Մեր երկրում զինվոր են բոլորը. սա ուզած, թե չուզած`մեզ պարտադրվել է. ու ողջ պատմության ընթացքում մեր ազգի մարտունակ ու մարտնչող էությունն է մեր շարունակականությունը պահել: Մեզ մոտ զինվոր է անգամ հոգևորականը: Ու հաճախ, երբ անփութորեն այս կամ այն անհատի պատճառով բոլոր հոգևորականներին շտապում ենք տեսակ-տեսակ պիտակներ տալ, ակամա հիշում եմ այն հոգևորականներին, ովքեր ինձ հետ հարցազրույցների ժամանակ համեստությամբ նշում են իրենց մասնակցությունը Արցախյան պատերազմում, այն հոգևորական երիտասարդներին, ովքեր հոգոր ծառայություն կատարելիս բանակում զենք են վերցնում, դիրքեր են բարձրանում` անտեսելով երկարափեշ սքեմը`այսպիսով օրինակ դառնում մեր պատանիների համար: Հոգևորական-զինվորների մասին վկայում է նաև մեր պատմությունը: Ու այսօր, երբ արդեն ունենք անկախ պետություն ու այդ պետության երաշխավոր մարտունակ բանակ, մեր հոգևորականների փոքրաթիվ բանակը նորից հայոց բանակի հետ է. Պաշտպանության նախարարություն ու Հայ Առաքելական եկեղեցի համագործակցության հիմքը դրվել է 1997 թ.-ին, երբ արդեն լուսահոգի Գարեգին Ա կաթողիկոսի և Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունը: Հոգևոր սպասավորները բանակում օրեցօր շատացան. նրանք ամենուր են` սահմանում, դիրքերում…` այնտեղ, ուր մեր զինվորն է:
Խաղաղություն ամբողջ աշխարհին, մեր ազգին ու ամրություն մեր բանակին:
Աստված մեզ հետ.