Kinoashkharh.am-ը գրում է.
Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի հետ պայմանավորվեցինք հանդիպել հենց իր տանը: Շաբաթվա բոլոր օրերին զբաղված է. նկարահանումներ, դասախոսություններ: «Ես ի՞նչ պիտի խոսեմ իմ կինոդերերի մասին, ի՞նչ եմ արել որ, էնքան լավ-լավ դերասանուհիներ կան, նրանց մասին գրեք»,- ասաց տիկին Սոֆիկը:
Նշանակված ժամին դուրս էր եկել` ինձ դիմավորելու և իր տուն ուղեկցելու: Մինչև հասանք իր բնակարան, 10 րոպե տևեց: Նկատեցի, որ դուռը բանալիով չբացեց, ուղղակի թեթևակի հրեց: Մտանք տուն. ոչ ոք չկար: «Դուռը բա±ց էիք թողել, տիկին Սոֆիկ»,- հարցրի: «Հա, բա հո չէի կողպելու, ո՞վ պիտի մտներ որ»,- իմիջիայլոց ասաց ու ներս հրավիրեց: Փաստորեն, 10 րոպե գնալը, 10 էլ` վերադառնալը, առնվազն 20 րոպե դուռը բաց էր մնացել: «Տիկին Սոֆիկ, բա չե՞ք վախենում, որ գող-մող մտնի Ձեր տուն, գոնե ապահովության համար կողպեք»: «Այ բալես, իմ հայրական տան դուռը երբեք կողպեք ու բանալի չի տեսել. միշտ բաց, հարևանի տան բանալին էլ` մեր տան պատից կախ: Դա եմ տեսել, դա էլ` սովորել: Մեր տանը գրքերից բացի, ուրիշ բան չի եղել: Մայրս հացի փող չուներ, բայց գիրք էր գնում: Էստեղ էլ` նույնը: Ուսանողներս էլ լավ գիտեն, որ ինձ համար գրքից առավել ոչ մի նվեր գոյություն չունի: Ի՞նչ կա իմ տանը, որ գողին հետաքրքրի, գրքեր. հազիվ թե: Էս կահույքն էլ որ տեսնում եք, նոր ենք գնել, առաջ դա էլ չունեինք, ինձ պետք էլ չի եղել»,- ծիծաղելով ասաց դերասանուհին ու սեղանին դրեց նկարների ալբոմը: Դեմքն ավելի պայծառացավ. շոյեց ալբոմի էջերն ու սկսեց խոսել:
- Նկարներիս մեծ մասը մի լրագրող տարել է, որ հոդվածի մեջ տեղադրի, խոստացել է շուտ վերադարձնել: Շատ թանկ լուսանկարներ են, մասունքներ: Իմ անցյալն է` հրաշալի, երանելի: Ստեղծագործական խմբերի հետ ի¯նչ օրեր էին, ի¯նչ մարդկանց հետ եմ շփվել:
- Երբևէ փողի համար նկարահանվե՞լ եք:
- Աստված ոչ անի: Եթե առաջարկվող դերը սրտովս չեղավ, ինչ գին էլ ասեն, չեմ խաղա: Երբ իմանում են, թե ինչքան եմ ստանում իմ դերերի համար, զարմանում են` արժե՞ այդ գրոշների համար խաղալ: Բայց բանն այն է, որ 38 տարի է` կինոյում եմ ու երբեք փողի համար չեմ խաղացել: «Մեր գյուղը» սերիալն էինք նկարահանում. ապշեցի, երբ տեսա, որ դերասաններից մեկը հատուկ եկել էր իր հասանելիք գումարը ստանալու. փողից բացի, նրան ոչինչ չէր հետաքրքրում: Տեսել եմ, շատ եմ տեսել, երբ դերասանը ճիգեր է անում, որ լավ խաղա, բայց որ հենց մենակ փողի համար խաղա, ազնիվ խոսք, չէի տեսել: Այդ նույն ֆիլմի նկարահանումների ժամանակ Վանաձորի թատրոնի դերասան Վրույր Հարությունյանը հաց չկերավ, որովհետև դժգոհ էր իր խաղից: Այ, այդպիսի դերասաններ էլ կան: Տեսնո՞ւմ եք ինչքան տարբեր են: Հենրիկ Մալյանն էլ էր այդպիսին. եթե իր աշխատանքից դժգոհ լիներ, երբեք հաց չէր կտրի:
Փողն ինձ չի հետաքրքրում. խաղալ եմ ուզում: Ինչպիսին էլ լինի դերասանը, ինչքան էլ նախկինում լավ դերեր կերտած լինի, կարևորն այն է, թե հիմա որտեղ է, շարունակո՞ւմ է խաղալ, թե՞ պարապ է: Դերասանը միշտ պիտի խաղա: Ես կարող էի թատրոնում շարունակել, բայց երևի այնքան էլ խելացի չգտնվեցի, որ մնայի այնտեղ: Իմ տարիքում դերասանն իրեն լավ է զգում բեմում, այնքան լավ, որ չի ուզում բեմից իջնել: Մինչդեռ երիտասարդ ժամանակ մտածում է` երբ է ներկայացումն ավարտվելու, որ շուտ տուն փախչի:
Ոչ ոքի չեմ մեղադրում, որ այսօր թատրոնում չկամ, եթե մեղադրում էլ եմ, միայն իմ ներսում, ոչ բարձրաձայն: Հիմա էլ եմ ուզում թատրոնում խաղալ, բայց այսպես ստացվեց:
- Վերջին տարիներին նաև սերիալներում եք ընդգրկված: Էլի՞ ոչ փողի համար:
- Նույնիսկ սերիալում չեմ խաղա փողի համար: Խաղում եմ, որովհետև առանց խաղալու պարզապես չեմ կարող: Քանի որ թատրոններում էլ չկամ, երբ դերը հավանում եմ, ընդունում եմ սերիալների հրավերները: Բայց նրանք էլ գիտեն, որ չեմ նայում դրանք: Ախր 200 սերիանոց արվեստ կլինի՞: Արվեստը Փելեշյանի 8-10 րոպեանոց ֆիլմերն են, արվեստը Մհեր Մկրտչյանն է, Գալյա Նովենցը, Փարաջանովը, Մալյանի կինոն:
- Ձեր բեմական կնքահայրը Հենրիկ Մալյանն էր: Խաղաոճից բացի, վարպետը Ձեր շ
մարդկային կերպարի ձևավորման հարցում է՞լ է դեր ունեցել:
- Նա միշտ ինձ հետ է: Անընդհատ գզում եմ նրա ներկայությունը: Ինչ դեր խաղամ` նախ և առաջ նրան եմ պատասխանատու: Մտածում եմ` տեսնես Վարպետն ի՞նչ կասեր: Ուսանողներիս այնպես եմ պատմում Մալյանի մասին, որ նրանք էլ են կենդանի տեսնում Վարպետին: Ախր ես հանդիպել եմ մեծ հայի, մեծ արվեստագետի, մեծ հոգեբանի: Ես նրա երեխան եմ, նա է ծնունդ տվել իմ միջի դերասանուհուն: Ինչ էլ անեմ, չեմ կարող ուսանողներիս առաջ այնպես խոսել, ինչպես Մալյանն էր խոսում մեր կուրսում: Դա հիպնոս էր, խոսքի հիպնոս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ