Շաղգամ Սապոկյանը (իր ասելով յուր ազգանունը ռուսական «սապոգ» բառի հետ առնչություն չունի) բյուրոկրատ է։ Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով։ Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, և այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը։ Տարիների վրա տարիներ են գումարվել, և ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետև՝ լայն ու շքեղ բազկաթոռ։
Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը։ Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը և, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլևս ուտելու բան չի մնացել։
Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ։ Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել։ Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...
Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլևս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է։ Լուրն այնպիսի արագությամբ ու թեթևությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբևէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից։ Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս...
Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.
- Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել... Հրեշը ոտքերը տնկել է, և դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում...
Եվ սկսվե՜ց։ Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.
- Նրա տիրումե՛րը... Այդ տականքը զրպարտություններ էր գրում և մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը։
- Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ։- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը։ Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել և թերթերում տպագրել...
- Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք։
- Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է։ Աչքերիդ մեջ նայելով խաբում էր և երդվում զավակների արևով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը։- Մահը նրա համար փրկություն էր։ Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել... Ստահակի բախտը բերեց։
- Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել և ինձ առաջարկել պարելով հանվել...
«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձևանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը։ «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել։ Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաև իրեն։
- Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը։
- Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր։ Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է...
Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը։ Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է։ Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երևաց դիահերձող բժիշկը, և գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց։ Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թևքով սրբեց ու ասաց.
- Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է... Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել։ Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը... Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի։ Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը։ Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք...
Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց և, ի վերջո, որոշեց.
«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել,
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին,
երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել և, վերջապես,
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել և դարձնել արձան։
Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել։ Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար։ Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան...»։
2009 թ.
Նյութի աղբյուր՝ http://vardgesovyan.blogspot.com/2014/01/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել