Հայտնի դարձավ, որ ավարտվել են բանակցությունները Ուկրաինայի իշխանությունների ու Մայդանի ներկայացուցիչների կողմից: Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել և Յանուկովիչը մի շարք զիջումների է դիմել: Մասնավորապես, Ուկրաինայի նախագահը համաձայնվել է չեղյալ համարել բողոքի ալիքը շիկացրած օրինագծերը և ազատ արձակել դրանք խախտելու մեջ մեղադրանքով ձերբակալվածներին:
Յացենյուկն ու Կլիչկոն էլ իրենց հերթին հրաժարվել են իրենց առաջարկված` համապատասխանաբար վարչապետի ու փոխվարչապետի պաշտոններից: Այժմ բոլորը սպասում են Ռադայի արտահերթի նիստին, որի ժամանակ քվեարկության են դնելու գործող կառավարության նկատմամբ վստահության հարցը:
Սա կարող է միայն երկու նշանակություն ունենալ. կա՛մ Յանուկովիչը չի դիմացել ճնշմանը ու զիջումների է գնացել, կա՛մ էլ սա լավ խաղարկված բեմականություն է և, ընդունելով ակնհայտորեն ոչ կենսունակ օրենքները, հիմա էլ չեղյալ են հայտարարում դրանք` այդ կերպով հույս ունենալով մեղմել բողոքի ալիքը ու շեղել հանրության ուշադրությունը ավելի առանցքային խնդիրներից:



