Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: Մեզ ավելի մեծ փորձություններ չեն սպասվում, քան արդեն ունեցել ենք:
Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածե՞նք, թե այդ կռվում արժե՞, թե չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915 թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից մեկ ու կես միլիոն կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այդ ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95 թթ. 5000 հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե ոչ…