրում էին Գյումրու «Անի» թաղամասի Պարույր Սեւակ փողոցի թիվ 13 շենքի մուտքում, ապա տեղափոխվել են նույն փողոցի վերջնամաս: Այստեղ թափառաշրջիկի կյանքով ապրող զույգն ապրում էր շինարարության համար նախատեսված գետնափոսում`  սպիտակ տուֆերով հարմարեցված՝ իրենց սարքած «տանը»:

Ծայրահեղ չքավորության, հակահիգիենիկ պայմաններում ապրող զույգին անդրադարձել էինք մի քանի անգամ, ընթերցողներին էլ փոխանցել նրանց միակ ցանկությունը` «Մե դոմիկըմ տան`ապրինք»: Տնակը նրանց համար շքեղ բնակարան էր թվում:

«Ինչ դու էկար, նկարիր, թերթին տվիր, շատ մարդիկ էկան, ըսին` դե, եկեք նկարենք ձեզի, օր դոմիկ տանք, էդ ժամանակ Կարոյիս հետ էի, ըդպես խաբին, գնացին, դոմիկ չըտըվին,-դիմելով ինձ՝ հիշում է Արուսը:

Այսօր էլ Արուսի միակ բնակատեղին շրջապատված է քաղաքի տարբեր աղբարկղերից բերված արկղերով: Տան դռան փոխարեն կախ են տված սեւ ու կեղտոտ լաթեր: Մութ, մի քանի քառակուսի մետր տարածք ընգրկող «տան» մեջտեղում վառարանն է`առանց ծխնելույզի, վրան էլ դատարկ մի տարա: «Ես էլ տուն չեմ մտնի, էլ չեմ ուզե, ամեն ինչ Կարոյին կըհիշեցնե»,-խոստովանում է Արուսն ու գետնափոսի ամենաբարձ հատվածին կանգնելով` հազիվ արտաբերում.

«Սեպտեմբերի 1-ին Կարոյի ծնունդն էր. էդ օրը տղեքը (նկատի ունի հարակից տարածքի բնակիչներին ու անցորդներին- հեղ.) ընձի ըսին, ես էլ չիդեի: Կարոն տղեքին ըսած կեղնի, թե տղեք ջան, էսօր իմ ծնունդս է, 100 դրամ տվեք` սպիրտ առնիմ, պապիրոս առնիմ, մինչեւ կնիգս շիշը տանի, հանձնի, ես լավ չեմ,-պատմում է կինն ու շարունակում,- եկա տեսա, որ ընկած էր»: Արուսի պատմելով` Կառլենի մոտ զգացողության վատացում նկատվել է մահվանից 3 ամիս առաջ, գլխացավ է ունեցել եւ թուլություն:

Կառլենը, ինչպես պատմում էր ինձ անցած զրույցներում, մինչ 1988-ի երկրաշարժը ապրել է Լենինականի «Եռանկյունի» թաղամասում, ունեցել է ընտանիք, բարեկեցիկ կյանք: Սակայն երկրաշարժի հետեւանքով կորցրել էր հարազատների մեծ մասին` 17 հոգու: Այնուհետեւ Կառլենի մոտ նկատվել էր սեր ու հակում դեպի խմիչքը: Մի քանի տարի առաջ էլ իր տնակում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ կորցրել էր առանց այն էլ քիչ ունեցվածքը: Կառլենն այդ օրվանից դրսում էր ապաստան փնտրում եւ, չգիտես ինչու, մարդկանց չէր հավատում: «Կյանքը ընձի դարձրեց էդպես, ինչքան կուզես մարդկանց համար լավություն էրա, մեկ է, չեն հասկընա»,- այսպես էր կենդանության օրոք Կառլենն արտահայտվել կյանքի ու մարդկանց մասին:

«Դեկտեմբերի 10-ին մահացավ Կարոս,-հոգոց հանելով՝ պատմում է Արուսը,- ժամ չկա, բան չկա մոտս, գիշերով ինչ էնեմ, գնացի միլիցեքի մոտ, ըսին` մենք չենք ճանչե, չիդենք Կարոյին, հետո գնացի «Պրեստիժի» քովը՝ տաքսու շոֆերների մոտը, տղեքը ըսին` կայնի, մենք կանչենք… Շտապօգնություն էլ չեկավ, դիահերձարանից եկան, նկարին, ըսին՝ ճիշտ որ մահացած է, նասիլկով, մարշուտնով տարան:  Ըսի`ըսեք ձեր տեղը, չիմանա՞մ ուր կտանիք… ըբը՝ չէ: Առանց ընձի տարան դիահերձարան: Տաքսու շոֆերին ըսին, օր Պատրիկյան Կառլենը ստեղ է`կնգան ըսեք, թող գա, ներկա էղնի: Ես էլ ժամը 11-ին` առավոտ կանուխ, ոտով ըստեղից գնացել եմ դիահերձարան, գնացել եմ Կարոյին տեսնելու` պռոստինը վրեն ծածկած, թաղման բյուրոյից ավտո բերին, տվին ձեռքս, Կարոյիս էլ դրին մեջը… տարել եմ Շիրակ գերազմանոց: Ես տարա Շիրակ, նստա շոֆեռի կողքը, տարա, փոսը փորողներին ներկայացա, ելա, էկա…թաղումն էլ, քառասունքն էլ, ամեն ինչն էլ սաղ ես էրի: Խունկ, ծաղիկ վառել, լացելով եկել եմ… ոչ հետս գալող, ոչ օգնող հեչ մարդ չի էղել»:

…Կինն այսօր միայնակ է վաստակում օրվա հացը, նույն տարբերակով` շիշ հավաքելով: Օրական 200-500 դրամի շիշ  է հավաքում ու հանձնում, իսկ գումարն էլ ծախսում է միայն սննդի համար` բուլկի, կարկանդակ ու մի կտոր չոր հաց, այն էլ շների ընկերակցությամբ է ուտում: Նրա խոսքերով` ընտանեկան նպատ չի ստանում, որովհետեւ չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը ու չի  հասցրել նոր փաստագրվել. կենսաթոշակն էլ մի քանի հազար դրամ է կազմում:

Միայնակ կնոջ ցանկությունը մեծ չէ. մարդկանց ուշադրություն ու բնակություն թիթեղյա տնակում:

Անի Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել