Մեր քաղաքի սրտում, Աբովյան փողոցի վերջնամասում մի անշուք արձան է կանգնած: Հնամաշ, ցնցոտիներով մի խեղճ ծերունի ձեռքի զամբյուղից ծաղիկ է հանել ու մեկնել անցորդին: «Ո՞վ է այս մարդը» հարցին ի պատասխան երբեմն կարող եք լսել «ծաղիկ ծախող Կարաբալան»...
Շատ մարդկանց հետ եմ զրուցել Կարաբալայի մասին, փորձել եմ հստակ տեղեկություններ հավաքել: Սակայն ինձ հանդիպած մարդկանցից ոչ մեկը չի կարողացել մտաբերել նրա անուն-ազգանունն անգամ: Բոլորը, սակայն, շատ լավ հիշում են, որ ամեն առավոտ զամբյուղը լցնում էր սպիտակ մեխակներով, քայլում էր Աբովյան փողոցով ու ծաղիկներ նվիրում գեղեցիկ կանանց: Թեև Շիրազն իր բանաստեղծության մեջ նրան «Ծաղիկ ծախող Կարաբալա» էր անվանում, բայց ոչ ոք չի հիշում գոնե մի դեպք, որ Կարաբալան ծաղիկ վաճառի կանանց...
Մինչպատերազմյան Երևանում, Աբովյան փողոցով ամեն առավոտ քայլում էր բարձրահասակ, փոքր-ինչ կծկված, նիհար մի տղամարդ' ծաղիկ ծախող Կարաբալան: Նա սպիտակ մեխակներ էր նվիրում կանանց ու չքնաղ խոսքեր շշնջում նրանց ականջին: Ու երբ դատարկվում էր զամբյուղը, հերթով մտնում էր գինետներն ու մի-մի բաժակ բան էր խմում ամեն սեղանից:
Նա ուրիշի հաշվին խմող ու ուրիշին զզվեցնող հարբեցող չէր: Ամեն մարդ էլ իրեն երջանիկ էր համարում, եթե Կարաբալան ընդունում էր իր հյուրասիրությունը: Ու, որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցի իր խմածի համար, զամբյուղից մի լիմոն էր հանում ու ասում. «Անուշ արեք, ձեզ մատաղ, թող էս լիմոնը համ տա ձեր բերանին»:
Բոլորին «աղա» էր անվանում, բոլորի նկատմամբ հարգանք էր ցուցաբերում: Եթե, իհարկե, իրեն չէին վիրավորում: Իսկ վիրավորողներ էն թվերին գրեթե չկային: Երևանն այնժամ Երևան էր, ուր ապրող մարդիկ սիրում էին միմյանց...
...Էսպես, իր ծաղիկների «գործն» ավարտելով, իրեն հասանելիք մեկ-երկու-երեք-չորս բաժակը խմելով, չհարբելով, չհայհոյելով, ոչ մեկին մի չար խոսք անգամ չասելով, իջնում էր Աբովյան փողոցով, թեքվում դեպի Սվերդլովի փողոց ու բարձրանում Կոնդ, ուր, ասում են, մի խղճուկ կացարան ուներ:
Վաղ առավոտյան նորից արթնանում էր, Կոնդից իջնում էր քաղաք: Մտնում էր Կոմայգի կոչվող հին Անգլիական այգին, գնում, հասնում էր երկրորդ կոլխոզ շուկա, ուր այն տարիների միակ կին գուսանը' Աշխենը, հրաշալի ձայնով իր սերն էր լալիս: Այսպես սկսվում էր օրը Կարաբալայի համար:
Կարաբալայի մասին ինձ հետաքրքիր որոշ բաներ պատմեց լուսանկարիչ Սամվել Խանտիկյանը' Տիգրան Լևոնյանի ու Արմեն Խանտիկյանի հայրը, Երևանի կենսագիրներից մեկը: Առաջին անգամ նրան հանդիպել եմ 1972-ին, երբ նրա մասին հեռուստատեսային հաղորդում էի պատրաստում: Հաղորդման ընթացքում ցուցադրվեցին Սամվել Խանտիկյանի գործերը' Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վիլյամ Սարոյանի, Դմիտրի Շոստակովիչի ու նաև... Կարաբալայի դիմանկարները: Երբ 2001-ին վերջին անգամ հյուրընկալվեցի Խանտիկյանին, նա պատմեց այդ լուսանկարի պատմությունը:
«Ես նրան հաճախ էի տեսնում իմ «ատելյեի» պատուհանից [պատերազմից առաջ Խանտիկյանի լուսանկարչատունը գտնվում էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց' «Երևան» հյուրանոցի հարևանությամբ, մեջիթի կողքին, ուր այսօր նկարիչների միությունն է տեղավորված - ծանոթ. հեղինակի]: Պարապ ժամերիս նստում էի «Երևան» հյուրանոցի բացօթյա սրճարանում, ուր հավաքվում էին մեր ազգի մեծերը' Ավետիք Իսահակյանը, Երվանդ Քոչարը, Ֆրունզիկը... Նրանցից ամեն մեկն իր համն ու հոտն ուներ, ամեն մեկը կարող էր մի ազգ զարդարել... Սրճարանի առջևով հաճախ վերուվար էր անում Կարաբալան, որին բոլորն էլ ճանաչում ու սիրում էին: Թափթփված, անխնամ հագնըված... Բայց դրա հետ մեկտեղ, նրա մեջ ինչ-որ լուսեղեն բան կար:
Մի օր էլ Հրաչյա Ներսիսյանին ասացի, որ ուզում եմ նրան լուսանկարել: Մեր կողքին նստած Վահրամ Փափազյանն իսկույն արձագանքեց. «Շատ աղեկ բան ես մտածել, մանչս: Կերևի, որ աչքդ հրաշափառ մարդուն տեսնելու կարողություն ունի»:
Հաջորդ օրը բռնացրի Կարաբալային, համոզեցի, որ մտնի «ատելյե»: «Խասյաթը» գիտեի' խմել սիրում էր: Հյուրասիրեցի: Իմ սովորության համաձայն, մինչև լուսանկարելը փորձում էի խոսեցնել, տնտղել նրան: Միշտ լուսանկարելուց առաջ փորձում եմ հասկանալ մարդուն, ո՞վ է, ի՞նչ է... Քիչ, շատ քիչ բան պատմեց իր մասին: «Ինչի՞դ է պետք, աղա ջան, մարդ եմ, էլի, Աստծո աչքից ընկած, Աստծո սրտում ապրող մարդ»: Փառահե˜ղ պատասխան...
Երեսն ու մինչև գոտկատեղը լվացինք ու նկարեցինք: Իսկապես, Աստծո սրտում ապրող մարդ էր: Էդպիսի մարդիկ քիչ են լինում: Էդ մարդու մեջ ես չարության ոչ մի նշույլ չտեսա...»:



