Գոտկատեղից ներքև կաթվածահար լինելով՝ Միսուրիից վիրաբույժ Թեդ Ռամելը շարունակում է իր գործը՝ չնայած այն բանի, որ 2010թ.ից կորցրել է քայլելու կարողությունը՝ արյամբ լցված ողնաշարի կիստայի պայթելու հետևանքով: Մեկ տարի ինտենսիվ բուժվելուց հետո բժիշկը վերադարձել է իր գործին: Ռամելը հաղթահարել է նստած աշխատելու խոչընդոտը շարժական` կանգնեցնելու հարմարությամբ անվասայլակ օգտագործելով:
Բժիշկը կարողանում է իր աշխատանքը կատարել նույն պրոֆեսիոնալությամբ ու իր ֆիզիկական ուժը պահպանելու ամեն օր վարժություներ է կատարում, ինչպես նաև հոգեկան ուժ ու աջակցություն ստանում իր նվիրված ու սիրող ընտանիքից:
Ռամելը նշել է, թե աշխատանքի վերադառնալն իր համար կյանքի փրկություն էր, ու առանձնահատուկ մի բան: Նա նշել է, որ սկզբում չէր պատկերացնում, թե ինչպես է դասավորվելու իր կյանքը, այժմ, երբ նա հաշմանդամ էր դարձել, սակայն Ռամելն ուժ է հավաքում ու առաջ շարժվում: Բժիշկը խոստովանել է, որ պայքարելու իր ուժը ստացել է ընտանիքի ու ընկերների հետ շփումից:
«Ես նորովի ճանաչեցի ընտանիքս, ու զղջացի այն ժամանակի համար, որը վատնել էի: Այն ամենն, ինչ պատահեց ինձ հետ, ստիպեց ինձ ավելի մտերմանալ ընտանիքիս հետ, քան երբևէ: Սա իսկապես ուժեղ փորձառություն էր»:
Ռամելն ընդունում է, որ կյանքում դժվար պահեր շատ են լինում, սակայն նա միշտ նայում է կյանքի պայծառ կողմին ու կենտրոնանում աշխարհում բարին գործելու վրա:
«Երբ այս ամենը պատահեց ինձ հետ, ես ունեի մասնագիտություն, լավ կրթություն, ռեսուրսներ, ընտանիք ու գործընկերներ, ովքեր աջակցում էին ինձ: Գիտեմ, որ շատերը չունեն այն ամենն, ինչ ես ունեմ ու ես այժմ պայքարում եմ, որպեսզի կարողանամ ինչ-որ բանով օգնել մյուսներին: Մի օր ես դա կանեմ»,- նշում է Ռամելը:
Այնուամենայնիվ, թերևս կարելի է նշել, որ Թեդ Ռամելն իր օրինակով արդեն իսկ շատերի համար ոգեշնչման աղբյուր է` անկախ դժվարություններից առաջ նայելու ու պայքարելու համար:











