Football365.am-ը գրում է.
Ֆուտբոլային հանդիպումներին հետեւելիս ձեզ երբեւէ չի հետաքրքրե՞լ, թե 18-19 տարեկան ֆուտբոլիստները խաղադաշտում ի՞նչ են անում, չէ՞ որ ըստ պարտադիր զինծառայության մասին օրենքի նրանք պետք է լինեին բանակում: Ինձ, օրինակ, մի ժամանակ այդ հարցը հետաքրքրում էր)))) Մի օր էլ պատահաբար հարցազրույցներից մեկում կարդացի ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏարտահայտությունն ու որոշեցի պարզել, թե դա ինչ է))) Արդյունքում պարզվեց, որ նշածս տարիքի ֆուտբոլիստներն իրականում ծառայում են Հայաստանի Հանրապետությանը:
Այսօր մենք տոնում ենք Հայաստանի ԵՐՐՈՐԴ Հանրապետության բանակի 22-րդ տարեդարձը:
«Ֆուտբոլ 365»-ը տոնի կապակցությամբ հավաքեց մի քանի պատմություն ևլուսանկարներ ֆուտբոլիստների զինվորական կյանքից:
ԱՐՄԵՆ ՍԱՆԱՄՅԱՆ
Ենթադրելի է, չէ՞, որ Արմեն Սանամյանը ծառայել է Խորհրդային միությանը: Նրան հարցնում եմ. «Պարո՛ն Սանամյան, Ձեր ժամանակ ֆուտբոլիստների զինծառայության հարցն ինչպե՞ս էր կարգավորվում, չէ՞ որ այն ժամանակ Հայաստանում ծառայելը բացառված էր»: Պարզվում է՝ պարոն Սանամյանը ծառայել է Գյումրիում՝ այն ժամանակ՝ Լենինական.
«Մեր ժամանակ ստեղծվեց Հայաստանի հավաքական, գլխավոր մարզիչն էլ Սուրեն Բարսեղյանն էր: Պետք է մասնակցեինք սպարտակիադայի, ու ինձ, որպես այդ հավաքականի ադամի, պահեցին ծառայելու Լենինականում: Գիտե՞ք, ԽՍՀՄ տարիներին շատ բարդ էր Հայաստանում ծառայելը. միության բոլոր հանրապետություններում, բացի Հայաստանից: Բարսեղյանի ընտրած բոլոր ֆուտբոլիստները մնացին Հայաստանում, բայց հետո այնպես ստացվեց, որ ինձ էլ չկանչեցին այդ հավաքական, ու ես իմ ուժերով ճանապարհներ գտա այդտեղ մնալու. խաղացի «Շիրակում» (2 լիգա), Հոկտեմբերյանի «Սպարտակում» (2 լիգա): Փաստորեն ծառայեցի ընդամենը երեք ամիս, մնացած ամբողջ ժամանակը ֆուտբոլով զբաղվեցի»:
Հետարքրվում եմ. «Իսկ այդ երեք ամիսների ընթացքում ինչ-որ հիշվող դեպք պատահե՞լ է»:
«Մի դեպք կա, որ, անկախ ամեն ինչից, ես պահպանում եմ որպես լավ հիշողություն. 7 հոգով մեկնել էինք գործուղման: Ուժեղ ձյուն եկավ, ու բոլոր ճանապարհները փակվեցին: Մենք մնացինք ճամբարում փակված: Սննդի պաշարն էլ վերջացել էր: Մի քանի օր միայն սոխ էինք տապակում ու ուտում: Մեկ շաբաթ անց ճանապարհները բացվեցին ու մեզ վերջապես օգնության հասան»:
«Մեր զինվորներին ի՞նչ կմաղթեք»:
«Բարի, անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորին: Բոլորիս պարտքն է՝ ծառայել հայրենիքին: Ես բոլոր խնջույքների ժամանակ անպայման մի կենաց եմ խմում. «Խմենք այն տղաների կենացը, ովքեր հենց այս պահին, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, պահպանում են մեր սահմանները»: Թող Աստված բոլորին առողջություն եւ համբերություն տա»:
ՏԱՐՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Հայաստանի Ազգային հավաքականի եւ «Փյունիկի» ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը 2011/13 թթ. ծառայել է Մարզական վաշտում.
«Ծանուցումը ստանալիս ինչ-որ հատուկ զգացողություններ չունեցա, որովհետեւ նախօրոք արդեն գիտեի, որ մարզական վաշտում պետք է ծառայեմ: Եվ նույն այդ պատճառով մտավախություն էլ չունեի, որ գուցե ծառայությունս կազդի ֆուտբոլային կարիերայիս վրա: Ինձ հետ այդ ժամանակ բավականին շատ ֆուտբոլիստներ կային՝ նրանք, ովքեր խաղում էին U19 հավաքականում»:
Տարոնը վստահեցնում է, որ ոչ մի դեպքում ծառայությունից չէր խուսափի, եթե նույնիսկ ստիպված լիներ ծառայել ոչ մարզական վաշտում: Նրան էլ հարցնում եմ՝ ինչ հետաքրքիր դեպքեր են եղել ծառայության ընթացքում.
«Առաջնության խաղերից մեկի օրը զորամասում էի գտնվում: Ինձ թույլատրեցին դուրս գալ ու մասնակցել խաղին: Խաղից հետո պետք է անպայման վերադառնայի զորամաս, բայց գնացի տուն: Արդյունքում ուշ հասա զորամաս ու ինձ դրա համար պատժեցին. քաչալացրին)))))»:
«Տարո՛ն, մեր զինվորներին ի՞նչ կմաղթես»:
«Բոլորին մաղթում եմ խաղաղ ծառայություն, մեծ ուժ, որ պատվով կատարեն իրենց պարտքը հայրենիքին եւ ողջ ու առողջ վերադառնան տուն: Ու մի բան եւս. ցավակցում եմ վերջերս զոհված Արմեն Հովհաննիսյանի հարազատներին: Շնորհակալություն նրա ծնողներին, որ հայրենիքին պարգեւել են այդպիսի որդի, ով իր կյանքը տվեց հանուն մեզ: Նա իսկական հերոս է»:
ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ
«Արարատի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանը նույնպես զինվորական ծառայությունն անցկացրել է Մարզական վաշտում՝ 2006/08 թվականներին: Եթե նույնիսկ ֆուտբոլիստ չլիներ ու մարզական վաշտում ծառայելու արտոնությունը չունենար, միեւնույնն է՝ կգնար ծառայելու, քանի որ դա պարտք է, որը բոլորը պետք է կատարեն:
Արամին հարցնում եմ. «Ծանուցում ստանալիս ի՞նչ զգացողություններ ունեիր: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել: Ովքե՞ր էին քո զինակից ընկերները»:
Պարզվում է.
«Սովորական զգացողություններ էին՝ ինչպես բոլորի մոտ: Նախօրոք արդեն գիտեի, որ Մարզական վաշտում եմ ծառայելու, քանի որ այդ ժամանակ Մ-19 հավաքականի ֆուտբոլիստ էի, իսկ հավաքականներում խաղացողները մարզական վաշտում էին ծառայում: Քանի որ ՀՖՖ-ն ու ակումբը բոլոր պայմանները ստեղծում էին, որպեսզի մարզումներ անցկացնեինք, ոչ մի մտավախություն չեմ ունեցել, որ կարիերայիս վրա վատ անդրադարձ կունենա ծառայությունս: Ծառայության ողջ ընթացքում լիովին ֆուտբոլի մեջ էինք:
Հետաքրքիր դեպքե՞ր… շատ են եղել… Եթե մի տեղում հավաքված են լինում բազմաթիվ մարզիկներ, չի կարող ինչ-որ հետաքրքիր բան չլինել, բայց… Ամենահետաքրքիրը երեւի Ամանորն էր. ամեն անգամ չես կարող Ամանորն անցկացնել զորամասում:
Այդ թվականներին միասին ծառայում էինք Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի, Կառլեն Մկրտչյանի, Արտակ Անդրիկյանի, Ռոբերտ Արզումանյանի, Արարատ Առաքելյանի, Սամվել Մելքոնյանի, ըմբիշ Ռոման Ամոյանի հետ… Շատ էին հայտնի մարզիկները…(Հենոն ու Արամը մեկ տարի «միասին» են ծառայել, սակայն զորամասում իրար չեն հանդիպել)»:
Դե իսկ վերջում հարցնում եմ. «Ի՞նչ կմաղթես զինծառայողներին».
«Բարի ու խաղաղ ծառայություն: Թող կրակոցներ քիչ լինեն, ու զինվորներն էլ ողջ ու առողջ վերադառնան տուն: Ու թող մենք էլ ունենանք շատ հզոր բանակ, բայց այն մեզ պետք չգա պատերազմներում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



