Heminguey

Երբեք մի շփոթեք շարժումը գործողության հետ: Էռնեստ Հեմինգուեյ 

Ծերունին կամուրջի մոտ

Պողպատյա շրջանակներ ունեցող ակնոցով և շատ փոշոտ շորորով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ:

Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաները այդ տեղում ճգնելով ու ամեն ինչ սղկելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին`մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստած էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Իմ գործն էր անցնել կամուրջը, հետազոտել այն կողմի կամրջագլխային ամրությունը և պարզել, թե մինչև որտեղ էր առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:

- Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեցի ես նրան:

- Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:

Դա իր հայրենի քաղաքն էր և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն ու նա ժպտաց:

- Ես կենդանիներին էի խնամում, – բացատրեց նա:

- Օ, – արտաբերեցի ես լավ չհասկանալով:

- Այ՛ո, -ասաց նա,- հասկանու՞մ եք, ես ապրում էի կենդանիներին խնամելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:

Նա ոչ հովվի նման էր, ոչ էլ` նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակներով ակնոցին ու ասացի,-՞ինչ  կենդանիներ էին դրանք:

- Տարբեր կենդանիներ, -ասաց նա ու թափահարեց գլուխը: Ես ստիպված էի նրանց թողնել:

Ես դիտում էի աֆրիկյան տեղանքի նմանվող Էբրոյի ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:

-  Ի՞նչ  կենդանիներ էին դրանք, – հարցրեցի ես:

- Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա: – Երկու այծ ու մի կատու, հետո կար նաև չորս զույգ աղավնի:

- Եվ դու ստիպվա՞ծ էիր թողնել նրանց, – հարցրեցի ես:

- Այ՛ո, հրետանու պատճառով: Կապիտանն ինձ կարգադրեց գնալ հրետանու պատճառով:

- Եվ դու ընտանիք չունե՞ս,- հարցրեցի ես, նայելով կամրջի մյուս ծայրին , որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:

- Ո՛չ, – ասաց նա, – ես հայտնեցի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:

- Ի՞նչ  քաղաքականության ես հետևում, – հարցրեցի ես:

- Ես քաղաքականություն չունեմ, – ասաց նա: Ես յոթանասունվեց տարեկան եմ: Ես արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:

- Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես: Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:

- Ես մի քիչ կսպասեմ, – ասաց նա, – ու հետո կգնամ: Ու՞ր են գնում բեռնատարները:

- Դեպի Բարսելոնա, – ասացի նրան:

-  Ես այդ ուղղությամբ ոչ մեկի չեմ ճանաչում, – ասաց նա, -բայց շ՛ատ շնորհակալություն. Կրկին, շ՛ատ շնորհակալություն:

Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո` կարիք ունենալով որևէ մեկի հետ կիսելու իր վիշտը`ասաց. «Կատվի հետ ամեն ինչ լավ կլինի, ես համոզված եմ:Կարիք չկա անհանգստանալ կատվի համար:Բայց մյուսները …: ՞Ինչ ես կարծում, ինչ կլինի մյուսների հետ:

-  Դե, նրանք հավանաբար բարեհաջող կերպով դուրս կպրծնեն դրանից:

- Դու այդպե՞ս ես կարծում:

-  Իսկ ինչ՞ու ոչ, -ասացի ես, դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:

- Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:

-  Դու աղավնիների վանդակը բաց ե՞ս թողել, – հարցրեցի ես:

- Այ՛ո.

-  Ուրեմն նրանք կթռչեն:

-  Այ՛ո, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները …: Ավելի լավ է չմտածել մյուսների մասին,- ասաց նա:

-  Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես, -պնդեցի ես: -Վեր կաց և փորձիր քայլել:

- Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ: – Ես կենդանիներին էի խնամում, – վհատորեն ասաց նա, բայց արդեն` ոչ ինձ: -ես կենդանիներին էի խնամում:

Նրա հետ ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստները առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Այդ և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, ողջ բախտավորությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Անգլերենից թարգմանեց  Յուրա Գանջալյանը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել