IMG_0373Kinoashkharh.am-ը գրում է.

Երբ այցելեցինք Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանին, նրա աշխատասենյակի սեղանը կքած էր ատենախոսությունների ծանրությունից: Պաշտպանությունների թիվն անշեղորեն աճում է, սակայն կինոյի ու թատրոնի գծով, ինչպես պարզվեց, կերպարվեստագիտության ու երաժշտագիտության համեմատ, շատ քիչ են պաշտպանվում: Տիկին Արզումանյանը դժվարությամբ մտաբերեց անցնող տարումպաշտպանված մի ատենախոսություն` «Ձայնը կինոյում»: Այնուհետև մեր զրույցն ինքնաբերաբար անցավ կինոյի հետ կապված այսօրվա իրավիճակին:

-Կինոգիտության պատկերն այս է: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա, կարծում եմ,  նույն իրավիճակն է, ինչ գրականության ոլորտում: Գրաքննադատությունը, ինձ թվում է, կաղում է: Ավելի շատ գրողների մասին գրողներն են գրում, քան քննադատները:  Ես սա անտարբերությամբ չեմ կարող բացատրել,  ես ինքս էլ քիչ եմ գրում, բայց քիչ եմ գրում ոչ այն պատճառով, որ քիչ եմ կարդում: Ոչ, կարդում եմ, գիտեմ, պարզապես քննադատել չես ուզում,  որովհետև առողջ քննադատությունը, իմ կարծիքով, վերացել է: Վիրավորվում են, նեղանում, ինտրիգներ են սարքում,  ուստի նախընտրում ես լռել: Թերևս:

Ինչ վերաբերում է կինոյին, ես զերծ եմ մնում անուններ տալուց, որովհետև իմ աշխարհը չէ: Չեմ վախենում սխալվելուց,  ինչ որ ասում եմ, համոզված եմ ասում, ուղղակի չեմ ուզում անվանական գնահատել այն աշխարհը, որը իմը չէ: Ուստի խոսում եմ որպես սովորական մտավորական, որպես հանդիսատես, թող մեծամիտ չհնչի, որպես գրագետ հանդիսատես:

Մեր կինոն այսօր ունի բոլոր բացասական գծերը, ինչ ունեն հեռուստատեսությունը, հեռուստասերիալները  և գրականության մի հատվածը: Խոսքը կյանքը հնարավորինս վատ կողմերով ներկայացնելու միտումի մասին է: Ես ընդունում եմ, որ մեր կյանքում աներևակայելի թվով նեգատիվ երևույթներ կան, բայց նեգատիվն այդ առումով մի բան է, ցինիզմը, անգրագիտությունը, գռեհիկ լեզուն, գռեհիկ մտածողությունը լրիվ ուրիշ բան են:

Երբ որևէ հեռուստասերիալ կամ ֆիլմ ես նայում,  մտածողության խնդիր ես տեսնում, վատ մտածողության: Դա է ինձ համար անտանելին:  Ես ընդունում եմ, որ հիմա մեր հասարակության մեջ բևեռացում է  տեղի ունենում,  տնտեսական առումով ժողովրդի մի մասն ապրում է շատ լավ, մի մասը` շատ վատ: Միջին դրությունը համարյա չկա, չնչին տոկոս է: Երևի նույնը վերաբերում է մտածողությանը: Այսինքն` մի մասը հայրենիք հասկացություն, պետական մտածողություն, հայրենասիրություն ընդհանրապես չգիտի` ինչ է, մյուս մասը ցավի, հոգսի, սոցիալական խնդիրների մեջ մոռացել է` ինչ է,  արանքում մնում է մի խավ,  ենթադրենք` մենք` ես և Դուք, որ սոցիալական խնդիրն այս կամ այն չափով լուծում ենք, գուցեև ագահ չենք, այդ պատճառով էլ շատ չենք նեղվում ու տառապում, և ազգի հոգսը շալակած ման ենք տալիս: Բայց ազգը պետք է հենվի հենց այդ միջին խավի վրա,  որովհետև դա է ազգային արժեքների կրողը վերջին հաշվով: Ինչ ուզում ես արա,  այ այդ միջին խավը, որը մտավորականությունն է կամ մտավորականության մի հատվածը: Ես այն քծնող մտավորականների մասին չեմ խոսում, որոնք կարող են  բոլոր ընտրությունների ժամանակ կանգնել ուզածդ ընտրվողի կողքին: Եվ խոսքս բնավ իշխանամետ կամ ընդդիմադիր հասկացությունների հետ կապ չունի, այլ քաղաքացիականության: Եթե ես կամ Դուք այսօր խոսում ենք բացասական երևույթների մասին, դա չի նշանակում, որ ձգտում ենք իշխանության: Կարելի է չլինել  այսօրվա ընդդիմության շարքերում, այնուամենայնիվ տեսնելով վատ երևույթները` ցավ զգալ կամ գրել այդ մասին, որովհետև ուզում ես, որ այդպես չլինի, պահանջում ես, որ այդպես չլինի: Համենայն դեպս, որպես մտավորական, քո պարտքն ես համարում ուշադրություն հրավիրել, բարձրաձայնել այդ մասին:

Ազգային արժեքների կրողն այդ միջին խավն է: Այսօր մեր կինոն անտեսում է  հենց այդ խավը: Իմ հիմնական մտահոգությունը դա է: Ես էկրանում չեմ տեսնում ինձ, հասկանո՞ւմ եք, որը խոսում է հայերեն, նորմալ հայերեն, ոչ շուկայի կամ բակի: Հիմա մենք աներևակայելի գռեհիկ ու անգրագետ հայերեն ունենք, և այդ անգրագիտությունը նաև շատ հպարտությամբ հրամցնելու միտում:  Դա է սարսափելին:

Կյանքի մեջ խրված, մտահոգ քաղաքացին, որը հավատում է ինչ-որ բանի, որովհետև մնացել է իր երկրում, ապրում է այստեղ,  համարում է, որ սա իր երկիրն է, և ցավ է ապրում թերությունների համար: Այդ խավը, որ հիմքն է, որ կրողն է, որի վրա պետք է հենվեն իշխանությունները, ես չեմ տեսնում կինոյում: Գուցե ես սխալվում եմ, չգիտեմ, բայց չեմ տեսնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել