downloadKinoashkharh.am-ը գրում է.

- Հայկական կինոյի դժվարությունները տեղայի՞ն են, թե՞ համաշխարհային կինոյից եկող ազդեցությունն ու հետևանքն են:

- Կան ևʹ համաշխարհային կինոյից եկող համընդհանուր, ևʹ տեղային խնդիրներ, որոնք առնչվում են ոչ միայն կինոյին, այլև արվեստին ընդհանրապես: Կարծում եմ` կարևոր խնդիրները համամարդկային են, քանի որ անցնում է, ասենք, 50 տարի, և տեսնում ես, որ տեղային խնդիրները կորչում են, իսկ ընդհանուր, համամարդկային խնդիրները` մնում: Ժամանակի հետ հստակվում է, թե որ ժամանակաշրջանում ինչ խնդիրների առաջ են արվեստը և հենց կինոն կանգնած եղել:

- Դժվարություններով հանդերձ ստեղծվում են հայկական ֆիլմեր, բայց մեծ մասամբ հասանելի չեն կինոդիտողին:  

- Խնդիրն այն է, որ կինոն իր զարգացման ընթացքում նոր փուլ մտավ. եթե 50-70  տարի առաջ կինոյի կառուցվածքային, գեղագիտական, ոճային և ընդհանրապես նրա տեսակը այնպիսին էր, որ փոքր երկրները կարող էին մասնակցել համաշխարհային կինոպրոցեսներին, ապա այսօր դա շատ դժվար, անգամ անհնար է: Այս երկու դարերի բախման կետից սկսվում է մի նոր փուլ, որում կինոն ավելի կոմերցիոն է դառնում, արվեստն ընդհանրապես մտնում է ապրանք հասկացության մեջ: Այս պրոցեսը միշտ կար, բայց արդեն կտրուկ ձևափոխվում է, և մասնակցել ու մրցել համաշխարհային կինոպրոցեսում դժվար է, ավելի ճիշտ` անհնար:  Պետք է մտածենք ու հասկանանք, թե այդ տեխնիկական հնարքը, որ 100 տարի առաջ ստեղծվել ու կինո է կոչվել, ինչպես կարող ենք օգտագործել, որպեսզի մեզ արտահայտենք: Մեծ էկրանի համար այլևս չենք կարող աշխատել: Պատրանք է դարձել: Իսկ կինոյի հանդեպ հետաքրքրությունը բավարարվում է մեծ կինոարտադրողների առաջարկածով:

Ուրեմն ազգային կինոն վերջնագծի±ն է հասել և ապագա չունի՞:

- Չի կարելի այդպես ասել, չնայած գլոբալիզացիան հենց այդ ուղիով է տանում: Բոլորս նույն ինֆորմացիան ենք ստանում, նույն միջոցները. համացանցն ենք օգտագործում, էլ ի՞նչ կինոթատրոն: Ատոմ Էգոյանը մի առիթով, իմ կարծիքով, խելքին մոտ բան ասաց. «Կգա ժամանակ, որ կինոթատրոնը օպերայի նման կլինի մի ունիկալ տեղ»: Այսինքն` ամեն մայրաքաղաք, ինչպես այսօր ունի մի օպերային թատրոն, նույն կերպ էլ կունենա մի շքեղ կինոթատրոն: Ինձ թվում է` Երևանը դրան բոլորից շուտ է հասել. ունենք մի Հայաստան, մի «Մոսկվա» կինոթատրոն:  Կարծում եմ` սա բնական պրոցես է, էդպես էլ պիտի լինի, որովհետև կինոն իր ֆորմատով փոխվում է: Ուզենք, թե չուզենք, թվային տեխնիկան, համացանցը մտնում են մեր կյանք և վաղը, մյուս օրը համատարած կդառնան, ու կինոթատրոնի կինոն կդառնա կարևոր մշակութային, բայց թանգարանային մի բան: Էս ուղղությամբ է պետք մտածել հասկանալու համար, թե  ազգային կինոն ոնց կարելի է պահպանել: Իսկ դա հնարավոր է ոչ թե մեծ երկրների կինոարտադրանքը ընդօրինակելով, այլ միանգամից այդ թվային համակարգին անցնելով:

- Հայկական կինոյի թերացումները հիմնականում բարդում են ֆինանսական հնարավորությունների և դպրոցի, եթե չասենք բացակայության, ապա հաստատ թուլության վրա:

- Միանգամից ասեմ` արվեստում ֆինանսական պրոբլեմներ գոյություն չունեն: Դա հորինված բան է: Ողորմածիկ Փարաջանովն ասում էր. ՙՓայտե տեսախցիկով էլ կարելի է հանճարեղ կինո նկարել՚: Թե° տեխնիկայի, թե° փողի խնդիր գոյություն չունի: Գոյություն ունի գաղափարի, մտքի, ասելիքի ճգնաժամ: Եթե մարդ ասելիք ունի, միտք ունի, ինչպես ասում են` տաշած քարը գետնին չի մնա, կարտահայտվի, փողն էլ կգա: Լավ նախագծեր  ներկայացրեք, էնքան փող տվող կա, բայց հենց էդ գաղափարը չկա, ասելիքը չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել