Ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել մեր զինվորականներին և մաղթել նրանց ուժ, հաստատակամություն և բարի ծառայություն: Մեր բանակը կազմավորվեց թշնամու կողմից հրարված և պարտադրված պատերազմի կիզակետում: Սա մի քայլ էր, որը եղել և մնում է օբյեկտիվ անհրաժեշտություն մեր պետության և ազգի գոյության ու հարատևման համար: Այդ օրվանից սկսած՝ մենք մեր ամբողջ ուշադրությունը հրավիրեցինք դրա կազմավորման և կառուցվածքային կայացվածության ուղղությամբ և արդյունքում կարող ենք հպարտորեն արձանագրել, որ այս կարևորագույն կառույցը մեր ամենակայացած պետական համակարգն է: Տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել մի բանակ, որը ոչ միայն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավոր է, այլև բնավ չի զիջում աշխարհում շատ ավելի մեծ երկրների բանակներին՝ բառի ամենալայն իմաստով: Միևնույն ժամանակ չի կարելի նաև անտեսել մի շարք խնդիրներ, որոնք ծառացած են բանակի առջև և ունեն հրատապ լուծման կարիք:
Խնդիրներից մեկն, օրինակ, բանակում առկա կիսաքրեական կամ փողոցային բարքերն են, որոնք առայժմ ոչ մի կերպ չեն նահանջում (дедовщина): Այնպես չէ, որ այս խնդիրը հատուկ է հայկական բանակին, կամ էլ սկիզբ է առնում հենց բանակում, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել դրա գոյությունը: Մենք չպետք է բավարարվածություն զգանք այն մտքից, որ նման խնդիրներ առկա են նաև, ասենք, հենց նույն ԱՄՆ-ում կամ էլ Ռուսաստանում: Հուսով եմ, որ այս խնդրի լուծման հարցում այս տարի կունենաք լուրջ առաջընթաց, քանի որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ սա լինելու այս տարվա գերակա խնդիրը: Ի վերջո, մենք փոքր ազգ ենք և գտնվում ենք գուցեև պասիվ, բայց պատերազմական փուլում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ նման ճոխություն՝ առավել ևս դիրքապահ զինվորների շրջանում, որոնք, ըստ էության, պետք է լինեն մեկ ընտանիքի պես միասնական և ուժեղ, հենց միայն այն պատճառով, որ իրենք պատասխանատու են ոչ միայն իրենց, այլև մի ամբողջ ազգի անվտանգության համար:
Չեմ ցանկանա այս ուրախ տոնի առթիվ անդրադառնալ բանակի խնդիրներին առանձին-առանձին և ստվերել վերջին տարիների մեր ձեռքբերումները և, հետևաբար, ընդամենը ցանկություն կհայտնեմ, որ մեր զինվորական ղեկավարությունը ջանք ու եռանդ չխնայի, որ օր առաջ մեր ներքին կազմակերպական խնդիրները լուծվեն, որպեսզի հնարավոր լինի զսպել կամ էլ լուծել արտաքինները: Պետք է ինտեսիվ կերպով շարունակել բարեփոխումներն՝ ուղղված թե՛, ասենք, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի վերջնական և արդյունավետ ներդրման, թե՛ քաղաքացիական վերահսկողության պատշաճ մակարդակի իրականացման ուղղությամբ:
Այսօր մենք այնպիսի աշխարահաքաղաքական դիրքում ենք, որ պարզապես այլ ելք չունենք, քան մշտապես զարգանալն ու հզորանալն է, այլապես այս անգամ չենք պրծնի միայն պետականության կորստով, կամ էլ մասնակի ցեղասպանությամբ. մեզ ուղղակի իսպառ կվերացնեն: Բայց շատ չդառնացնելով առկա նյութը` ասեմ, որ նման վտանգի իրականացման նախադրյալներ դեռ չկան և չեն էլ լինի, եթե մենք շարունակենք ինտենսիվորեն զարգանալ և ուժեղանալ:
Հ.Գ. Փառք Հայոց բանակին և մեր ժողովրդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/642911582442689?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել