Վերջերս «168 ժամ» թերթը սենսացիոն հայտարարություն տարածեց՝ կապված երկրի քիմիական արդյունաբերության հսկա Նաիրիտի վերաբերյալ: Թերթի փոխանցմամբ՝ Նաիրիտը մարտի 1-ից փակվելու է: Ըստ իրենց աղբյուրների՝ անցած շաբաթ իբր գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը հանդիպել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ և հայտարարել է, թե «աշխատավարձ չուզեք, այլևս չեմ տալու»։ Մինչ այս, «Նաիրիտի» աշխատավարձը վճարվում էր «Երևան ՀԷԿ» և «Որոտան ՀԷԿ» պետական ընկերություններից վերցված փոխառություններով՝ չնայած դա հակասում է օրենքին, բայց այդ հակասությունը հարթում էր Արմեն Մովսիսյանի հրահանգը։ Այժմ Մովսիսյանը «ձեռքերը լվանում» է աշխատավարձային հոգսերից ու, կարծես, «Նաիրիտից» ընդհանրապես։ Չգիտեմ կոնկրետ, թե ինչքանով է հավաստի այս աբղյուրը, բայց եթե դա այդպես է, ուրեմն շատ վատ է:
Նաիրիտը եղել է մեր քիմիական արդյունաբերության անկյունաքարերից մեկը և Հայաստանի հպարտությունը՝ սովետական ժամանակաշրջանում: Անկախացումիչ հետո այն ևս շարունակեց աշխատել, բայց անհամեմատ ծանր արտադրողականությամբ, իսկ վերջին շրջանում այն ընդհանրապես հայտնվել էր ծայրահեղ վիճակում` կուտակելով աստղաբաշխական պարտքեր: Բայց միևնույն ժամանակ վերջին շաբաթներին հույս էր առաջացել, որ ռուսական խոշոր ընկերություններից ոմանք որոշել են ներդրումներ անել քիմիական հսկաի վերազարթոնքի համար (խոսքը մասնավորապես ռուսական Ռոսնեֆտի մասին է), սակայն, ինչպես երևում է, նույնիսկ այդ հույսերը չեն արդարացվում: Հիշեցնեմ, որ վարչապես Տիգրան Սարգսյանը իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ ՄՄ-ին անդամակցելու մեր որոշումից բխող հնարավոր արդյունքներից մեկը պետք է լիներ բազմամիլիոնանոց ներդրումը հենց Նաիրիտի լայն թոփով վերագործարկման ուղղությամբ:
Ցավալի է, որ այս բրենդը նման վախճան պետք է ունենա, բայց ավելի ցավալի է այն, որ Ռուսաստանը նույնիսկ այս հարցում է պատրաստվում մեզ «քցել»: Հայաստանը խոնարհաբար անում է Ռուսաստանի բոլոր քմահաճույքները և երբ փոխարենը փորձում է ակնկալել որոշակի «փոխհատուցում», ստանում է «երեք մատի» կոմբինացիա: Սա էլ մեր այն դառը իրականությունը, որին բախվել ենք ազգովի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/642583689142145?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել