Երբ ես դպրոցական էի, մոտ տասնհինգ-տասնվեց տարեկանում մի գրադարանի մասին կարդացի, որն ամեն տարի երկուսուկես սանտիմետր սկում էր, քանի որ ճարտարապետը նախագծելիս հաշվի չէր առել գրքերի ծանրությունը։
Այս պատմությունը կարդալուց հետո ամբողջ կյանքս փոխվեց։ Դեռ փոքր հասակից լեգոյով տներ սարքելու տարվածությանս գումարվեց աշխարհի բոլոր կառուցվելիք գրադարանների փրկության հարցը, եւ ես որոշեցի ճարտարապետ դառնալ։
Իհարկե սա շատ հուզիչ պատասխան կլիներ, երբ ինձ հարցնեին, թե ինչն ա ազդել ճարտարապետ դառնալու որոշմանս վրա (իսկ ինձ հաստատ կհարցնեին, քանի որ նման պատմություն ունեցողները միշտ հասնում են իրենց բարձր նպատակներին ու լիքը դատարկ հարցազրույցներ են տալիս), բայց ցավոք մեր տանը երկու չսիրված մասնագիտություն կար՝ բժշկություն ու պոլիտեխնիկում դասավանդվող ցանկացած բան։ Կարճ ասած՝ մամա պապա։ Ոչ մեկը խորհուրդ չէր տալիս իր ուղղով շարունակել։
Հենց նույն պատճառով էլ իմ պատմությունն ունի «մտածում էի կառավարում, մարդկային հարաբերություններ, հոգեբանություն, բայց․․․» բովանդակությունը, իսկ իմ մասնագիտությունն իրենից ներկայացնում ա մարդկանց իմ փոխարեն աշխատեցնելը։ Ես արդեն երեք տարի ինքս ինձ խաբում եմ, որ ծրագրավորող եմ դառնալու (ոչ էդքան խելոք եմ, ոչ էդքան աշխատասեր), իսկ կողքից էլ երազում եմ տանը նստել, ինչ-որ բան գրել, գրածիս դիմաց լիքը-լիքը փող ստանալ, գնալ առանձին ապրել։ Իզուր իհարկե։
Մի խոսքով ես էն գրադարանն եմ, որին նախագծել են առանց հաշվի առնելու իր նշանակությունը, մեջը լիքը ծանրություն են լցրել ու հույսեր են կապում, որ ինքն էնքան պինդ պետք ա գտնվի, որ չմտնի հատակի մեջ։ Իսկ ես կամաց-կամաց ճոճվում եմ, չեմ դիմանում, մի քիչ էլ ու սկսելու եմ գետնի տակն անցնել։
Ի դեպ գրադարանը, որի մասին ասում եմ, Herman B Wells Library ա կոչվում։ Հատակի տակ անցնելու նրա պատմությունն էլ ավելի նման ա ժողովրդի մեջ տարածված լեգենդի, քան իրականության, բայցեւայնպես, եթե ժամանակի թունելի միջով հնարավոր լիներ հաղորդագրություն ուղարկել, դպրոցական տարիքի Անահիտին անպայման խորհուրդ կտայի կառավարում ընտրելու փոխարեն ճարտարապետ դառնալ ու գրադարաններ նախագծել։



