Էս նոթը սկսել էի գրել ընտրություններից առաջ, էդպես էլ անավարտ մնաց: Հիմա վերջապես որոշեցի ավարտել:
Հայաստանի արտագաղթի պատճառներից մեկը լրագրողներն են: Այո, հենց լրագրողները, որովհետև նաև հենց նրանց վատ աշխատանքի պատճառով մարդիկ հեռանում են:
Ուրիշ երկիր տեղափոխվելու պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում ապագա չկա, տեղաշարժ չկա, փոփոխություն չկա: Ու սա ոչ թե կոնկրետ փաստեր են, այլ խորը հաստատված տպավորություն` սնուցված անձնական փորձի չհաջողված էպիզոդներով:
Բայց արդյոք Հայաստանում ամեն ինչ այդքան վատ է մյուս երկրների համեմատ: Իհարկե ոչ: Հայաստանում ապրելը նույնքան դժվար է, որքան Ռուսաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում և ԱՄՆ-ում: Բա էդ դեպքում որն է տարբերությունը, որ նույն կյանքը, այստեղ դառնում է “դժվար ապրուստ”, իսկ այնտեղ` “կյանք` դժվարություններով լի”:
Պատասխանը մեկն է` այնտեղ կա շանս, հույս, որ մի օր դու էլ լավ կլինես, քո գործերն էլ լավ կգնան, դու էլ լավ կապրես: Ընդ որում, լավ ապագայի ակնկալիքով, այդ մարդիկ իրենց հույսը կապում են միայն իրենք իրենց հետ, որ մի օր լավ բիզնես կդնեն, լավ գործի կանցնեն: Արտասահմանում ապրող ոչ մի հայ հույսը չի դնում պետության վրա, ինքը իր հույսը դնում է իր վրա:
Իսկ այդ դեպքում, ինչու են այստեղ, Հայաստանում, բոլորը հույսները դնում հենց պետության վրա, ու հիասթափվելով ասում “պետություն չի դառնա” ու թողնում հեռանում: Ինչու իրենց վրա հույս չեն դնում:
Գիտեք ինչու? Որովհետև չկան այդ օրինակները: Չկան իրենց վրա հույսը դրած մարդկանց հաջողակ պատմությունները, օրինակելի մարդկանց դեմքերը, այսպես կոչված role model-ներն ու success story-ները: Չկան, որովհետև լրագրողներն ալարում են իրենց շուրջը նայեն, քամակները կտրեն մամուլի ակումբներից ու պատմություններ փնտրեն: Ոչ թե ով –ինչ-ասաց-ով – ոնց –արձագանքեց-ները, այլ հենց մարդկային պատմություններ: Խոսքը ոչ թե երկիրը իդեալական ներկայացնելու մասին է, ոչ, իհարկե ոչ, այլ այս փոփոխվող միջավայրում մարդկանց գտած նոր ուղիների, նոր բիզնեսի, նոր բանաձևերը հանրային ավելի լայն լսարանին ներկայացնելու անհրաժեշտության մասին է:
Իսկ այդպիսի նորարարներ ու նոր բանաձևեր իրականում շատ կան: Այսօր, առավել քան երբևէ Հայաստանում ապրում են խելացի, տաղանդավոր, համարձակ ու ինքնաբավ, երկրի նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ: Ավելին, մարդիկ որոնք պատրաստ են պատմելու իրենց պատմությունը: Որովհետև այդ մարդկանց էլ է պետք խրախուսում, որոշակի իմաստով “ճանաչում”, իրենց բանաձևերը մյուսներին փոխանցելու շատ հասկանալի մարդկային մղում: Բայց նրանք չկան լուրերում, բացակայում են լրահոսից, դեֆիցիտ են եթերում: Արդյունքում այդ վակուումը լցնում են քաղաքական գործիչներն ու փորձագետները, ասեկոսեներն ու մի երկու շոու-բիզ դեմք:
Սա մեկ պատճառ: Երկրորդ “լրագրողական մեղքը” ամեն իրադարձություն “սովորական”, “հերթական”, “կանխատեսելի” ներկայացնելն է:
Օրինակ բերեմ ամենապարզ բաները` վերջին զանգ, ընդունելության քննություններ, հարկային տարի, Ոսկե Ծիրան: Այս բոլորը առիթներ են ոչ միայն խնդիրներից խոսելու համար, այլև այդ առիթով բացառիկ հաջողակներին, տաղանդավորներին ցույց տալու նպատակով: Միչդեռ դա էլ չկա: Ամեն ինչ սկսվում է…….”Այս տարի էլ Հայաստանում” ու ավարտվում “և ինչպես միշտ, կշարունակվի հաջորդ տարի”:
Գուցե այս նոթը շատերին թվա արտառոց չափազանցություն: Բայց չէ որ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր էլ մտածում, որ սերիալները իսկապես վնասկարար են նոր սերնդին: Այսօր այն դարձել է աքսիոմատիկ ճշմարտություն: Հետևաբար, մինչև այս տեսությունն էլ դառնա աքսիոմա, գուցե պետք է բարձրացնել լրագրողական աշխատանքի որակը, որ մարդկանց մոտ դատապարտվածության զգացում չլինի, լճացման տպավորություն չստեղծվի: Չէ որ կյանքը շարունակվում է, ու հենց Հայաստանում այն լիքն է այնպիսի հարուստ իրադարձություններով, որակական փոփոխություններով, տեղաշարժերով, որոնք և լավն են և վատը, որ արժի դրանց մասին խոսել: Երբ ընթերցողը, հեռուստադիտողը իներցիայից կանցնի հետաքրքրությամբ լուրերին ծանոթանալուց, այդ ժամանակ նրանք կսպասեն նոր պատմությունների, իսկ նոր պատմությունների սպասումը արդեն հետաքրքրություն է` լուրերի, հերոսների ու երկրի նկատմամբ:
Չգիտեմ, գուցե արտագաղթի պատճառները փնտրում եմ ամենուր, բացի ամենագլխավորից` մարդիկ գործ չունեն և հեռանում են: Բայց կարծում եմ սա էլ կարող է լինել այդ պատճառներից մեկը:
Հ.Գ. Մենակ չասեք “դե արեք Արմնյուզում”: Էլի անում ենք, ու դեռ կանենք, բայց դե պիտի խոսվի սրա մասին, թե չէ: